Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 հուն 2019 15:30

Էսկալացիա, էմոցիաների լարում այլևս բացառվում են.Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Էսկալացիա, էմոցիաների լարում այլևս բացառվում են.Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը հանդիպել են Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ, քննարկել Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի մասնակցությամբ մահվան ելքով միջադեպի հետո ստեղծված իրավիճակը, հայերի անվտանգության խնդիրը: Այս մասին  պատմեց Նաիրա Զոհրաբյանը:

«Դեսպանը մեզ փոխանցեց վերջին տեղեկությունները Կարագանդայից: Իրավիճակը բավականին խաղաղ է, արդեն կապ է հաստատվել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և նաև ոստիկանապետերի միջև: Այս պահին այլևս ցույցեր Կարագանդայում չկան, բավականին լարվածությունը նվազած է, և դա, իհարկե, հուսադրող տեղեկատվություն էր, և մեր խնդիրն էր, որպես պատգամավորներ, անել առավելագույնը, որ իրավիճակի նոր լարվածություն չլինի, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ Ղազախստանում, նաև Ղազախստանից դուրս կան բավականին շատ ուժեր, ովքեր շահագրգռված են լարվածության խորացմամբ, շատ դեպքերում ապատեղեկատվություն են տարածում, տարածում են վիդեոնյութեր, որոնք իրականության հետ կապ չունեն, որոնց նպատակը ազգամիջյան, կրոնական բախումներ հրահրելն է»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Կարագանդայում տեղի է ունեցել ցավալի ողբերգություն, ինչը տարբեր շահագրգիռ ուժեր, այդ թվում՝ ադրբեջանական ուժեր թե՛ Ղազախստանում, թե՛ Ղազախստանից դուրս փորձում են դարձնել ազգամիջյան  խնդիր:

«Մենք պետք է անենք առավելագույնը՝ կրքերը հանդարտեցնելու և թույլ չտալու, որ իրավական դաշտում գտնվող խնդիրը վերածվի ազգամիջյան խնդրի:
Այս պահին խնդրով զբաղվում է իրավապահ համակարգը: Միջադեպի բոլոր մասնակիցները Ղազախստանի քաղաքացիներ են, և, բնականաբար, օրենքի առջև բոլորը հավասար են: Դա մենք երկուստեք արձանագրեցինք»,- ասաց նա:

Անդրադառնալով քննարկումներին, ըստ որոնց, հնարավոր է, որ հայերի դեմ ակցիաները հրահրվում և ուղղորդվում են Ղազախստանի իշխանությունների կողմից՝ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ նման բան չկա: Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի իրավական դիրքում գտնվող խնդիրը փորձ չարվի տրասֆորմացնելու ազգամիջյան խնդրի:

«Անգամ սոցիալական ցանցերով ազգամիջյան բախում հրահրող կոչեր էին հնչել, նրանցից շատերը կանչվել են իրավապահ համակարգ, և քննություն է գնում: Դեսպանը վստահեցրեց, որ Ղազախստանի իշխանություններն անում են առավելագույնը՝ հարցը բացառապես իրավական հարթությունում պահելու: Մենք, կարծես թե, որևէ հիմք չունենք դեսպանին չվստահելու»,- ասաց նա՝ նշելով, որ ամեն դեպքում՝ միջադեպը շարունակելու է մնալ իրենց ուշադրության կենտրոնում, շարունակելու են մշտական կապ պահպանել Ղազախստանի իրենց գործընկերների հետ: 

«Այս պահին չկա անհրաժեշտություն, որ պատգամավորները կամ հայ-ղազախական բարեկամական խումբը հանդես գա հայտարարությամբ, բայց եթե լինի անհրաժեշտություն, մենք պատրաստ ենք ցանկացած գործողության, որը կհանդարտեցնի իրավիճակը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը պատմեց նաև, որ խոսել են Կարագանդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նրան էլ վստահեցրել են, որ իրավիճակը հանդարտ է, որևէ սրացում չի նկատվում:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեկ անզգույշ բառի, պրովոկատիվ կոչի կայծը կարող է լուրջ նեգատիվ գործընթացներ ստեղծել: Մենք, իհարկե, չենք թուլացնելու մեր զգոնությունը և խնդիրը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում ամեն օր, մինչև վստահ լինենք, որ հնարավոր էսկալացիա, էմոցիաների լարում այլևս բացառվում են»,- ասաց նա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր