Ամեն ինչ հայկական կողմի օգտին՝Ադրբեջանն արգելափակել է սոց. ցանցերը,մեկուսացրել է արտասահմանյան լրագրողներից
Այս օրերին ՊՆ-ի կողմից տեսանյութերի ու լուսանկարների տարածումը դրսի լրատվամիջոցների համար շատ կարեւոր է. Տավուշի դեպքերի ժամանակ 1,5 օր հետո նոր սկսեցինք տեսանյութեր տեղադրել, հիմա դասեր ենք քաղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Երկրորդ, աշխարհում սկսել է շատ ակտիվ տարածվել իսլամիստ գրոհայինների մասնակցությունը, ինչը փոխում է ընդհանուր պատկերացումը, թե ինչ է կատարվում այստեղ: Այսինքն սա մի լոկալ կոնֆլիկտ չէ, որին կարելի է ուշադրություն չդարձնել: Սա մի տեղ է, որտեղ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի թշնամիներն են հայտնվել եւ պարզ է, որ ընկալումների շատ արագ փոփոխություններ են լինում: Կարող եք տեսնել, որ միջազգային շատ լուրջ լրատվամիջոցներում շատ մեծ տարափ գնաց այս թեմայի շուրջ:
Թուրքիայի ակտիվ մասնակցությունն էլ է շատ լուրջ փոխում պատկերացումները, քանի որ Թուրքիան գրեթե ողջ աշխարհում շատ նեգատիվ պատկեր ունի»,-ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ հայկական կողմի օգտին է նաեւ այն, որ Ադրբեջանն արգելափակել է սոցիալական ցանցերը, իսկ Հայաստանում բաց է. «Բացի այդ, Ադրբեջանն իրեն մեկուսացրել է նաեւ արտասահմանյան լրագրողներից: Արդեն երկրորդ օրն է Հայաստան են ժամանակում ռազմական լրագրողներ տարբեր երկրներից, եւ այստեղից բավականին մեծ հոսք է գնում դուրս, ինչը շատ լավ է: Այն կողմից արգելափակվել է արտասահմանյան լրագրողների մուտքը բացի թուրքերից: Այսինքն Ադրբեջանն ինքն իրեն մեկուսացրել է, ինչը մեր օգտին է աշխատում:
Երբ դու փակում ես սոցիալական ցանցերը, մարդկանց մոտ առաջանում է սով: Իհարկե, 1-2 օր իրենց հեռուստացույցով կերակրում են, որ Ֆիզուլին ենք գրավել, Մարտակերտն ենք վերցրել, բայց չկան կադրեր: Պարզ է, որ մարդիկ սկսում են ենթադրել, որ մի բան էն չի: Սոցիալական անցերն էլ չկա, եւ դա առաջացնում է մեծ կասկածներ պաշտոնական տեղեկատվության հանդեպ: մեզ մոտ այդ խնդիրը չկա, մերոնք ասենք նույն զոհերի մասին տեղեկությունները հրապարակում են: Ադրբեջանը բան չի հրապարակում եւ ինչքան այդ տեղեկատվական արգելափակումները շարունակվում են, այդքան դա իրենց օգտին չի աշխատում»: