Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...          Տեսանյութ.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին       «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար    

13 սեպ 2023 17:35

Ռուսաստանն այժմ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ԱՄՆ-ն ու Եվրոպան

Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը՝ իր հրթիռների արտադրությունը վերադարձնելով նախապատերազմական մակարդակին: Ինչպես գրել է New York Times-ն իր հոդվածում, այս մասին պարբերականի հետ զրույցում ասել են ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները:


Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի սկզբում առնվազն վեց ամիս ստիպված է եղել կտրուկ դանդաղեցնել հրթիռների և այլ զինատեսակների արտադրությունը։ Բայց 2022 թվականի վերջում Մոսկվայի ռազմարդյունաբերական արտադրությունը նորից սկսել է արագանալ, հաստատել են անանունության պայմանով տեղեկություններ փոխանցած ամերիկացի պաշտոնյաները:


«Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից սահմանված արտահանման հսկողությունը խափանել է՝ օգտագործելով իր հետախուզական ծառայությունները և պաշտպանության նախարարությունը ու կազմակերպելով մարդկանց ապօրինի խմբեր, որոնք մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են հիմնական բաղադրիչները՝ դրանք արտահանելով այլ երկրներ, որտեղից դրանք կարող են ավելի հեշտ մատակարարվել Ռուսաստան:


Պատերազմի սկսվելուց հետո մեկ տարուց էլ քիչ ժամանակում Ռուսաստանը վերակառուցել է կարևորագույն բաղադրիչների առևտուրը՝ դրանք ուղղորդելով Հայաստանի և Թուրքիայի նման երկրների միջով: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կարգավորիչ մարմինները փորձել են համագործակցել՝ սահմանափակելու չիպերի արտահանումը Ռուսաստան, սակայն դժվարացել են դադարեցնել բաղադրիչների հոսքը Մոսկվայի հետ կապեր ունեցող երկրների միջով», - ասվում է հոդվածում:


Նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգները միջազգային պաշտոնյաներին հավաքել է Վաշինգտոնում՝ փորձելով ուժեղացնել Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցները: Այն ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կարծիք էին հայտնել, որ պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը մասամբ գործում են, քանի որ դրանք հետ էին պահում երկրներին միկրոչիպեր, տպատախտակներ, համակարգչային պրոցեսորներ և ճշգրիտ կառավարվող սպառազինության, ինչպես նաև դիզելային շարժիչների, ուղղաթիռների և տանկերի համար անհրաժեշտ բաղադրիչները Ռուսաստան ուղարկելուց: Բայց այժմ Ռուսաստանն արագ հարմարվել է ստեղծված իրավիճակին՝ սեփական ջանքերով ապահովելու անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումը:


«Այսօր ռուսական իշխանությունները վերակառուցել են իրենց տնտեսությունը, որպեսզի կենտրոնանան պաշտպանական արտադրության վրա: Վառելիքի բարձր գներից ստացված եկամուտներով՝ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները և պաշտպանության նախարարությունը կարողացել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել միկրոէլեկտրոնիկա և արևմտյան այլ բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են թևավոր հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինատեսակների համար: Արդյունքում, ռազմական արտադրությունը ոչ միայն վերականգնվել է, այլև աճել: Արևմտյան մի պաշտոնյա, որը ներկայացնում է պաշտպանական ոլորտը, նշել է, որ պատերազմից առաջ Ռուսաստանը կարող էր տարեկան 100 տանկ արտադրել. հիմա արտադրում է 200 հատ։


Արևմտյան պաշտոնյաները նաև կարծում են, որ Ռուսաստանը պատրաստվում է տարեկան երկու միլիոն արկ արտադրել, ինչը երկու անգամ գերազանցում է ի սկզբանե արևմտյան հետախուզական ծառայությունների գնահատականն առ այն, թե քանի արկ կարող էր արտադրել Ռուսաստանը նախքան պատերազմը:


Արդյունքում Ռուսաստանն այժմ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ԱՄՆ-ն ու Եվրոպան: Ընդհանուր առմամբ, Էստոնիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Կուստի Սալմը գնահատել է, որ Ռուսաստանի ներկայիս զինամթերքի արտադրությունը յոթ անգամ ավելի է, քան Արևմուտքինը:


Ընդ որում, Ռուսաստանի արտադրության ծախսերը շատ ավելի ցածր են, քան Արևմուտքինը, մասամբ այն պատճառով, որ Մոսկվան զոհաբերում է անվտանգությունն ու որակը՝ ավելի էժան զենք ստեղծելու իր ջանքերում, նշել է Սալմը: Օրինակ՝ արևմտյան երկրին 5000-ից 6000 դոլար է արժենում 155 միլիմետրանոց հրետանային արկի պատրաստումը, մինչդեռ Ռուսաստանը մոտ 600 դոլար է ծախսում 152 միլիմետրանոց հրետանային արկ արտադրելու համար, ասել է նա։


Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Արևմուտքը կարող է դանդաղեցնել գործընթացը, բայց չի կարող խանգարել Ռուսաստանին մաքսանենգ ճանապարհով հրթիռների արտադրության համար անհրաժեշտ մասերի տեղափոխմանը: 


Ներկայումս ԱՄՆ-ն և Եվրամիությունն ունեն 38 տարբեր կատեգորիաների ապրանքների միասնական ցուցակ, որոնց արտահանումը Ռուսաստան սահմանափակված է։


Եվ չնայած Մոսկվան հաջողության է հասել մաքսանենգ պրոցեսորների և տպատախտակների տեղափոխման հարցում, սակայն բախվում է հրթիռային վառելիքի և հիմնական պայթուցիկ նյութերի պակասի, նշել են ամերիկացի պաշտոնյաները: Այդ պակասը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի Մոսկվային, եթե նա փորձի ուժեղացնել զինամթերքի, հրթիռի կամ ռումբի հետագա արտադրությունը», - ասվում է հոդվածում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր