Աննախադեպ բան Ադրբեջանի նկատմամբ, սակայն դեռևս սանկցիա չէ.հաճելի է լսել, բայցև պետք է կարողանանք տարանջատել հաճելին օգտակարից
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից, ինչ-որ չափով աննախադեպ բան է Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականության տրամաբանության մեջ:
«Դա ես պայմանավորում եմ և՛ Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ վարած արտաքին քաղաքականությամբ, և՛ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու փաստով, և՛ ներքաղաքական իրավիճակի, այսինքն՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոտնահարումների և այլնի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քոչինյանը:
Ըստ քաղաքագետի՝ այս իմաստով կարևոր է արձանագրել երկու բան. «Նախ, սա դեռևս սանկցիա չէ, սա դեռևս այն խնդիրները չեն, որոնք Ադրբեջանը պետք է ունենա Հայաստանի վրա իր հարձակումների, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներ իրականացնելու տրամաբանության մեջ: Սրանք այն հետևանքները չեն, որոնք պետք է լինեն, և երկրորդը՝ սրան զուգահեռ մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, թե ինչպիսին է համագործակցության օրակարգը Հայաստանի հետ, որովհետև, իհարկե, ցանկացած հայաստանցու համար շատ հաճելի է, երբ Ադրբեջանին պատժում են, ձայնի իրավունքից զրկում, բայց պետք է կարողանանք տարանջատել հաճելին օգտակարից»,- կարծում է Քոչինյանը:
Հարցադրմանը՝ իսկ որո՞նք կլինեն Ադրբեջանի համար լուրջ հետևանքներ, զրուցակիցը նկատում է՝ դրանք շատ կոնկրետ են:
«Շատ կոնկրետ մարդկանց նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն, ինչպես որ դա եղել է Սրեբրենիցայում: Ըստ էության՝ տեղի է ունեցել մարդկության դեմ հանցագործություն, և շատ կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվության կանչվեն: Երկրորդը՝ Ադրբեջանի նկատմամբ էլ, որպես պետության, պետք է առանձին տնտեսական սանկցիաներ կիրառվեն, քանի դեռ Ադրբեջանը չի լքել ՀՀ ինքնիշխան տարածքը»,- ասում է նա:
Ըստ Քոչինյանի՝ Եվրոպական խորհրդարանի պարագայում նկատելի է որոշակի քաղաքականության փոփոխություն, ինչը փաստացի նկատելի է դառնում նաև խորհրդարանական վեհաժողովում:
«Ադրբեջանը չի գնում բանակցությունների արևմտյան հարթակներում, կոնստրուկտիվ քաղաքականություն չի վարում և շարունակում է պահանջներ ձևավորել ՀՀ-ի նկատմամբ, և Արևմուտքն էլ, ի պատասխան դրա, բավականաչափ քաղաքական կամք, էներգիա ու ջանք է գործադրում Հայաստանի դիմադրողականության և պաշտպանողունակության ամրապնդման ուղղությամբ: Եթե այս երկուսն էլ տեղի ունենան, սա Ադրբեջանի համար վատագույն սցենարը կլինի: Մենք պետք է հնարավորինս օգտագործենք այդ հարթակը՝ մեզ հուզող հարցերը բարձրաձայնելու և առավել ևս, եթե այժմ ստեղծվել է ինչ-որ մոմենտում, այդ մոմենտումը հնարավորինս օգտագործելու ուղղությամբ»,- ընդգծում է զրուցակիցը:
Քաղաքագետի խոսքով՝ հայկական դիվանագիտության հիմնական անելիքն այս պահին հնարավորինս շատ գործընկերներ հայթայթելն է՝ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության և հայկական բանակի ռեֆորմների ապահովման տրամաբանության մեջ: