Անտարբերության մեջ գտնվող մարդուն միևնույնն է, թե ինչ է տեղի ունենում
«Ինձ համար միևնույնն է… Ինձ չի հետաքրքրում… Մի խանգարեք ինձ»:
Այսպիսի արտահայտություններից յուրաքանչյուրս լսել կամ էլ արտաբերել ենք: Մարդը ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն, այսինքն, չի ուզում որևէ ընդհանուր բան ունենալ մարդկանց կամ դեպքերի հետ: Անտարբերության մեջ գտնվող մարդուն միևնույնն է, թե ինչ է տեղի ունենում, հուզական առումով նրան ոչինչ չի հետաքրքրում, ոչինչ չի ապրվում որպես արժեքավոր:
Ընդունված է ասել, որ սկզբում անտարբերությունն առաջանում է կողմնակի մարդկանց հանդեպ, հետո տարածվում է ծանոթների շրջանակի վրա, այնուհետև` ընկերների ու հարազատների, և հենց իր նկատմամբ:
Իհարկե, անտարբերության պատճառները տարբեր կարող են լինել: Այն նույնիսկ որոշ դեպքերում յուրահատուկ պաշտպանական մեխանիզմ է: Օրինակ, եթե մարդուն պարբերաբար վիրավորել են, մերժել են, նա փորձում է խուսափել այդպիսի բացասական էմոցիաներից, պաշտպանվելով` սկսում է անտարբերություն դրսևորել: Սակայն ժամանակի ընթացքում այսպիսի վերաբերմունքը կարող է կայուն դառնալ արտաքին աշխարհի նկատմամբ: Մեկ այլ օրինակ, երբ սթրեսային իրավիճակով պայմանավորված լարվածությունից հետո է ի հայտ գալիս անտարբերությունը. բացակայում է որևէ բան անելու ցանկությունը, գործողությունները անիմաստ են թվում: Կարճատև ընթացքը կարող է օգնել լրացնելու հոգեկան էներգիայի ծախսը, սակայն տևական անտարբերությունն արդեն հոգեբանական աջակցությանը դիմելու ազդանշան է:
Անտարբերությունը կարող է նաև ալեքսիթիմիայի («խոսքեր չկան զգացմունքի համար») դրսևորում լինել: Մարդիկ, ովքեր ունեն ալեքսիթիմիա, ընդունակ չեն ճանաչել և գլուխ հանել սեփական զգացմունքներից, ապրումներից, և նրանց օտար է նաև մյուսների էմոցիաները: Այս պարագայում, անտարբերությունը ընկալվում է որպես ապրումակցելու բացակայություն: Այն արգելափակում է մարդու օգնող վարքը: Ալեքսիթիմիան առաջանում է նաև որպես հետտրավմատիկ ռեակցիա, սթրեսի, դեպրեսիայի հետևանք: Այսպիսով, ալեքսիթիմիան ու անտարբերությունը կապված են միմյանց հետ, բայց միշտ չէ, որ անտարբերությունը զարգանում է ալեքսիթիմիայից:
Կա տեսակետ, որ անտարբերությունն առաջին քայլն է դեպի դաժանություն ու ագրեսիվություն: Այլ հեղինակներ էլ որպես պատճառ համարում են էգոիզմը` բացատրելով հետևյալ կերպ. երբ մարդը հավատացած է, որ հենց իր խնդիրներն են ամենաբարդը, և հիվանդագին կենտրոնացած է իր վրա, ժամանակ չի գտնում մյուսների համար: Ի դեպ, անտարբերությանը նպաստող պատճառներից են նաև թմրամոլությունը, հարբեցողությունը, հոգեկան որոշ հիվանդություններ:
Վերը շարադրվածից հասկանում ենք, որ անտարբերությունը ընդհանուր առմամբ բարեհաջող վիճակ չէ, և անհրաժեշտ է առաջանալու դեպքում փորձել արագ հաղթահարման ուղիներ գտնել, եթե ոչ ինքնուրույն, ապա հոգեբանի աջակցությամբ:
Երանի՜ յուրաքանչյուր մարդ անկեղծորեն հարցներ իրեն, թե ինչ կզգար ինքը, եթե այլ մարդիկ անտարբեր լինեին իր նկատմամբ, ապա կհասկանար, որ մարդկային կյանքը ներդաշնակ է սիրո, ուշադրության, հոգատարության շնորհիվ: Արդյունքում, դժվար կլիներ անտարբեր լինել…
հոգեբան Սոնա Հարությունյան
Hayacq.com