Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի
Ադրբեջանը, որը պարբերաբար հայտարարում է ռազմական ճանապարհով արցախյան խնդրի լուծման տեսլականի մասին, աստիճանաբար սեղմում է օղակը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին:
Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից հայտարարվել է, որ զորավարժությունների թիվը յոթի փոխարեն տասներեք անգամ են լինելու, իսկ թվաքանակի աճը բերում անձնակազմի ավելի մարտական վիճակի, բարոյահոգեբանական վիճակի բարձրացմանը: Նա նշեց նաև, որ Ադրբեջանի պատկան մարմինների հանդիպումներն են հաճախակիացել Թուրքիայի ղեկավարության, ՆԱՏՕ-ի երկրների հետ, հրադադարի ռեժիմի խախտումներն են ավելացել, դիպուկահարների աշխատանքն է ինտենսիվացել:
«Նման ինտենսիվության աճ եղել է 2016 թվականի փետրվար մարտ ամիսներին, որից հետո սկսվեցին ապրիլին ռազմական գործողությունները: Կարծես, թե Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի, ռազմական լայնածավալ գործողությունների նախապատրաստական փուլ է գնում, այլ բան է՝ կկատարի՞, թե՞ ոչ»,-ասաց նա:
Հայկ Նահապետյանը չբացառեց, որ հայկական կողմում ևս զորավարժությունների աճ լինի և նշեց, որ հայկական կողմը պետք է պատրաստվի Ադրբեջանի կողմից սպասվող գործողություններին: «Այսինքն՝ այնպես չլինի, որ այդ գործողությունները լինեն հանկարծակի՝ թեև չեմ կարծում, որ ապրիլյան գործողությունները հանկարծակի են եղել Հայաստանի համար»,-ասաց նա:
Ըստ նրա՝ կոշտ շահերի բախում կարող է լինել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեջ, և չի բացառվում, որ դա վերածվի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների:
Ռազմական փորձագետը նշեց, որ մեր հասարակության ներսում լարումներ կան, ինչը ձեռնտու է Ադրբեջանին: «Մեր ժողովրդին, հասարակությանը սպիտակների, սևերի բաժանելը, արցախցի-հայաստանցի բաժանելը, հնի, նորի բաժանելը և այդպիսով արհեստական ջրբաժաններ ստեղծելը, լարումներ առաջացնելը հարվածում է մեր ժողովրդի միասնականությանը»,-ասաց նա և նկատեց, որ մեր հաղթանակները միշտ եղել են, երբ մենք միասնական ենք:
Ըստ նրա՝ այդ ջրբաժանները ուղղորդվում են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից երկրների կողմից, որոնք Հայաստանում իրականացնում են այդ երկրների շահերի սպասարկումը: