Ընդհանուր բան կա Զելենսկիի և Փաշինյանի միջև. Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ունի
Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ռուսական պետական «Վեստի FM» ռադիոկայանի եթերում նշել է, որ «Հայաստանում և Ուկրաինայում կատարված տարօրինակ իշխանափոխությունները շատ ընդհանրություններ ունեն»:
Քաղաքագետը նկատել է, որ երկու երկրում էլ ընտրողներն առաջորդվել են գործող իշխանություններին (ՀՀ-ում Սերժ Սարգսյանի, իսկ Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոյի) դեմ քայլ անելու համար:
«Ընտրողների համար շարժառիթ էր «ի հեճուկս նրանց» մտածելակերպը»,-վստահորեն ասել է Մարտինովը:
«Մեթոդները մի քիչ տարբեր են, սակայն շարժառիթները շատ ընդհանրություններ ունեն: Ի հեճուկս բոլորին հոգնեցրած Պորոշենկոյի՝ ընտրեցին ՈւՀԱ-ի (КВН) արտիստին, սերիալի հերոսին, իսկ Հայաստանում, ի հեճուկս բոլորին հոգնեցրած Սերժ Սարգսյանի, ընտրեցին լրագրողին: Սակայն Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկիի, գոնե որոշակի քաղաքական փորձառություն ուներ, պատգամավոր էր եղել և անգամ հասցրել էր մի որոշ ժամանակով բանտ նստել»,-ասել է Մարտինովը:
Վերջինն ընդգծել է, որ ինչ էլ որ Հայաստանում փոխվի, ռուսական կողմի համար Հայաստանում ոչինչ չի փոխվել:
«Բարեկամական հայկական պետության անվտանգությունն ապահովում է ռուսական ռազմաբազան, իսկ հայ-թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահները: Մեզ համար ոչինչ չի փոխվել և նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք այցը Երևանը միանգամայն տրամաբանական քայլ է»,-շարունակել է քաղաքագետը:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ վարչապետ Փաշինյանը, բախվելով իրական խնդիրներին, մեկ տարվա ընթացքում հասցրել է սանձահարել իր հեղափոխական ոգին:
Մարտինովի կարծիքով՝ այժմ Հայաստանը պետք է ավելի սերտ և խոր երկխոսություն, փոխգործակցություն սկսի Ռուսաստանի հետ: