Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

08 հուն 2024 11:10

Ի՞նչ վախեր ունի Ալիևը. Արևմուտքը և ՌԴ-ն, միմյանց դեմ պայքարում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջոցով, սա Հայաստանի հարցը չէ

Ի՞նչ վախեր ունի Ալիևը. Արևմուտքը և ՌԴ-ն, միմյանց դեմ պայքարում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջոցով, սա Հայաստանի հարցը չէ«Հայկական ժամանակ»-ը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ զրուցել է Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունների և դրա տակ «թաքնված» իրական նպատակների մասին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.


— Տիկին Դալլաքյան, Իլհամ Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության և առանց այդ քայլի՝ խաղաղության պայմանագրի կնքման անհնարինության մասին: Ինչի՞ է ձգտում նա այս քայլով:


— Ես այն վերլուծաբաններից եմ, որ միշտ ասել եմ՝ Ալիևը չի ցանկանում գնալ խաղաղության: Իմ հարցազրույցներից մեկում նշել էի, որ Սահմանադրության հարցն է բարձրացնելու, ինչը իրականություն դարձավ: Այսինքն՝ ո՞րն է խնդիրը. Ալիևն ուղղակի չի ցանկանում գնալ խաղաղության՝ հասկանալով, որ թուղթ ստորագրելը արդեն պարտավորություն է: Չնայած դա խնդիր չէ, դա էլ կխախտի: Սակայն այլ էր Ղարաբաղի դեպքում, որը չէր ճանաչում աշխարհը, այլ է ՀՀ-ի դեպքում, որի սուվերեն տարածքի և այդ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս գալու մասին Արևմուտքը բազմիցս ասել է՝ ի տարբերություն ՌԴ-ի: Այսինքն, եթե Ալիևը ստորագրում է խաղաղության համաձայնագիր, հետո չի կարող ագրեսիա իրականացնել, իսկ նա չի ուզում չիրականացնել, մանավանդ որ իր դաշնակից ՌԴ-ն էլ չի ցանկանում կորցնել ՀՀ-ի վրա իր ճնշման գործիքը՝ հանձին Ալիևի, դրա համար էլ նրանք երկուսով փորձում են տորպեդահարել այդ գործընթացը: Ուզում է Սահմանադրությունը փոխենք, հաջորդիվ նոր պահանջներ կներկայացնեն՝ «մի հիշեք ցեղասպանության մասին, Սումգայիթի և այլն, և այլն»:


— ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի այս հայտարարությանը և շեշտել, որ քայլը համարում են խաղաղության գործընթացի տորպեդահարում: Հայկական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել մեկ ամսվա ընթացքում Խաղաղության համաձայնագիրը ամբողջացնելու և ստորագրելու մասով: Որքանո՞վ է սա հավանական:


— Իհարկե, իրատեսական է փաստաթուղթը պատրաստելը, իրատեսական չէ Ալիևի ստորագրությունը: Մենք գրեթե երկու տարի է՝ խաղաղության բանակցությունների մեջ ենք, 2 տարում կարելի էր ստորագրել, բայց Ալիևը չարեց և ստացավ զիջումներ այն 4 գյուղերի հարցում, որոնք, իհարկե, մեր տարածքը չեն համարվել, բայց մենք նշում էինք, որ կարևոր է դիրքերի, մայրուղու տեսանկյունից և, ամենակարևորը, կարողացան այստեղ խժդժություններ մտցնել՝ հանձին ընդդիմության շարժման, որը սահմանազատումը սկսեց օգտագործել՝ երկրի ներսում կայունությունը խաթարելու համար: Իսկ ինչ վերաբերում է «Խաղաղության պայմանագրի» պատրաստելուն, դրանում ընդամենը մի քանի կետ պետք է լինի, և մեկ ամիսը հերիք է: Հետո պայմանագրում զետեղված կետերը և սկզբունքները պետք է անցնեն վավերացում, ինչի մասին կրկին խոսել եմ, որ Ադրբեջանը չի վավերացնելու Ալմա-Աթիի հռչակագիրը խորհրդարանում:


Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ներքին խնդիրները օրենսդրական պատճառ չեն կարող հանդիսանալ պայմանագիր չկնքելու համար, ես միշտ ասում եմ, որ դա իր համար խնդիր չէ, որովհետև ցանկանում է գնալ խաղաղության, Ալիևի համար խնդիր է. որքան էլ ծիծաղելի է, կասի՝ «ես դեմոկրատական երկիր եմ, և իմ խորհրդարանը չի վավերացնում, ինչ անեմ»: Այսինքն՝ անընդհատ կձգեն՝ մինչև տեսնեն՝ միջազգային ասպարեզում ինչ է կատարվում, ինչ է լինում ԱՄՆ-ում, ռուս-ուկրաինական ճակատում և, ամենակարևորը, մի քանի օրից Եվրոպական խորհրդարանում, որովհետև, եթե Շառլ Միշելը և Ուրսուլա ֆեն դեր-Լայանը փոխվեն, ասենք՝ ավելի ծայրահեղական դիրքորոշում ունեցող անձինք հայտնվեն այդ պաշտոններում, մեզ համար լավ չի լինի:


— Ստացվում է՝ Սահմանադրությունը փոխելու պայմանը պարզապես պատրվակ է խուսանավելու խաղաղության պայմանագիր ստորագրելո՞ւց:


 
— Միանշանակ, Նիկոլ Փաշինյանը քանի ամիս է՝ ասում է, որ հենց այսօր էլ պատրաստ է կնքել խաղաղություն, Ալիևին ի՞նչ է խանգարում, հենց այն, որ նա չի ցանկանում դա, խաբեբա է, խախտել է միջազգային բոլոր օրենքները, մեր որևէ լեգիտիմ իրավունք չի հարգել՝ սկսած տարածքային ամբողջականությունից, վերջացրած Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերը, որ ստորագրել է: Այդ անձի հետ անհնար է գնալ խաղաղության, եթե չունես երաշխավոր երկրներ: Մենք միայն կարող ենք հասնել խաղաղության միջազգային երաշխավորների հետ, այլ տարբերակ չեմ տեսնում:


— Ալիևը նաև հայտարարել է, թե իրենք հայկական կողմին առաջարկել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար: Սա ի՞նչ միտում ունի:


— Ես իմ հոդվածում էլ եմ նշել, որ Մինսկի խումբը էքզիստենցիալ վտանգ է Ալիևի համար, նա դրա մասին խոսել է նաև ԵԱՀԿ ղեկավարի հետ Բաքվում, այսինքն՝ սա ինչի մասին է խոսում, եթե դա կարևոր չլիներ, ինչպես ինքն է հոխորտում, որ Մինսկի խումբը մահացել է, Ղարաբաղի հարցը լուծված է, բա ինչո՞ւ է մտածում Մինսկի խմբի մասին, ՀՀ-ն դրա մասին չի խոսում, ինչո՞ւ է ուզում, որ դա ամրագրվի, որովհետև հասկանում է, որ Մինսկի խումբը այն օրինական ձևաչափն է, որով պետք է լուծվեր Ղարաբաղի հիմնախնդիրը: Բացի այդ՝ նա նաև հասկանում է, որ որքան էլ ՀՀ-ն հրաժարվի Ղարաբաղյան հիմնախնդրից, դա լծակ է մեծ պետությունների ձեռքին, այդ թվում՝ ՌԴ-ի, և ՌԴ-ի՝ հյուպատոսությունը Ստեփանակերտում բացելու մտադրությունը հենց այնպես չէ, բոլորն են հասկանում: Նա չի ցանկանում փակել Ղարաբաղի հարցը, ինչքան էլ ասում է, որ այն ճանաչում է Ադրբեջանի մաս, միաժամանակ միշտ խոսում է էթնիկ հայերի՝ այնտեղ վերադարձի մասին, որպեսզի լծակ ունենա Ադրբեջանի վրա, դրա համար Մինսկի խմբի ոչնչացումից ոչ մեկը չի խոսում, բացի Ալիևից:


Եթե Ալիևը շարունակում է այդպես գործել, մեր իշխանությունների քայլերն էլ պետք է լինեն սիմետրիկ, մենք էլ պետք է մեր դիրքերից խոսենք, ասենք՝ չենք ցրելու Մինսկի խումբը, քանի որ մենք դրա իրավունքը չունենք, ԼՂ ժողովրդի իրավունքների մասին է այդ ձևաչափը, Հայաստանը չի որոշում նրա տեղը, և Փաշինյանը միշտ ասել է, որ ինքը չի որոշելու ԼՂ ճակատագիրը:


— Այս ամենի ֆոնին տեսնում ենք Մոսկվայի և Բաքվի սիրախաղը. Պուտինը օրերս հայտարարել էր, թե Ալիևի հետ փոխադարձ «սիմպատիա» ունեն: Սա որևէ կերպ փոխկապակցվա՞ծ է Ալիևի հայտարարությունների և նաև «Խաղաղության պայմանագրից» խուսափելու հանգամանքի հետ:


— ՌԴ-ն չի ցանկանում, որ խաղաղություն լինի, նույնիսկ եթե Ալիևին ձեռնտու լինի գնալ խաղաղության, ՌԴ-ն թույլ չի տա, քանի որ Ադրբեջանում էլ կան ավելի ռադիկալ ուժեր, քան Ալիևը, ու, ասենք, եթե Ալիևը գնա սահմանազատման, չզարմանաք, որ Ադրբեջանում ՌԴ ֆինանսավորմամբ հայտնվեն ռադիկալ ուժեր, որոնք կանեն՝ մեկ րոպե, մենք հաղթել ենք, ի՞նչ սահմանազատում, մենք պետք է գրավենք «Արևմտյան Ադրբեջանը»: Այսինքն՝ ՌԴ-ն անընդհատ տորպեդահարելու է այս երկու երկրների միջև ցանկացած գործընթաց: Աշխարհաքաղաքական երկու ուժերը՝ Արևմուտքը և ՌԴ-ն, միմյանց դեմ պայքարում են Հայաստանի և Ադրբեջանի միջոցով, սա Հայաստանի հարցը չէ: Իսկ այն, որ իրենք «սիմպատիա» ունեն, պարզ է, երկու բռնապետ չեն կարող սիմպատիա ունենալ ժողովրդավարական երկրի հանդեպ: Եթե ՌԴ-ի դաշնակիցները այսօր Վենեսուելան է, Ադրբեջանը, Հյուսիսային Կորեան, այս պարագայում կոմպլիմենտ է մեզ համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր