Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

26 ապր 2023 16:55

Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումը իրականացվել է Արցախի իշխանությունների հանցավոր իմացությամբ

«Ես անձերի հետ որևէ տեսակի հույս չեմ կապում։ Անձերի հետ հույսեր կապում են Արցախի իշխանությունները և դրանով մոլորեցնում հանրությանը, այսինքն՝ սպասում փրկիչների հայտնությանը։ Այդպիսով՝ կեղծ լավատեսության շղարշ ստեղծելով, վտանգավոր թմբիրի մեջ են գցում առանց այն էլ ծայրահեղ վատ վիճակում գտնվող Արցախի ժողովրդին»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեից Արցախ ժամանած խաղաղապահ զորամիավորման նոր հրամանատարի թեմային։

Հիշեցնենք՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որն արդեն ժամանել է Արցախ։
Արցախի Ազգային ժողովի պատգամավորը նկատում է՝ մեծ հույսեր չի կապում Վոլկովին փոխարինելու եկած նոր հրամանատարի նշանակման հետ. «Չեմ կարծում, թե խաղաղապահ զորամիավորման նոր հրամանատարին կամ զորախմբին հաջողվելու է հանել Ադրբեջանի կողմից նոր տեղադրված անցակետի հեռացմանը։ Ոչ թե այն պատճառով, թե ռուսական կողմը թույլ է կամ պատշաճ կերպով չի իրականացնում իր վրա դրված գործառույթները։ Նման բան չկա, դրանք կեղծ թեզեր են, որ դաշտ են նետվում հենց Արցախի իշխանությունների կողմից՝ իրենց վրայից մեղքի բաժինը թոթափելու համար։ Մյուս կողմից՝ այդպիսի լուրեր տարածելով, նրանք արդարացնում են իրենց հանցավոր անգործությունը կամ անմիջական մասնակցությունն Արցախի հանձնմանը»,- ասում է պատգամավորը։
Բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի շուրջ՝ սկսած Թաղավարդի, այնուհետև նաև Փառուխի և Քրագլխի, ինչպես նաև՝ Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի առնչությամբ, այս բոլորն, ըստ Մետաքսե Հակոբյանի, բացարձակապես, որևէ կապ և աղերս չունեն հումանիտար առաքելություն իրականացնող գործառույթների հետ. «Սրանք բոլորը խիստ խորը քաղաքական գործողությունների արդյունքում միայն կարող են հանգուցալուծվել և դա այն իրավիճակում, երբ, մոտավորապես, մեկ տարի առաջ ադրբեջանական կողմը, կարելի է ասել, իսպառ չեղարկեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ փաստաթուղթը։ Այս առումով՝ ակնկալել հումանիտար և անվտանգային գործառույթ իրականացնող ռուս խաղաղապահներից իրավիճակի կտրուկ փոփոխություն, ուղղակի, իրատեսական չէ, ես կասեի, նույնիսկ, մեղադրական և մոլորեցնող թեզ, որով այդպիսի թեզեր տարածողները արհեստական ատելություն են գեներացնում ռուսական կողմի նկատմամբ։ Իրականությունն այն է, որ Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի այսօր իր անցկացրած ամեն օրվա և պայքարի համար պարտական է, հենց ռուս խաղաղպահներին»։
Պատգամավորը հավելում է՝ երեկ Արցախի իշխանությունները «հերոսաբար» նշել են, իբր իրենց հաջողվել է հաղթահարել հումանիտար բեռների ներկրումը դեպի Արցախ. «Սրանից կարելի է հետևություն անել, որ հենց Արցախի իշխանությունների հանցավոր իմացությամբ է Հակարի կամրջի մոտ տեղադրվել ադրբեջանական անցակետը, որովհետև իրենք այնպիսի հանգստությամբ ընդունեցին այդ լուրը, որ կարծես, իրենց համար դա նորություն կամ անակնկալ չէր։ Դրանից հետո նրանք նույն հանգստությամբ մի կողմ քաշվեցին և հիմա իրենց գլխավոր գերխնդիրն ու գործառույթը միայն հումանիտար բեռների ներկրումն է դեպի Արցախ, ուրիշ որևէ այլ հարց իրենք չունեն լուծելու։ Արցախի ողջ իշխանությունը հիմա լծված է միայն այդ հարցի լուծմանը, այն պարագայում, երբ այդ գործն իրենք նույնպես տապալել են։ Արցախում, այսօրվա դրությամբ, մարդկանց սոցիալական վիճակը անասելի սարսափելի է։ Պետնախարարի պոպուլիստական հայտարարությունները, թե ինքն իր աշխատավարձի կեսը փոխանցում է սոիալական հարցերի լուծման ուղղությամբ և նախագահն էլ, իբր միանում է այդ նախաձեռնությանը, ընդամենը կոծկելու նպատակ են հետապնդում այն քաոսային իրավիճակը, որ տիրում է երկրի ներսում»,- ամփոփելով զրույցն, ասում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր