Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

20 հուն 2021 16:15

Առանց Ռուսաստանի պաշտպանության Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չէ գոյատևել որպես պետություն. Regnum

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող գործունեությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Դաշնության կազմում ներառելու հավանականությանը:

Քաղաքագետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում հարցը վերաբերում է ոչ թե ԼՂ-ն Ռուսաստանին միացնելուն, այլ Ռուսաստանի կողմից դրա պաշտպանության պահպանմանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հավանականության մասին լրագրողի հարցը համարել էր «էկզոտիկ» և հայտարարել, որ «իրենք այդպիսի մտքեր չունեն»:

«Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չափազանց հստակ է: Հասկանալի է, որ սա հայկական կողմից հնչող հարցի պատասխանն էր: Հասկանալի է նաև, որ բուն Ռուսաստանում իրականում երբեք խոսք չի եղել Ղարաբաղը ՌԴ կազմում ներառելու մասին: Բայց որքան էլ տարածված լինեն բուն Ղարաբաղում Ռուսաստանին միանալու տրամադրությունները, պետք է նայել նախադեպերին:

Իսկ նախադեպերն այն են, որ, օրինակ, Հարավային Օսիայում բնակչության 85%-ը կողմ է Ռուսաստանին միանալուն, բայց դրան դեմ է համարյա ամբողջ քաղաքական դասակարգը: Նրանք վախենում են այն փաստից, որ Հարավային Օսիան, մոտ 30 տարվա պայքարի ֆոնին, ձևավորվել  ու դարձել է սեփական արմատներով և ավանդույթներով պետություն: Բայց ինչպես մի քանի տարի առաջ ասել էր Աբխազիայի այն ժամանակվա արտգործնախարար Սերգեյ Շամբան, Ռուսատանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո դրա կարգավիճակը (նաև Հարավային Օսիայի կարգավիճակը) կարելի է անվանել պրոտեկտորատ:

Մյուս կողմից, Մերձդնեստրի և Դոնբասի հանրապետությունները հանրաքվեներում միանշանակորեն հանդես են եկել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: 

Այս եզրույթի մեջ որևէ ամոթալի բան չկա: Ուղղակի պետք է հիշել բառի լատինական ստուգաբանությունը, այն է՝ պաշտպանության տակ գտնվող պետություն: Հետևաբար, Մերձդնեստրը, Դոնեցկի հանրապետությունները, Աբխազիան և Հարավային Օսիան իսկապես գտնվում են Ռուսաստանի պաշտպանության ներքո, և այս իմաստով երկրի պրոտեկտորատներն են:

Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն չի գոյատևի առանց Ռուսաստանի պաշտպանության, ուստի այստեղ հարցը ոչ թե Ռուսաստանին միանալու, այլ ՌԴ-ի կողմից դրա պաշտպանությունը պահպանելու մասին է: Հենց դրա համար է պետք պայքարել», - նկատել է Մոդեստ Կոլերովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր