Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

04 ապր 2018 19:40

ԱԺ պատգամավորները երկար չէին կողմնորոշվում, թե ինչ է սթրիփթիզ ակումբը

Առաջարկների էությունը գիշերային ակումբների եւ գիշերային այլ օբյեկտների ու հաստատությունների գործունեության կանոնակարգումն է, որոնք գործում են քաղաքում եւ տեղակայված են ինչպես բազմաբնակարան շենքերի տակ, այնպես էլ դրանց հարակից տարածքներում: Այս մասին ապրիլի 4-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը:
Մասնավորապես՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» օրենքներում:
Ազիզյանը հայտարարեց, որ իրենք ծրագրում են այդ օբյեկտների եւ հաստատությունների տերերին ժամկետ տրամադրել (մեկ տարվա սահմաններում) բնակելի տներից եւ բազմաբնակարան շենքերից դրանք որոշակի հեռավորությամբ տեղափոխելու համար, որ դրանց գործունեությունը գիշերային ժամերին չխաթարի բնակիչների անդորրը: Դրանից բացի, ցանկանում են նաեւ ապագայում բնակելի տների, բազմաբնակարան շենքերի եւ բժշկական հաստատությունների անմիջական մերձակայքում նման հաստատություններ բացելու արգելք սահմանել: Առաջարկվում է, որ նման կարգի հաստատություններ բացելու թույլտվությունը տրամադրի քաղաքապետարանը, իսկ ավագանին, իր հերթին, կորոշի, թե դրանք բնակելի տներից եւ օբյեկտներից ինչ հեռավորությամբ են տեղակայվելու: Նման կարգի օբյեկտներ բացելու համար ձեռնարկատերը ստիպված կլինի տուրք վճարել, որի չափը կորոշվի տեղադրությունից, դրա չափերից եւ այլնից կախված, իսկ նշված նորմերի խախտման համար կկիրառվեն տուգանքներ:
Հարկ է նշել, որ այս օբյեկտների ցանկի մեջ են մտել սթրիփթիզ ակումբները, կարաոկե բարերը, դիսկոտեկները, շոգեբաղնիքները, բաղնիքները եւ հոսթելները:
Սակայն «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին ամենից շատ հետաքրքրեց եւ զվարճացրեց Հովհաննես Ազիզյանի ներկայացրած դրույթը սթրիփթիզ ակումբի նշանակության վերաբերյալ: «Ի՞նչ կարիք կար գրել, որ սթրիփթիզ ակումբի տակ դուք հասկանում եք օբյեկտ, որտեղ պարուհին աստիճանաբար կամ միանգամից մերկանում է: Չէ՞ր կարելի պարզ գրել, որ նա մերկանում է: Ինչո՞ւ եք այդքան խորացել: Մենք չէ՞ որ պարտավոր չենք եւ չենք մտնի այն մանրամասների մեջ, թե իրենից ինչ է ներկայացնում սթրիփթիզ ակումբը»,- ասաց պատգամավորը: Ազիզյանը փորձեց «արդարանալ» եւ հայտարարեց, որ սա միջազգային տերմին է, որն իրենք չեն ստեղծել: Սակայն պատգամավորին այս պատասխանն անբավարար թվաց, եւ նա սկսեց պարզաբանել, որ հայերն իրենց մտածելակերպն ունեն, եւ Հայաստանում չի կարելի օրինագծերն այդպես գրել: Զրույցին միացավ Բագրատյանի կուսակից, հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: «Իսկ գուցե ընդհանրապես արգելենք մերկանալը»,- իր հերթին կատակեց նա:
Ինչ էլ որ լիներ, այս օրինագծերի փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր