Ի՞նչ վտանգներ է պարունակում Փաշինյանի այս հայտարարությունը.Փաշինյանն իր ձին հեծնած, թուրը ճոճելով գնում է Ռուսաստանի հետ բախման․ Վրթանեսյան
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն անցկացվելու, և դա պայմանավորեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ պետություններին։
Ի՞նչ վտանգներ է պարունակում Փաշինյանի այս հայտարարությունը․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
Վերջինիս դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ ուղիղ բախման։
Դիտարկմանը, որ Փաշինյանն այս ամենը հիմնավորում է Լաչինի միջանցքում ստեղծված պայմաններում ՌԴ-ի գործողությունների «ոչ բավարար» լինելով, Կարեն Վրթանեսյանն արձագանքեց․
«Ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանն է Լաչինի միջանցքով տեղափոխվող քաղաքացիների անվտանգության երաշխավորը։ Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ռուս խաղաղապահները պետք է վերահսկում իրականացնեն այդ հատվածում։ Դա շատ անորոշ, լղոզված ձևակերպում է, որի խնդրահարույց լինելը դեռ հայտարարության հրապարակումից ժամեր անց են մասնագետները նշել։ Ցանկացած խաղաղապահ առաքելություն պետք է ունենա գործողությունների մանդատ, որը տալիս են երկու կողմերը»,- ասաց Վրթանեսյանը։
Ըստ նրա՝ այս դեպքում ոչ մի Նիկոլ Փաշինյան կամ Արմեն Գրիգորյան չեն կարող տեղից վեր կենալ ու ասել, որ իրենք չգիտեն, թե սա ո՞նց եղավ, քանի որ, ի սկզբանե, այս խնդիրներն արդեն եռակողմ հայտարարության մեջ ծրագրված էին։
«Իսկ ներկա ժամանակահատվածում դա ուղղակի պատրվակ են դարձնում այս իշխանություններն ու մեզ տանում ՌԴ-ի հետ ուղիղ բախման։ Այս կուրսն, իրականում, նկատելի էր դեռ 2018-ին, երբ ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսվեց։ Եվ այդտեղ շեշտված էր, որ Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է»,- ասաց Վրթանեսյանը։
Թե ինչո՞ւ է դա արվում մեր իշխանության կողմից, հստակ չէ, հնարավոր է, որ Փաշինյանն այս ամենն անում է Թուրքիայի կամ Արևմուտքի հետ ինչ-որ պայմանավորվածություններից ելնելով։
«Ակնհայտ է, որ Փաշինյանի գործողություններն այս պահին չեն բխում Հայաստանի շահերից։ Նա իր ձին հեծնած, թուրը ճոճելով գնում է բախման, տանում է Հայաստանը բախման։ Թե դա ինչով կվերջանա, ցավոք, անգամ չեմ ուզում նշել»,- ամփոփեց խոսքը ռազմական փորձագետը։