Երջանկության կարևոր պայման են անձի բնութագրիչներն ու հատկանիշները
Ըստ Դեմոկրիտի՝ երջանկությունը հարստության մեջ չէ, այն հոգու մեջ է:
Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Սակայն
հնարավոր է երջանիկ մարդու բնութագրականներից նշել, օրինակ՝ հոգեկան և ֆիզիկական հարմարավետությունը,
ինքնավստահությունը, ադեկվատ ինքնագնահատականը, հոգնածության, նաև լարվածության, ճնշվածության,
տագնապի բացակայությունը: Կա նաև տեսակետ, որ երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են պլանավորել և արդյունավետ
օգտագործել ժամանակը, վստահորեն են նայում ապագային: Մի շարք գիտնականներ գտնում են,
որ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության,
ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը
իմացական (կոգնիտիվ) մասնիկն է երջանկության: Եվ պատահական չէ, որ մարդիկ երջանկությունը
կապում են դրական հույզերի և բավարարվածության հետ:
Հոգեբանական տեսանկյունից, երջանկության կարևոր պայման են անձի
բնութագրիչներն ու հատկանիշները: Երջանկությունը և հատկապես դրական հույզերը կորելացվում
են էքստրավերսիայի, իսկ բացասական հույզերը՝ ինտրովերսիայի հետ: Օրինակ, պոզիտիվ հոգեբանության
տեսանկյունից, երջանկությունը չի համարվում
«գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝
օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ
որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները,
ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների
դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար,
օրինակ՝ դեպրեսիան:
Հումանիստական հոգեբանության մեջ Կ.Ռոջերսը նշել է, որ ինքնաճանաչումը մարդուն տալիս
է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ
է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:
Երջանկության դետերմինանտների ուսումնասիրությունը հնարավորություն
է տալիս ասել, որ երջանկության հոմանիշ է հոգեբանական բարեկեցությունը: Երջանկության
դետերմինանտներ կարող են լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Օրինակ,
առողջություն, եկամուտ, սեր, էքստրավերսիա և այլն: Իսկ հոգեկան բարեկեցության բազային բաղկացուցիչներ կարելի է համարել՝ ինքն իրեն ընդունելը,
դրական վերաբերմունքը մյուսներին, նպատակի առկայությունը,
որն իմաստ է տալիս կյանքին, անձնային աճը և ինքնառեալիզացիան:
Ինչպես նշել է Պասկալը.
«Բոլոր մարդիկ ձգտում են երջանկության: Այդ կանոնից բացառություններ չկան»:
Հ.Գ.Թ., դոցենտ Սոնա Հարությունյան