Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

07 դեկ 2018 14:02

Հայաստանը որպես ամենառազմականացված երկիր՝3-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը նահանջում է

Հայաստանը որպես ամենառազմականացված երկիր՝3-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը նահանջում էՀայաստանը աշխարհի 10 ամենառազմականացված երկրների ցանկում երրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին հորիզոնականում է, այս մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC-ի զեկույցը:
Փաստաթղթի հեղինակները զեկույցը կազմելիս բացի սեփական աղբյուրներից օգտվել են նաև Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2017 թվականի տվյալներից, հայտնում է «Ազատությունը»:
Այսպիսով՝ համաշխարհային ռազմականացվածության սանդղակում Հայաստանը աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ռուսաստանը, Հարավային Կորեան, Հորդանանը հաջորդում են Հայաստանին: Տասնյակը փակում են Կիպրոսը, Հունաստանը, Բրունեյը և Բելառուսը:
Հայաստանը, որի ռազմական ծախսերը, ինչպես նշված է փաստաթղթում, կազմում են երկրի ՀՆԱ-ի 6․4 տոկոսը, իսկ 1000 հոգուն բաժին ընկնող զինվորականների թիվը 6.1 է, ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, ապա Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը: Զեկույցի հեղինակները այս պատկերը ստացել են հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա՝ ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը և պետության ունեցած ծանր սպառազինության քանակը:
BICC-ի փորձագետները Հայաստանի ռազմականացվածության հանգամանքը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտությամբ: «Չնայած 2016-ին ապրիլին բռնությունների սրացմանը հաջորդած հրադադարի շուրջ բանակցություններին, այդուհանդերձ վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունը շարունակվել է, արձանագրվել է նաև հարձակում ադրբեջանական անօդաչու սարքի կիրառմամբ: Այդ պատճառով այս տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, իսկ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հսկայական միջոցներ հատկացնել զինված ուժերին», – ասվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն իր ռազմականացվածության ցուցիչով վերջին տարում սկսել է նահանջել՝ 8-րդ հորիզոնականից իջնելով 12-րդ: Տարածաշրջանի երկրներից առաջին տասնյակում է հայտնվել միայն Հայաստանը: 155 երկրների շարքում Ադրբեջանը 12-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 22-րդ, իսկ Վրաստանը` 52-րդ:
Աշխարհի ամենառազմականացված երկիրը տարիներ շարունակ համարվում է Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Իսրայելը, որտեղ 8 միլիոն երեք հարյուր հազար բնակչությունից 176 հազարը գործող զինվորական է, 465 հազարը պահեստային, ծանր սպառազինությունը անցնում է 9300-ը:
Տասնյակում հայտնված Հունաստանի և Կիպրոսի ռազմականացվածության բարձր մակարդակը բացատրվում է հարևան Թուրքիայի հետ բազմամյա տարաձայնություններով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Մոսկվայի վարած քաղաքականության՝ մասնավորապես Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունների, Ղրիմի բռնակցման, Սիրիայում Ասադի ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով Եվրամիության 28 երկրներից 25-ում ռազմական ծախսերի աճ է արձանագրվել, մինչդեռ վերջին տարում Ռուսաստանը, որը տակավին համարվում է ամենառազմականացված երկրներից մեկը՝ ավելի քիչ միջոցներ է հատկացրել զինված ուժերին, քան նախորդ տարիներին:
Եվրոպական մայրցամաքի ռազմականացման աճի միտումը պայմանավորված է նաև Վաշինգտոնի ճնշումներով, որը փորձում է ստիպել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անմասն չմնալ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը մեծացնելու հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր