Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 մար 2023 13:59

Իրանն է դարձել Սյունիքի անվտանգության հիմնական պահապանը. Արևմտյան շատ դիտորդներ չեն բացառում, որ Սյունիքի շուրջ կարող է բախում լինել Իրանի և Ադրբեջանի միջև

Վերջին լարվածությունները տարածաշրջանում հիմնականում պայմանավորված են Ադրբեջանի ցանկության հետ, գրավել հայկական Սյունիքը: Հասկանալի պատճառով, Բաքվի այդ մտադրությանը դեմ է հանդես գալիս Իրանը:


Այսօր, կարելի է ասել, Իրանն է դարձել հայկական Սյունիքի անվտանգության հիմնական պահապանը:


Իսկ եթե Սյունիքը նվաճվեր Ադրբեջանի կողմից, ապա մնացած Հայաստանի գոյության հարցը կհայտնվեր կասկածի տակ: Քանզի, Հայաստանն առանց Սյունիքի այլևս ոչ մեկին հետաքրքիր չի լինի: Իսկ դրանից հետո, Երևանի, Գյումրիի, Վանաձորի և այլ հայկական քաղաքների բնակիչների էվակուացիայի խնդիրը կդառնար օրակարգային:


Նիկոլ Փաշինյանի իշխանության կործանարար հետևանքները դեռ մինչև վերջ քչերն են գիտակցում: Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավից գոմի հոտ է գալիս: Ավանդաբար հայ քաղաքական գործիչները մեր ողջ պատմության մեջ առավելապես գավառական պատկերացումներով են աչքի ընկել: Որի մասին արձանագրել են ժամանակին թե՛ Գարեգին Նժդեհն, և թե՛ Հովհաննես Քաջազնունին:


Այսօր Հայաստանում, գրեթե նույն իրավիճակն է տիրում:


Երկիրը բառի բուն իմաստով կանգնած է լինել-չլինելու առջև: Բարեբախտաբար դեռ աշխարհաքաղաքական գործոնները թույլ չեն տալիս, որ Ադրբեջանը լիովին իրականացնի իր նվաճողական ծրագիրը:


Շատ արևմտյան դիտորդներ նույնիսկ չեն բացառում, որ հայկական Սյունիքի շուրջ կարող է բախում լինել Իրանի և Ադրբեջանի միջև:


Իսկ այդ վերջին գործոնի վրա ակտիվորեն ազդում է նաև Իսրայելը:


Բարեբախտաբար այդ երկրում այս օրերին մեծ հանրային ցնցումներ են տեղի ունենում:


Ո՞րն է այդ ցնցումների իրական պատճառները


Բանն այն, որ Իսրայելը աշխարհի այն եզակի երկրներից է, ով չունի Սահմանադրություն: Այսինքն, այդ երկիրը ապրում է առանց Հիմնական օրենքի: Դրա փոխարեն, որպեսզի իշխանությունների տարանջատման սկզբունքը չխախտվի, այդ երկրի Գերագույն դատարանին տրվել է մեծ լիազորություններ: ԳԴ-ը կատարում է Սահմանադրական դատարանի դեր, բայց մի փոքր ավելի մեծ լիազորություններով, քանի որ այդ երկրում չկա Սահմանադրություն:


Եվ, ահա, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխանությունը ուզում է սահմանափակել ԳԴ-ի դերը այդ երկրում:


Հիմնավորումն այն է, որ ԳԴ-ը Իսրայելում ունի ավելի մեծ դեր, քան մնացած զարգացած երկրներում:


Մասնավորապես, իշխանությունն առաջարկում է փոխել դատավորներ նշանակող հանձնաժողովի կազմը՝ դրան ավելացնել գործադիր և օրենսդիր թեւերի ներկայացուցիչներ և, համապատասխանաբար, կրճատել դատական իշխանության ներկայացուցիչների թիվը։ Այսօր հանձնաժողովի ինը տեղերից հինգը իրավաբաններ ու դատավորներ են, երկուսը` Կնեսետի անդամներ, երկուսը` նախարարներ: Եթե​​ բարեփոխումն ընդունվի, հանձնաժողովի կազմը ինը անդամից կհասնի տասնմեկ անդամի, որոնցից ութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կներկայացնեն Կնեսետի շահերը։


Երկրորդ՝ առաջարկվում է սահմանափակել դատական ​​վերանայման հնարավորությունները, այսինքն՝ դատարանի հնարավորությունը՝ վերանայելու և չեղյալ համարելու խորհրդարանի կողմից առաջարկված օրենքները։


Երրորդ, եթե բարեփոխումն իրականացվի, Կնեսետը հնարավորություն կունենա փոխել և նույնիսկ չեղարկել Գերագույն դատարանի որոշումները։ Դրա համար բավական կլինի խորհրդարանի ձայների պարզ մեծամասնությունը։


Չորրորդ՝ փոխվելու է նախարարությունների, այսպես կոչված, իրավախորհրդատուների կարգավիճակը։ Գերատեսչությունների ղեկավարներն իրենք կկարողանան նշանակել ու հեռացնել նրանց, իսկ նրանց առաջարկներն այլեւս պարտադիր չեն լինելու։


Վերջապես, հինգերորդը, դատարանը սահմանափակվելու է կառավարության որոշումները վերանայելու իր հնարավորություններով՝ բարեփոխման հեղինակների կարծիքով, այնպիսի սուբյեկտիվ չափանիշով, ինչպիսին է «ողջամտությունը»։ 


Նեթանյահուի կողմնակիցները վկայակոչում են նաև միջազգային փորձը՝ մատնանշելով, որ զարգացած 36 երկրներից 24-ում դատավորների նշանակումը զուտ ժողովրդի ընտրված ներկայացուցիչների իրավասությունն է:


Նեթանյահուի հակառակորդները պնդում են, որ վերը նշված երկրներում գործում են Սահմանադրություններ, որոնք իրենց հերթին արդեն սահմանափակում են գործադիր իշխանության իրավասությունները: Ըստ նրանց, եթե Նեթանյահուի ծրագրերը կյանքի կոչվեն, ապա այդ երկրում կաշառք վերձնելու խնդիրը կդառնա չափազանց հեշտ գործ:


Ավելին, նրա հակառակորդները նշում են Նեթանյահուի անձնական շահագրգռվածությունը նաև այն հանգամանքով է պայմանավորված, որ հենց Գերագույն դատարանի որոշմամբ, նա հեռացվեց իշխանությունից և մինչ այսօր անցնում է կոռուպցիոն մի քանի սկանդալային գործերով:


Իսկ երեկ Նեթանյահուի ծրագրերից հրաժարվելու կոչ արեց նրա պաշտպանության նախարարը, որի դիմաց Իսրայելի վարչապետը անմիջապես նրան հեռացրեց իր պաշտոնից:


Օրեր առաջ այդ երկրի մայրաքաղաքում՝  Նեթանյահուի դեմ հանրահավաքում՝ մասնակցում էր ավելի քան 500 000 մարդ, ինչը ռեկորդային էր այդ երկրի պատմության մեջ:


Ակնհայտ է, որ Նեթանյահուն չի կարողանա կյանքի կոչել իր դատաիրավական բարեփոխման ծրագիրը:


Մյուս կողմից անցած տարվա նոյեմբերին անցկացված արտահերթ ընտրություններում, նա կրկին հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ այդ երկրի հանրությունն ու քաղաքական դաշտը բաժանված է ուղիղ երկու մասի:


Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդ երկիրը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, և ուրեմն դժվար թե կարողանա ակտիվ արտաքին քաղաքականություն վարել և առավել ևս ռազմական գործողությունների մեջ մտնել մեր տարածաշրջանում:


Իսկ դա նշանակում է, որ Իրանի դեմ ռազմական ճնշումները հետաձգվում են: Ու թեև վերջին օրերին Սիրիայում իրար բախվեցին ամերիկյան ուժերն ու իրանցի պրոքսի խմբերը, դժվար թե դրանից հետո Իրանի վրա լուրջ զինված հարձակում գրանցվի:


Այս ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը դժվար թե հարձակում իրականացնի Սյունիքի ուղղությամբ:


Բայց այս զինադադարը կրելու է ժամանակավոր բնույթ: Եվ քանի դեռ Հայաստանի ղեկին են գտնվում այս «փողոցայինները», մեր երկրի գլխին միշտ էլ կանգնած է լինելու վտանգը:


Եվ քանի դեռ մենք չենք չեզոքացրել այդ վտանգը, Հայաստանի, որպես պետություն լինել-չլինելու հարցը շարունակելու է օդում կախված մնալ:


Սա´ է իրականությունը
zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր