Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

17 հուլ 2020 14:17

Արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում.«Взгляд»-ի անդրադարձը

Ռուսական «Взгляд» էլեկտրոնային պարբերականն իր «Արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի Հայաստանին Ադրբեջանի հետ պատերազմում» վերնագրով հոդվածում անդրադարձել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ծավալված ռազմական գործողություններին և վերլուծել է Ռուսաստանի դերն այդ հակամարտության մեջ:


Լրատվամիջոցը նշում է, որ շատ փորձագետների կարծիքով`նոր ռազմական ճգնաժամն Անդրկովկասում իր մեջ կներքաշի ոչ միայն Թուրքիային, այլ նաև հարևան երկրներին, այդ թվում` Ռուսաստանին: Սակայն, ըստ աղբյուրի, պարադոքսն այն է, որ ներկայում Մոսկվայի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունները բավականին սառած են, իսկ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հարաբերությունները, ընդհակառակը, բավականին ջերմ են: Օրինակ՝ նախորդ աշնանը Պուտինն ու Ալիևը միասին ելույթ են ունեցել Սոչիում` «Վալդայ» քաղաքագիտական ակումբի նիստում, որից հետո շատ փորձագետներ հռետորական հարց էին տալիս, թե արդյոք արժե, որ Ռուսաստանը պաշտպանի Երևանին:


ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը հիշեցրել է, որ Երևանը մնում է Ռուսաստանի ռազմական դաշնակիցը, և որ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան:


«Եթե Հայաստանի պարտությանը մոտ իրավիճակ ստեղծվի, ապա ռուս զինվորականները, այնուամենայնիվ, կկանգնեն Հայաստանի կողքին: Եթե խոսում ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն արևմտամետ առաջնորդ է, ապա Իլհամ Ալիևը շատ ավելի արևմտամետ է, բացի դրանից էլ` թուրքամետ»,-կարծում է Սիվկովը:


Փորձագետի կարծիքով` ադրբեջանական բանակը և՛ ավիացիայով, և՛ զրահատեխնիկայով գերազանցում է հակառակորդին:


«Դրան պետք է ավելացնել նաև նավթի պահուստների հաշվին Ադրբեջանի գերազանցող տնտեսական պոտենցիալը: Բայց կա մի քանի բայց: Դատելով նախորդ պատերազմների փորձից՝ ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի օպերատիվ-մարտավարական և օպերատիվ-ռազմավարական պատրաստությունը շատ ավելի ցածր է, քան հայկական բանակինը»,-ասել է փորձագետը:


Սիվկովն ընդգծել է նաև դե ֆակտո Հայաստանի զինված ուժերի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղի բանակի բարձր բարոյահոգեբանական ներուժը:


Սիվկովը եզրակացություն է արել, որ «կարճատև պատերազմի դեպքում հայերը, չնայած տեխնիկական և թվային պակասին, կարող են կանգուն մնալ և նույնիսկ պարտության մատնել հակառակորդին առանձին ուղղություններով, սակայն երկարատև պատերազմի դեպքում Երևանի համար դժվար կլինի»:


Իր հերթին, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը պարբերականին տված իր մեկնաբանության մեջ նշել է, որ Բաքուն ունի ավելի շատ ժամանակակից արտասահմանյան սպառազինություն, այդ թվում` իսրայելական հարվածային անօդաչու թռչող սարքեր, իսկ Երևանը հույսը կարող է դնել միայն ռուսական և խորհրդային զենքերի վրա:


«Սակայն Հայաստանն ունի ռուսական ժամանակակից «Իսկանդեր» հրթիռներ և հին խորհրդային Р-17 բալիստիկ հրթիռներ, որոնց Արևմուտքում անվանում են Scud B: Այս զենքը, որի մարտագլխիկը շուրջ մեկ տոննա է կշռում, Հայաստանը ժառանգել է խորհրդային բանակից: «Իսկանդերների» մարտագլխիկը շատ ավելի թեթև է, և դրանք կարող են ճշգրիտ հարվածներ հասցնել, բայց դժվար թե կարողանան վնասել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները: Բայց այդ հրթիռով հայերը կարող են հարվածել Բաքվի նախագահական պալատին»,-ասել է Ֆելգենհաուերը:


Կոնստանտին Սիվկովը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք հայկական ռազմական օդուժը կկարողանա հարվածել Ադրբեջանի նավթային օբյեկտներին:


«Դա հեշտ կլիներ, եթե դրանք հուսալի կերպով պաշտպանված չլինեին հակաօդային պաշտպանության միջոցներով, որոնք մնացել են դեռևս խորհրդային ժամանակներից, և Ռուսաստանից գնված լրացուցիչ տեխնիկայով: Նույն կերպ կարելի է ասել, որ Ադրբեջանի օդուժը կռմբակոծի Հայաստանի բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները, ինչն ավելի հավանական է»,-ասել է Սիվկովը:


Փորձագետի կարծիքով, չնայած հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը երկար է տևում, սակայն լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ցածր է:


«Տևական պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային: Այդ իսկ պատճառով այն տեղի չի ունենա: Ամեն ինչ կսահմանափակվի տեղային բախումներով»,-եզրափակել է Սիվկովը:


Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:


Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:


Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։


Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:


Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:


Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր