Դարերով մենք ապրել ենք չգրված օրենքներով, կարելի էր հայկական ընտանիքի ավանդույթները վերցնել և տարածել այլ երկրների համար. Ռաֆիկ Գրիգորյան
Մեծ աղմուկ հանած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, և արդյոք հիմա կա այդ օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
-Ես, որպես ՀՀ քաղաքացի դեմ եմ նման
օրենքի ընդունմանը, իհարկե սա իմ անձնական
տեսակետն է: Օրենքի նախագծի նախնական տարբերակում կան
դրույթներ, որոնք ընդհանրապես
չպետք է լինեն և դրանց վրա, աշխատանքային խումբը,
պետք է լուրջ աշխատանք կատարի: Չգիտեմ ինչ տեսքով այս նախագիծը կգա խորհրդարան, բայց այսօր
մեր ազգի համար նման
օրենքի անհրաժեշտություն չկա: Դարերով մենք
ապրել ենք չգրված օրենքներով և կարող եմ ասել, որ այսօր
կարելի էր Հայաստանի ընտանիքների ավանդույթները վերցնել և
տարածել այլ երկրների համար:
-Այս օրենքի նախագիծը բուռն քննադատության
ենթարկվեց և որակվեց որպես բռնություն ընտանիքի նկատմամբ:
-Այս օրենքի ընդունման անհրաժեշտություն անձամբ ինքս
չեմ տեսնում: Նույնիսկ վերնագիրն ինձ համար անընդունելի է: Իսկ, եթե, օրենքի ընդունման կարիք այնուամենայնիվ կա, ապա, այն լուրջ մշակման անհրաժեշտություն ունի: Եթե այդ տեսքով օրենքի նախագիծը մտներ խորհրդարան ես ինքս
դեմ կքվեարկեի: Նախագիծը լրամշակման փուլում է, աշխատանքային լուրջ խումբ է ստեղծված, կարծում եմ նրանք լուրջ աշխատանք կկատարեն՝ դետալ առ դետալ կուսումնասիրեն: Ամեն դեպքում, ցավում եմ, որ օրենքն որքան էլ հղկվի, ինչքանել կարողանան դրույթները հանել, բայց շատ դեպքերում հնարավոր է օրենքը օգտագործեն մեր ընտանիքների դեմ, շահարկելով օրենքի դրույթները:
-Ընտանիքը փակ է և այնտեղ մտնելու համար օրենքով առանձնահատուկ կարգ պետք է սահմանվի: Իրավապահ մարմնի աշխատակիցը, ոստիկանը իր լիազորություններն իրականացնելիս արդյո՞ք չի չարաշահի այն:
-Թե ով կլինի օրենքի կիրարողը դեռ պարզ չէ, այն նույնպես պետք է հստակեցվի: Դեռ
շատ հարցերի պատասխաններ պետք է տրվեն:
-Արդյո՞ք հասարակության իրավագիտակցության մակարդակը այնքան
բարձր է, որ օրենքը ճիշտ գործի:
-Հասարակության իրավագիտակցության մակարդակը ես շատ բարձր
եմ գնահատում, բայց նորից եմ կրկնում հայկական ընտանիքներում նման օրենքի ընդունման
անհրաժեշտություն չկա: Ներկայացվում է, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ այսքան տոկոս բռնություններ կան, բայց համեմատական չենք անցկացնում, որ երկրների,
որ ազգերի, որ ընտանիքների հանդեպ: Չորս տեսակ
բռնություններ են առանձնացված՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական: Կարծում
եմ, նաև այս սահմանումներն էլ պետք է հստակեցվեն: