Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Քոչարյանը ցուցմունք չի տալիս,Դուք արդեն որոշել եք՝ ո՞վ է մեղավոր, ով՝ չէ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ հրապարակային հայտնած կարծիքը՝ դատարանի որոշումից առաջ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է հակաժողովրդավարական և շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում՝ դատարանի վրա:
ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց՝ կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը՝ խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի:
«Եվ սա՞ է իրավական ու ժողովրդավարական արժեքների պահպանությունը: Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է: Մարդը բաց տեքստով ասում է՝ կարծում եմ, դատարանը կմերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը՝ ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն՝ առանց դատարանի որոշման, որոշել եք՝ ո՞վ է մեղավոր, ով՝ չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը՝ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: