Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

10 մար 2021 21:25

Դիտարկումներ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ

Վարչապետ Փաշինյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանից առաջ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, «Իմ Քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քաղաքական խորհրդակցություններն վերջի ի վերջո պսակվեցին հաջողությամբ և ընտրություններ անցկացնելու ժամկետների շուրջ կա միասնական քաղաքական դիրքորոշում:

Անշուշտ, մեր կարծիքով, պատերազմից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ սահմանադրական ու օրինական ճանապարհը արտահերթ ընտրություններն են: Իհարկե, նաև, այն հնարավորություն է, որ իշխանությունը վերահաստատի իր լեգիտիմությունը՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով, որ «նախկինները սխալ էին, ներկաները՝ ճիշտ», իսկ արմատական ընդդիմության համար հրաշալի միջոց է իշխանությանը «ապազգային, հակապետական ու դավաճան» հռչակելու և քաղաքական պատսխանատվության կանչելու համար:

Սրան դեռ կհասցնենք անդրադառնալ, իսկ հիմա էականի մասին

Շեշտադրումներն այս անգամ նոր խորհրդարանի համամասնությանն ու քաղաքական էությանն են վերաբերում: Մենք գտնում ենք, որ ընտրություններն պետք է անցկացվեն այնպես, որ դրանց պետք է մասնակցեն այն քաղաքական ուժերը, որոնք կարող են քաղաքական բովանդակություն և միտք ստեղծել նոր պառլամենտում: Այլ կերպ ասած, նոր պառլամենտը պետք է լինի բազմակուսակցական, բայց քաղաքական բանավեճի հարթակ, որտեղ իշխանություն և ընդդիմություն առճակատումները պայմանավորված չեն լինի միայն կամ ոչ միայն և ոչ այնքան օրվա քաղաքական շահի կամ հետաքրքրությունների հանգամանքով, այլ հանուն պետության, ճշմարտությունը պետության զարգացմանը և անվտանգությանը ծառայեցնելու իմաստով: Այս տեսանկյունից, օրվա հրամայականն է, որպեսզի խորհրդարանում ձևավորվի իրական գաղափարական ընդդիմություն, որը բացի քաղաքական հրապարակային հռետորաբանությունից նաև իրական այլընտրանք կհանդիսանա ընտրություններում հաղթող ուժի համար:

Համոզված ենք, որ քաղաքական ճգնաժամի լուծումը տեղի չի ունենա միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններով, եթե դրանք անցկացվեն հին ընտրական օրենսգրքի առկայությամբ:  Ընտրությունները պետք է տեղի ունենան նոր օրենսդրությամբ, խորհրդարան պետք է անցնեն առնվազն 5-6 կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, որպեսզի ապահովվի քաղաքական բազմակարծությունը, հանրային տարբեր շերտերի ձայնը լսելի դառնա և ամենակարևորը զարգանա քաղաքական, մասնավորապես պառլամենտական մշակույթը, ինչը իր հերթին կարող է նպաստել նաև միջկուսակցական կապերի ձևավորմանը՝ երկարաժամկետ կտրվածքով կայուն և զարգացած կուսակցական համակարգին:

Այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաքրքիր առանձնահատկություններից է այն, որ կարելի է որոշակի վերլուծական աշխատանքի միջոցով հասկանալ այն մարդկանց տրամադրությունները, ովքեր կտրականապես դեմ են նախկիններին, այսօր էլ միանշանակ չեն սատարում ներկաներին: Այսօր դեռևս չենք նշմարում այն քաղաքական կազմակերպությանը, որը կկարողանա միավորել այս մարդկանց և ընտրություններում գրանցել շոշափելի հաջողություններ:

Քաղաքական ուժերից կպահանջվի որևէ պարագայում զերծ մնալ բռնության կոչերից, ատելությունից, թշնամանքից և իրար անվանարկելուց՝ քաղաքականությունն ամենևին այդ մասին չէ…
 
ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ, քաղաքագետ Սմբատ Ղահրամանյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր