Ադրբեջանը կշարունակի դիվերսիոն գործողությունները՝ միգուցե նաև Նախիջևանի կողմից. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանը խոսեց
Արցախի
խնդրի, սահմանին սրվող վերջին իրադարձությունների ու հետագա զարգացումների մասին:
Ռոման Մելիքյանը նշեց, որ թերահավատորեն
է վերաբերվում այն կարծիքին՝ ըստ որի, Ադրբեջանն այս պահին հնարավորություն չունի լայնամասշտաբ պատերազմ սկսելու. «Լայնամասշտաբ պատերազմի հնարավորություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը: Այլ բան է այն ձեռնտու է այդ երկրներին, թե՝ ոչ: Բոլորս էլ կարող ենք պատկերացնել, թե նման լայնամասշտաբ
պատերազմն ինչի կարող է հանգեցնել։ Այն աղետալի
կլինի ոչ միայն Ադրբեջանի և հայկական կողմերի համար, այլև՝ ամբողջ տարածաշրջանի։ Ցավալի է, բայց պետք է ասել, որ առաջիկայում Ադրբեջանը կշարունակի դիվերսիոն գործողությունները: Միգուցե նաև Նախիջևանի կողմից: Այսինքն ցանկացած սցենար հնարավոր է: Գիտակցելով,
թե լայնամասշտաբ պատերազմն ինչի կհանգեցնի, Ալիևը ապրիլյան պատերազմի որոշակի հաջողություններից
օգտվելով՝ փորձում է հիբրիդային պատերազմի դրսևորումներով իր համար շահավետ քայլերի
գնալ։»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի արձագանքին, երբ արդեն նշում են պատերազմական
գորողություններ սկսողին՝ Ռոման Մելիքյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չենթարկվել ու վիժեցնել բանակցային գործընթացը. «Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս-քվոն,
և փորձում է բանակցային գործընթացը վիժեցնել: Ամբողջությամբ վիժեցնել իհարկե հնարավոր չէ, քանի որ այն չի բխում գերտերությունների
շահերից, հետևաբար, փորձում է ԵԱՀԿ-ի ֆորմատից տեղափոխել ՄԱԿ-ի ֆորմատ, քանի որ այնտեղ
ավելի շատ համակիրներ ունի։ Ճիշտ է, շանսերն այդ առումով քիչ են, բայց եթե Ադրբեջանին
հաջողվեց փակել ԵԱՀԿ-ի գրասենյակը Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում, նշանակում է այս
կամ այն քայլերով Ադրբեջանին հաջողվում է մոտենալ իր որդեգրած քաղաքականությանը: Եթե
դա էլ չհաջողվի, փորձելու է նոր դիվերսիոն քայլերով հողային տարածքներ ձեռք բերել ու
դրանով ներքին լսարանի լարվածությունը թոթափել: Արտաքին մեդիայում շատ են լուրերը,
թե Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի, որի հետևանքով էլ տարբեր փոփոխություններ
է իրականացնում: Ադրբեջանում նկատվում են նաև ներքին սրումներ՝ հատկապես ընդդիմադիր
ուժերի կողմից, հետևաբար, որքան էլ այնտեղ ավտորիտար համակարգ է տիրում, միևնույն ժամանակ,
ժողովուրդը կենսադինամիկ շահերի ապահովման խնդիր ունի։ Դա գիտակցում է նաև ալիևյան
ռեժիմը։ Հետևաբար, վատթարացող տնտեսությունը, ներքին խռովությունները նոր PR ակցիաներ
կազմակերպելու առիթ պետք է ստեղծեն և սահմանում կատարվող իրավիճակն ամենաձեռնտու քայլն
է, ինչին էլ գնում է Ալիևը»,- նկատեց քաղաքագետը: