Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին
Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը, ով հղի կին է, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Ասատուրյանը և Մարատ Մանուկյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։
