Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճшնшկով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

24 մար 2020 18:53

«… ԹԵՎԵՐ՝ ԻՍԿԱԿԱՆ ԽԱՉՎԵԼՈՒ…»

«… ԹԵՎԵՐ՝ ԻՍԿԱԿԱՆ ԽԱՉՎԵԼՈՒ…»
«Վերլիբրին անցնելն ինձ համար ավելի շուտ բառերից ետ չմնալու ջանք է, ես փորձում եմ նրանց հետ հավասար հասնել այնտեղ, որտեղ ոչ թե ներշնչանքի ավարտն է, այլ նոր ներշնչանքի սկիզբը»,–ասում է Ռուզան ՀՈՎԱՍԱՓՅԱՆԸ, և սա ավելին է, քան սովորական պատասխանը. սա վերլիբրի զարմանալի խոր բնորոշում է՝ հատուկ միայն տաղանդավորներին: 
 
-Ձեր առաջին ժողովածուն վերնագրել եք «Նախանվագներ»։ Դուք իսկապե՞ս կարծում էիք, թե այն ընդամենը սկիզբ է՝ ներածություն բուն բանաստեղծության համար, ինչպես երաժշտական այդ տերմինն է հուշում։ Դա զարմանալի մտավախություն ու վերապահություն է, եթե նկատի ունենանք, թե ո՛վ և ինչպե՛ս է գնահատել Ձեր առաջին գիրքը։
 
-Այո։ «Նախանվագները» ընդամենը սկիզբ էր, և Հրաչյա Սարուխանի գնահատականը հույս էր ներշնչում, որ «ընդամենը» շարունակություն չի լինելու երկրորդ գիրքս։ «Նախանվագների» ծնունդը ես նմանեցնում եմ լուսաբացի, որին արևոտ, պայծառ օր (կյանք) է սպասվում։ Աստծո ամեն օրն է արևով սկսվում, բայց միշտ չէ, որ երկինքը կապույտ է (հատկապես` Վանաձորում)։ )))
 
 
-2017-ին լույս տեսած բանաստեղծությունների Ձեր երկրորդ ժողովածուի վերնագիրն արդեն առաջինի «թեթևությունը» չունի, նույնիսկ հնչում է փոքր-ինչ ողբերգական՝ «Խաչելություն»։ Ինչու՞ խաչելություն։ Պոեզիան մի՞թե նրա համար չէ, որ պոետին «իջեցնի» խաչից։ Ձեր կարծիքով՝ էլ ի՞նչը կարող է խաչված մարդուն իջեցնել խաչից։ Եվ, ի դեպ, ճանաչել սեփական խաչը՝ չի՞ նշանակում ինչ-որ չափով ճանաչել նաև բանաստեղծությունը։
 
-Մի անգամ իմ լավ բարեկամ, գրականագետ Վալերի Փիլոյանը հարցրեց. «Շուտ չէ՞ երկրորդ գրքի համար «Խաչելություն» վերնագիրը»։ Կեսլուրջ-կեսկատակ պատասխանեցի. «Հարությունս եմ շտապեցնում»։ Հիմա Ձեր հարցին փորձեմ պատասխանել։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իրեն թե՛ երեսուն արծաթով ծախողը, թե՛ խաչ բարձրացնողը, թե՛ խաչից իջեցնողը։ Եվ մարդն ի՛նքն է իրեն առաջին ներողը, ապա միայն` Աստված։ Չներեցիր դու քեզ, Աստված թեկուզև ների, մեկ է` տառապելու ես։ Պոեզիան ոչ թե խաչից իջեցնում, այլ... բարձրացնում է։ Եվ խաչ բարձրանալը պոետի կյանքի ամենաբարձր վերելքն է, որին նա հասնում է ոչ թե սեփական խաչը ուսին տանելով, այլ կրելով այն ներսից: Եվ ամեն բանաստեղծություն թևերդ ներսից բացելու, բարձունքին հասնելու հոգեվիճակ է, որը ոչ թե սեփական խաչի, այլ ինքդ քեզ ճանաչելու, ինքդ քո մեջ և քո միջից հարություն առնելու հնարավորություն է։ Կարծում եմ՝ սեփական խաչը ճանաչելը միայն Տիրոջը և հանճարներին է տրված` մի տարբերությամբ. հանճարներն այն ճանաչում են ճանաչելուց հետո, Տերը` մինչև ճանաչելը։
 
–Անցումը դասական տաղաչափությունից վերլիբրին Ձեր առաջին ժողովածուից արդեն ակնկալվում էր: Դուք սուր պահանջ ունեք թարմ, անկրկնելի պատկեր և խորապես ցնցող միտք երկնելու: Այդ պահանջն այնքան սուր է, որ Դուք մշտապես Ձեր դեռ չգրած բանաստեղծությունների գերին եք ու ժամապահը: Անցումը վերլիբրին, ուրեմն, ներքին հասունացման արտահայտություն էր, և ինձ չի զարմացնում, որ արևմտյան խառնիճաղանջ-բառաշատ վերլիբրի փոխարեն Դուք նախընտրեցիք արևելյանը, մասնավորապես՝ պարսկականը, որ խոսքի սեղմությամբ՝ անկրկնելի է: Իմ դիտարկումները ճիշտ չե՞ն:
 
–Ներքին հասունացման շնորհիվ ոչ թե ասելիքիդ ձևն է փոխվում, այլ ասելիքիդ խորությունն է մեծանում։ Նշանակություն չունի՝ հանգավոր ես արարում, թե վերլիբր։ Վերլիբրին անցնելն ինձ համար ավելի շուտ բառերից ետ չմնալու ջանք է, ես փորձում եմ նրանց հետ հավասար հասնել այնտեղ, որտեղ ոչ թե ներշնչանքի ավարտն է, այլ նոր ներշնչանքի սկիզբը։ Հանգերի հետևից հասնելը դժվար է, ես հազվադեպ եմ դա հաղթահարում: Եթե չես կարողանում հասնել նրանց հետևից, ուրեմն պիտի կանգ առնես, ոչ թե հանգեր սարքելով ձևացնես, թե հասել ես։ Ինչ վերաբերում է ասելիքիս սեղմությանը, ես ոչ թե պարսկական պոեզիան եմ նախընտրել, այլ մերը` սկսած հայրեններից մինչև Թումանյանի քառյակները։
 
 
–Գրաքննադատության ուշադրությանն արժանանալու առումով Ձեր բախտը բերել է․ Հ․ Սարուխանի ըստ էության փոքրիկ գրախոսականին հաջորդել են ուրիշները, դրանցից երկուսի հեղինակը նույն Վ․ Փիլոյանն է։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում գրաքննադատությանն ընդհանրապես․ կարծում եք, որ գրաքննադատը կարո՞ղ է տեսնել, թե ինչպե՛ս ու ինչու՛ է պոետը խաչ ելնում, և ինչպե՛ս պիտի նա իջնի խաչից։ Ընթերցողի դիմաց (կամ գուցե՝ համար) «բացվելուն» որքանո՞վ է հարկավոր կամ ցանկալի գրաքննադատի ներկայությունը։ Չէ՞ որ մենք բոլորս սիրում ենք Վահան Տերյանին, բայց տասը հազարից մեկն է կարդացել, օրինակ, գրականագետ Վաչե Պարտիզունուն, որ Տերյանի պոեզիայի մասին գրքեր ունի։ 
 
–Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անդրադարձել են իմ պոեզիային: Երկու խոսք նախ Հր. Սարուխանի առաջաբանի վերաբերյալ` գրված առաջին գրքիս մասին, և նույն գրքիս գրախոսության, որի հեղինակը Վ. Փիլոյանն է։
Սարուխանը «Նախանվագներ» գրքիս առաջաբանում գրել է. «... Բանաստեղծ կոչվելու ճանապարհին է ահա...»։ Ինձ ցայսօր բանաստեղծ բառը չի հուզել և հուզում այնպես, ինչպես ահա-ն։ Սարուխանը գտել էր այն բառը, որի լույսի տակ նախ ինքս պիտի ի՛նձ «տեսնեի» այդ դժվարին ճանապարհին, հետո նոր բռնեի իմ միջի բանաստեղծի ես դառնալու բազմապատիկ դժվարին ճանապարհը՝ մնացած կյանքս դատապարտված լինելով Թումանյանի «ինքս ինձ չզգալու» անհասանելի վայելքի սպասումին...
Վ. Փիլոյանն իր գրախոսությունում մի միտք է արտահայտում, որը, կարծում եմ, ամբողջ կյանքիս համար է. «Հեղինակն իրեն անթև ու անզոր է կարծում... ու թե նորից հիշենք հեքիաթի պայմանականությունը, ապա այս կռնատ աղջիկն է ապագա թագուհին...»։ Սկսնակ բանաստեղծիս (կռնատիս) համար հասուն գրականագետից «ապագա թագուհի» «տիտղոսին» արժանանալը գլխապտույտի պես մի բան էր (վայ միամտիս), և ես հավատում էի, որ դառնալու եմ. հավատում էի հեքիաթին, որի միջով պիտի գնայի, հասնեի նոր կյանք ու դառնայի ավելին, քան թագուհի. դա հերիք չէ՝  դեռ թևեր էլ ունենայի, այն էլ ինչպիսի թևեր՝ իսկական խաչվելու... Այո, ես կռնատից վերածվեցի խաչվածի...
 
 
–Ես առիթ ունեցել եմ գրելու հանգ արարելու Ձեր շնորհի մասին։ Դուք տողը և քառատողը այնպիսի բարձր պոետական լարվածության տակ եք դնում, որ այնտեղ ցանկացած բառ կարող է զրնգալ իբրև հանգ։ Կարծում եմ՝ Դուք առանձնապես չեք էլ արժևորում այդ շնորհը, և փառք Աստծո, որ այդպես է, թե չէ կարող էիք անզգալաբար նույնիսկ… շահագործել այն։ Ինչպե՞ս է ծնունդ առնում Ձեր հանգը, որ առայժմ ոչ մի դասակարգման չի ենթարկվում՝ ճշգրիտ չէ, մոտավոր չէ, թույլ չէ, ուժեղ չէ։ Բա ի՞նչ է։ Դու չե՞ք կարոտում Ձեր հանգավոր ժամանակներին․․․ դրանց վերադառնալու չափ։
 
–Ինչպե՞ս է ծնվում հանգը... Ես էլ եմ ուզում իմանալ։ Վարուժանն ասում է՝ երգը արյունով է ծնվում: Թվում է՝ հանգը նույնպես: Հանգը ցավ է, մինչ բանաստեղծության լույս աշխարհ գալը պոետի երկունքի ցավերի հաճախականությունը... Այո՛, իմ հանգերը ճշգրիտ չեն, մոտավոր չեն, թույլ չեն, ուժեղ չեն, որովհետև նրանք տողի սկզբում են,  ոչ թե վերջում։
 
 
–Ձեր պոետական լեզվամտածողությունը հակված է դեպի ժողովրդական բառուբանը։ Նույնիսկ կարծում եմ՝ Դուք հնարավոր առնչություններ եք փորձում ստեղծել առօրյա ինչ-ինչ դրվագների ու ժողովրդական դարձվածքների միջև և երբեմն ստանում եք բանաստեղծական պատկերի համար հրաշալի կենդանի նյութ։ Ձեր պոետական գրիչը միշտ «պատրաստ կանգնած» է այդպիսի հնարավոր առնչություններ արձանագրելու համար։ Ի՞նչ է ժողովրդական խոսքը Ձեզ համար։
 
Ժողովրդական խոսքը ինձ համար նախ բան է, հետո նոր` բառ, ուրեմն` բանուբառ։ Է՜, բառը որտեղ է մինչև բան դառնալը, և հաճախ լռությունն ավելի է բան, քան բառը։ Ճիշտ եք նկատում` ես փորձում եմ առնչություններ ստեղծել ժողովրդական խոսքի հետ, ու երբ բառերիս ներսում նայում եմ նրա խորությանը, այդ մեկ-երկու բառի աներևակայելի խտությանը, հասկանում եմ, որ նոր ոչինչ չեմ ասել, և ասելիքս իր տեղն է գտել ընդամենը այդ անտակ խորության մակերեսին։ Իմ ամեն մի առնչություն ժողովրդական բանուբառի հետ ոչ այլ ինչ է, քան ժողովրդական խոսքի առկայություն՝ բառերիս խորքում, և բառերիս առկայություն՝ ժողովրդական խոսքի մակերեսին։
 
–Վերջին շրջանում զբաղված եք թարգմանական աշխատանքով։ Ձեր նախընտրությունը կանգ է առել ռուս ամենաանթարգմանելի բանաստեղծներից մեկի՝ Մ․ Ցվետաևայի վրա։ Ինչո՞վ է Ձեզ հարազատ նրա պոեզիան։ Դուք Ձեր «արձագանքները» գտնու՞մ եք այդ պոեզիայում։ 
 
–Ցվետաևայի պոեզիան նման է բարձր ջրվեժի. նրան գրեթե անհնար է մոտենալ, որովհետև աներևակայելի բարձրությունից թափվող շառաչյունը խլացնում է քեզ։ Դու այն լսում եմ հեռվից, ինքդ էլ չիմանալով, թե որքան հեռվից։ Ցվետաևա կարդալը և թարգմանելը ես սկսել եմ միաժամանակ։ Նրա տողերով հարբած եմ սկսել թարգմանել նրան, մի քիչ ուշ (սթափ)՝ չէի համարձակվի... Ցվետաևայի տողում և տողատակերում մի դատարկ տեղ չկա, որտեղ ես կարողանամ իմ այլալեզու  «արձագանքները» գտնել, ընդհակառակը, նրա պոեզիան քեզ քեզնից այնպես է դատարկում, որ ինքն է իր այլալեզու «լռությունները» գտնում քո մեջ։ Այդ պատճառով, քանի դեռ թարգմանում եմ նրան, ես չեմ կարողանում գրել. դա անհնար է։ Նա այսպիսի մի տող ունի՝ Какого демона во мне Ты в вечность упустил... Թե իմանայիք, թարգմանությամբ տարված, քանիցս ես ինչպիսի դևի եմ իմ մեջ բաց թողել հավերժություն... Չեք պատկերացնի` որքան եմ կարոտել ինձ... Իսկ դուք հանգերին վերադառնալու մասին եք հարցնում։
 
–Ընթերցողին անշուշտ կհետաքրքրի Ցվետաևայի որևէ բանաստեղծության թարգմանություն կարդալ այս հարցազրույցում։ Ես նույնիսկ «հատուկ առաջարկ» ունեմ՝ այստեղ զետեղել Ցվետաևայի այն բանաստեղծությունը, որ թարգմանել է Հ․ Սարուխանը, հետո նաև, ոչ պակաս հաջողությամբ՝ Դուք։
 
Սիրով:
 
Տատիկիս

Երկարավուն դեմք` խիստ, օվալաձեւ,
Սեւաթույր զգեստ` փեշերը լայն…
Մանկամա՛րդ տատիկ, շրթունքները ձեր
Ո՞վ է համբուրել լռելյայն: 
 
Ձեռքերը, որոնք սրահներում վառ
Շոպենյան վալս են նվագել... 
Ձեր սառցե դեմքի երկու կողմն ի վար – 
Խոպոպիկ վարսեր նրբագեղ:
 
Պահանջկոտ, իրեն պաշտպանող հայացք:
Հայացք, որ մութ է և կտրուկ: 
Այդպես չեն նայում մանկամարդ կանայք:–
Մանկամարդ տատիկ, ո՞վ եք դուք: 

Ձեզ հետ անհնար ինչե՜ր եք տարել 
Եվ ինչ հնարներ – լիուլի –
Անհագուրդ հողի խորխորատն անել,
Քսան տարեկան լեհուհի՛:

Օրը անմեղ էր, եւ քամին էր թարմ: 
Մարեցին աստղերը մթին:
–Արդյոք ձեզնից չէ՞, տատի՛կ աննման,
Այս դաժան խռովքն իմ սրտի…
 
Бабушке 

Продолговатый и твердый овал, 
Черного платья раструбы...
Юная бабушка! Кто целовал 
Ваши надменные губы? 

Руки, которые в залах дворца
Вальсы Шопена играли...
По сторонам ледяного лица 
Локоны, в виде спирали. 

Темный, прямой и взыскательный взгляд. 
Взгляд, к обороне готовый. 
Юные женщины так не глядят. 
Юная бабушка, кто вы?

Сколько возможностей вы унесли, 
И невозможностей - сколько? –
В ненасытимую прорву земли, 
Двадцатилетняя полька! 

День был невинен, и ветер был свеж.
Темные звезды погасли. - Бабушка! –
Этот жестокий мятеж
В сердце моем - не от вас ли?..

-Դուք սիրում եք կախման կետերը, դրանք հաճախ են եզրափակում Ձեր բանաստեղծությունը։ Ինձ միշտ թվացել է, թե բանաստեղծությունն ինքը մեր կյանքի բոլոր կախման կետերը լցնող ոգեղենությունն է, հետևաբար կարիք չունի ինքն էլ կախյալ մնալու։ Թե՞ բանաստեղծությունից անդին, այնուամենայնիվ, կա մի անասելի բան (մի տրտմություն, մի ապրում, մի պատկեր․․․), որի գոյության միակ տեղը․․․ կախման կետերն են։
 
–Այնքան համոզիչ ու պոետական է Ձեր հարցադրումը, որ քիչ է մնում համակարծիք լինեմ։ Ես սիրում եմ շարժումը, իսկ կախման կետերը չեն թողնում, որ ավարտվի բանաստեղծությունը, ավարտվի ներշնչանքը... Ինձ համար տիեզերքն ու բանաստեղծությունը նույն անչափելի, անկշռելի, անվերջանալի տարածությունն են, որ անվերջ ընդարձակվում են, անվերջ շարունակվում... Դուք ճիշտ եք, բանաստեղծությունից անդին կա՛ մի բան, բայց դա ո՛չ տրտմություն է, ո՛չ ապրում, ո՛չ էլ ինչ-որ պատկեր... Բանաստեղծությունից անդին պոետի ժամանակն է` երեք ժամանակները միասին վերցրած։ Գուցե սնահավատություն է՝ զուգակցել երեք կախման կետերն ու երեք ժամանակները, բայց ես այդպես եմ զգում։ Կախման կետերում պոետը երեք ժամանակները միաժամանակ է ապրում, իսկ բանաստեղծության ներսում (գրելիս) նա չի զգում այն, նրա մեջ ամբողջովին բացակայում է այդ չափումը։ Գրելիս ես ո՛չ անցյալում եմ, ո՛չ ներկայում, ո՛չ ապագայում, ուրեմն պատկերացրեք բանաստեղծությունից «դուրս» գալուս թափը, որն ինձ նետում է երեք ժամանակները միասին։ Կախման կետերում ես ինձ լավ եմ զգում...
Զրույցը վարեց Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր