Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 հոկ 2020 12:31

Հանրությունից որևէ տեղեկատվություն չի թաքցվում, խուճապ առաջացնող տեղեկություններ տարածողները պատասխանատվության կենթարկվեն

«Առաջարկում ենք սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։


Նա նշեց, որ Կառավարությունը ռազմական դրության ընթացքում աշխատում է բաց ու թափանցիկ, և հանրությունից որևէ տեղեկատվություն չի թաքցվում։ Ըստ նախարարի, ներկայացված նախագծի նպատակը հանրության համերաշխությունը խաթարելը չէ, այլ ընդհակառակը, այդ համերաշխությանը ոտնձգող որոշ ուժերի, գործիչների կամ անհատների կողմից խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների տարածման կանխումն է։


«Մենք առաջարկում ենք ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը։ Եթե ռազմական դրության սահմանած միջոցառումները խախտվեն, ապա կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Այսպես, պատասխանատվություն է սահմանվում ազատ տեղաշարժի..., կարծիքի ազատ արտահայտման, սահմանափակումը խախտելու դեպքում։


Պատասխանատվություն է սահմանվում նաև գործադուլներ կազմակերպելու և կազմակերպությունների գործունեությունը կասեցնող այլ միջոցառումների կազմակերպման դեպքում։ Ռազմական դրության իրավական ռեժիմն  ապահովող կառույցների գործունեությանը խոչընդոտելու համար ևս նախատեսվում է վարչական տույժ։ Ավելի խիստ պատիժ է նախատեսվում, եթե երկրորդ անգամ են կատարվում վերոնշյալ արարքները»,- ներկայացրեց նախարարը։


Նախարարը տեղեկացրեց, որ հստակեցվել են վարչական պատասխանատվություն սահմանելու համար պատասխանատու մարմինները. դրանք են՝ ոստիկանություն, առողջապահական, սննդամթերքի անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչական մարմինները.


«Բացի այդ, ռազմական դրության ընթացքում քրեական պատասխանատվություն է սահմանվում, եթե ռազմական դրության ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտվում են, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող կառույցների գործունեությունը խաչընդոտվում է, և եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, կամ այլ ծանր հետևանք։ Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև, եթե ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակվում է, և եթե ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտվում են»։


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է ավելի արդյունավետ՝ կոչ անել, ասելով, որ չպետք է անել այսինչ բանը, որպեսզի չվտանգվի զինվորների անվտանգությունը, թե՞՝ զգուշացնել, որ այսինչն անելու դեպքում քեզ կտուգանեն. «Բացի այդ, այս պահին, երբ ժողովուրդը միասնական է քան երբևէ, արդյո՞ք պետք էր այս նախագիծը բերել»։


Ի պատասխան, Ռուստամ Բադասյանը նշեց, որ բերված նախագիծը ոչ թե խաթարում է միասնականությունը, այլ միտված է այդ միասնականության ոգին ավելի ամրապնդելուն։


«Եթե առանձին անհատներ են հայտնվում, որոնք ռիսկի տակ են դնում մեր զինվորների կյանքն ու անվտանգությունը, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- արձագանքեց Ռուստամ Բադասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր