Ադրբեջանը շատ հեռուն է պատրաստ գնալ. խնդրողի ու խեղճի դերում դիրքավորվելով ոչ մի օգուտ Հայաստանին չեն տալիս
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հրապարակին» տված հարցազրույցում անդրադարձել է Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը:
-Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչի՞ մասին էր այս հանդիպումը: Ո՞րն է ուղերձը: Ի՞նչ սպասել:
-Ես կարծում եմ՝ դա ֆիկտիվ հանդիպում էր, Արևմուտքը ցանկանում էր ցույց տալ, որ իրենք շարունակում են մնալ գործընթացի մեջ, Ալիևը չի ուզում ամբողջությամբ իզոլացվել ու բարդացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, դրա համար համաձայնեց դրան, բայց իրականում Ադրբեջանը դուրս է մղում արևմտյան գործընկերներին, դա ակնհայտ է, ուստի ես որևէ բան ակնկալելու հիմք չեմ տեսնում այդ հանդիպումից:
-Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը Հայաստանից թվով 4 գյուղ է պահանջում: Առաջ 8 գյուղի մասին էր խոսվում: Ի վերջո՝ ո՞ր գյուղերի մասին է խոսքը և ի՞նչ է ցանկանում այժմ Բաքվի բռնապետը:
-Ադրբեջանը շարունակում է դնել ութ գյուղերի պահանջ, ուղղակի հիմա մաս-մաս են խոսում դրա մասին: Առաջարկում են մի մասը հիմա հանձնել, մյուսները՝ հետո: Ադրբեջանը ցանկանում է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո Հայաստանից կորզել նոր զիջումներ, ինչի դիմաց մենք կստանանք միայն պատերազմ ու կորուստներ, ինչպես որ եղել է նախորդող չորս տարիների ընթացքում:
-Թշնամին օրերս կրակ էր բացել Ներքին Հանդի ուղղությանբ: ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ կպարզեն՝ ով է մեղավորը և կպատժեն նրան: Ի՞նչ է սա նշանակում:
-Ադրբեջանի բռնապետ Ալիևն իր կառավարման ժամկետը երկարացնելուց անմիջապես հետո մեկնեց ՀՕՊ կայանքներ, որտեղ ցուցադրվեցին Թուրքիայից ձեռքբերված անօդաչու թռչող նոր սարքերը: Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շատ բաց տեքստով արձանագրեց, որ այդ այցով Ալիևն ուղերձ է հղում բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Ադրբեջանը պատրաստվում էր Լեռնային Ղարաբաղով սահմանափակվել: Այս ամենը տեղի ունեցավ Ներքին Հանդի դեպքերից երկու օր առաջ: Այսինքն՝ ամեն ինչ կանխամտածված էր Բաքվի կողմից: Իսկ հետո Ադրբեջանը հստակ մտածված քայլերով գնաց նոր սադրանքի: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հայտարարությունը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները համարժեք չեն իրավիճակին, նրանք Բաքվի ագրեսիան զսպելու, կանխելու փոխարեն որդեգրել են մի քաղաքականությունը, որը միայն վտանգում է մեր պետությունը, վնասում բանակի ու հանրության դիմադրողականությանը: Նրանք չեն հասկանում, որ Ադրբեջանի ամեն քայլ կարելի է ուղղել հենց նույն Ադրբեջանի դեմ, որ խնդրողի ու խեղճի դերում դիրքավորվելով իրենք ոչ մի օգուտ Հայաստանին չեն տալիս:
-Իշխանությունները հանրությանը նոր պատերազմի վախի մեջ են փորձում պահել: Ի՞նչ սպասել առաջիկայում այս առումով
-Հայ հանրությանը պատերազմով սպառնում են Ալիևն ու Փաշինյանը՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով: Եթե Ալիևի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա Փաշինյանի դեպքում դա շատ վտանգավոր ենթադրությունների հիմք է տալիս: Փաշինյանը վերցրել է Ալիևի կողմից ներկայացված Բաքվի պահանջների ցուցակը ու փորձում է հերթով իրագործել: Սահմանադրության փոփոխությունը և Արցախի, Հայոց Ցեղասպանության հարցերի փակումը այդ ցուցակի կարևոր բաղադրիչներից է: Դա իրագործելու համար էլ Փաշինյանը սպառնում է հայ հանրությանը նոր պատերազմով: Իսկ եթե իշխանության լիներ Հայաստանի ու հայ ժողովրդի պետական շահը սպասարկող թիմ, ապա կաշխատեր ոչ թե բավարարել Բաքվի պահանջները, այլ կանխել վտանգավոր զարգացումները: Ամեն զիջման դիմաց մենք ստացել ենք նոր պատերազմ, նոր կորուստներ: Առհասարակ, Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության» օրակարգը հակամարդկային է, դրա հիմքում ընկած է ագրեսորին արդարացնելու տրամաբանությունը: Երբ Փաշինյանը առաջարկում է հրաժարվել մեր ինքնությունից, պատմությունից ու անցյալից, քանի որ դա բարկացնում է ուրիշներին, դա նույնն է, որ «արդարացնես» էթնիկ զտումը, ցեղասպանությունը, չէ՞ որ մարդկության դեմ բոլոր հանցագործություններն էլ տեղի են ունենում, քանի որ որևէ ագրեսիվ ու մարդասպանության հակված կողմի դուր չի գալիս դիմացինի կրոնը, լեզուն, ինքնությունը: Ցավոք, սա է ընկած Փաշինյանի առաջարկած կոնցեպտի հիմքում:
-Ադրբեջանն այսպես մինչև ո՞ւր կարող է գնալ:
-Ադրբեջանը շատ հեռուն է պատրաստ գնալ, գլխավոր հարցն այն է, թե ինչու քայլեր չեն ձեռնարկվում դա կասեցնելու համար: Մենք բոլոր հնարավորություններն ունենք Ադրբեջանի վարած ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանի դեմ ուղղելու համար, բայց փոխարենը իշխանությունները զբաղված են Բաքվի պահանջների բավարարմամբ: