Մեղուների աճի պակասը կապված է հիվանդությունների, քիմիկատների և ճառագայթումների հետ. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը և Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը խոսեցին Հայաստանում մեղվաբուծության վիճակի, մեղուների կյանքի և գործունեության վրա ռադիոակտիվ ալիքների ազդեցության, ինչպես նաև մեղրի և մեղրամթերքի օգտակարություն մասին:
Թելման Նազարյանն ասաց, որ 25 տարիների ընթացքում մեղվաբուծության ոլորտում աճ չի արձանագրվել և անցած տարի այնքան էլ հաջող տարի չէր. 3,5 հազար տոննա մեղր է արտադրվել. «Ուշադրություն չի դարձվում ոլորտի վրա, պետության կողմից այդ ոլորտը բարձիթողի վիճակում է»,- ասաց նա:
Թելման Նազարյանը նշեց նաև, որ աշխարհում գոյություն ունեցող
32 տեսակ մեղուներից 2 տեսակը գտնվում է Հայաստանում: Նրա խոսքով՝ տարեկան 35 տոկոսով պետք է ավելանա մեղուների
աճը, սակայն միտում չի նկատվում:
Թելման Նազարյանը նշեց նաև որ մեղուների բժիշկ չունենք.
«Ամեն ինչի բժիշկ ունենք՝ կարտոֆիլի, վարունգի, պոմիդորի, բայց մեղուների համար չունենք»։
Վանուշ Դավթյանն էլ մեղուների աճի պակասը կապում է հիվանդությունների, քիմիկատների
ու ճառագայթումների հետ. «Երբ դաշտերը քիմիկատներով են հարստացվում, պետք է մեղվաբույծներին
տեղյակ պահեն, որպեսզի մեղուներին բաց չթողնեն դաշտեր։ Ի դեպ, Եվրոպայում շատ խիստ
չափանիշներ են սահմանված այս առումով, մեր մեղուներն այդ ստանդարտներին չեն համապատասխանում,
քանի որ բուժումը ճիշտ դեղերով պետք է արվի, որպեսզի մեղրի վրա հետք չմնա»։ Նա ասաց նաև, որ դժվար հարցեր են ծառացած ոլորտի առաջ և միասնական աշխատանք է անհրաժեշտ: