Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

18 մայիս 2023 14:20

Տեխնոլոգիական զարգացմամբ աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի են ունենում գլխապտույտ արագությամբ.Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում․ռուսական կողմի վիճակն այնքան էլ բարվոք չէ

Աշխարհաքաղաքական փոփոխությունները ներկայում տեղի են ունենում գլխապտույտ արագությամբ, ինչը պայմանավորված է հիմնականում տեխնոլոգիական զարգացմամբ։ Իրավիճակը կարող է փոխվել ոչ միայն ամիսների, այլև նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում։ Այդ է պատճառը, որ փորձագետները որևէ միջազգային երևույթի գնահատական տալու հարցում միաժամանակ դիտարկում են հնարավոր զարգացումների մի քանի սեցնարներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ ախտորոշել առկա իրավիճակը։ Իրերի դրությունը հասկանալը հնարավորություն է տալիս նաև պրոյեկտել զարգացումների հնարավոր ուղղությունները՝ իհարկե, հաշվի առնելով նաև անսպասելիության որոշակի գործոններ։


Այս հանգամանքը շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական նոր երկընտրանքի, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ պետականության կորստի վտանգի առաջ։ Ներկա պայմաններում աշխարհաքաղաքական ուժերի դասավորությունը մեծապես կախված է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքից։ Արևմուտքը ուկրաինական կողմին շարունակաբար զինում է՝ նախապատրաստելով հակահարձակման։ Կարծիք կա նաև, որ Արևմուտքին ձեռնտու չէ ո՛չ ուկրաինական կողմի վճռական հաղթանակը, ո՛չ էլ ռուսական կողմի հաջողությունները, այլ հակամարտության միջոցով հիմնականում Ռուսաստանին թուլացնելու խնդիր է լուծվում, ինչի մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։


Իսկ ռուսական կողմի վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ նրանց առաջխաղացումը կանգնեցվել է։ Եվ այս հանգամանքն էականորեն բարդացնում է Ռուսաստանի արտաքին ակտիվությունը նաև այլ ուղղություններով։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների ուշադրության կենտրոնում Թուրքիայի ընտրություններն են։ Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքին հաջողվեց հաղթանակ տանել, իսկ նախագահի անունն արդեն պարզ կդառնա մայիսի 28-ին նախատեսվող ընտրությունների երկրորդ փուլում։ Ընդ որում, փորձագետներն ավելի բարձր են գնահատում Էրդողանի վերընտրվելու շանսերը, քանի որ նա տիրապետում է իշխանական լծակների ու խաղադրույք է կատարում ազգայնականության կրակը բորբոքելու վրա։ Էրդողանի հաղթանակը կարող է նշանակել Թուրքիայի ամբիցիոզ ու ագրեսիվ արտաքին քաղաքականության շարունակություն, երբ այդ երկիրը փորձելու է իր հավակնություններն առաջ տանել այլ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի հաշվին։


Իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է հաջողություն ունենալ այն դեպքում, եթե Արևմուտքը նրա աջակցությանն ուղղված կոնկրետ ծրագրերով ներգործություն ունենա ընտրությունների վրա։ Մյուս կողմից էլ՝ Եվրամիությունն է իր ջանքերն ակտիվացրել Հարավային Կովկասի ուղղությամբ։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են հենց Բրյուսելի միջնորդությամբ։ Բայց ԵՄ-ի խնդիրը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը և այնպիսի պայմանների ստեղծումը, որ էներգակիրներն անխոչընդոտ Ադրբեջանից հոսեն դեպի Եվրոպա։ Այլ կերպ ասած՝ Հայաստան ժամանած ԵՄ դիտորդների խնդիրն այնքան էլ միջադեպերի կանխումը չէ, ինչպես ներկայացվում է։ Պատահական չէ, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանը Սոթքի ուղղությամբ տեղի ունեցած լարվածության հետ կապված հայտարարում է. «Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում՝ նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում»։


Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ եթե Հարավային Կովկասում Ռուսաստանն անմիջական ներկայություն ունի, և այն դիտվում է ռուսական կենսական շահերի գոտի, ապա ԵՄ-ի համար այս տարածաշրջանը ածանցյալ նշանակություն ունի։ Չպետք է անտեսել նաև Իրանի գործոնը։ Մի շարք հարցերում Թեհրանը կոնկրետ կարմիր գծեր ունի, որոնց մասին հստակ բարձրաձայնում է։ Օրինակ՝ Իրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ու հայիրանական սահմանը կտրելու քայլերին, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար ծրագրերի մեջ են մտնում։ Այս տեսանկյունից Իրանին ձեռնտու է Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը, որի ներկայացրած քարտեզի համաձայն՝ Թուրքիան Չինաստանին կապող ճանապարհը պետք է անցնի Իրանի տարածքով։


Չպետք է անտեսել նաև Չինաստանի գործոնը, քանի որ Պեկինը Մերձավոր Արևելքում դարձել է կարևոր դերակատար ու կարողանում է տարբեր հակամարտող կողմերի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դերակատարություն ստանձնել ու հաջողությունների հասնել, ինչպես, օրինակ՝ Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորման գործընթացն էր։ Քանի որ Չինաստանը Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ մրցակցության մեջ է, բնականաբար, շահագրգռված չի լինի, որ Հարավային Կովկասում աճի արևմտյան ազդեցությունը։ Ըստ էության, պետք է նկատի ունենալ, որ միջազգային հարաբերություններում ընդդեմ Արևմուտքի գործելու է Ռուսաստան-Իրան-Չինաստան փոխգործակցության սխեման։






«Փաստ» 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր