Էրդողանի կոչը՝ Կիպրոսում «երկու բաժանված պետությունների» վերամիավորման մասին

Կղզու վերամիավորման հիման վրա կիպրացի հույների և կիպրացի թուրքերի միջև 2017թ-ին ՄԱԿ-ի հովանավորությամբ վերջին խաղաղ բանակցությունները ձախողվեցին: Այս մասին գրում է Euronews-ը։
«Կիպրոսում կա երկու ժողովուրդ և երկու առանձին պետություն: Պետք է բանակցություններ լինեն, որոնք ուղղված կլինեն երկու առանձին պետությունների վրա հիմնված լուծմանը», - ժամանելուն պես հայտարարել է Էրդողանը, նշելով, որ վերամիավորման ծրագիրը այժմ պատկանում է անցյալին:
«Դուք չեք կարող չորացնել այսօրվա լվացքը երեկվա արևի լույսով», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային մասը 1974 թվականին՝ ի պատասխան հեղաշրջման, որը փորձում էր կղզին Հունաստանին միացնել:
Կիպրոսի Հանրապետությունը, որը միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է և Եվրամիության անդամ է, իր լիազորություններն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտու հարավում գտնվող կղզու երկու երրորդի նկատմամբ:
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը միջազգային ճանաչում է ստացել միայն Անկարայի կողմից, վերահսկում է կղզու հյուսիսային մասը, որտեղ տեղակայված են շուրջ 30,000 թուրք զինվորներ:
Հոկտեմբերի 18-ին Հյուսիսային Կիպրոսում աջակողմյան ազգայնական Էրսին Թաթարի նախագահ ընտրվելը կարող է փոխել իրավիճակը։ Ի տարբերություն իր նախորդ Մուստաֆա Ակինչիի, որը կողմ էր վերամիավորմանը, Թաթարը պաշտպանում է երկու պետության լուծումը: