Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջել են ստուգել ԱՄՆ-ի կենսալաբորատորիան՝ կանխելու հետագա համաճարակները

Ավելի վաղ, ինչպես հաղորդել էր Associated Press-ը, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը: Այնուհետեւ նա հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է 2019 թվականի դեկտեմբերին COVID-19-ով վարակվածության առաջին դեպքերի շրջանի լաբորատորիաների ու հետազոտական հաստատությունների ստուգում իրականացնել:
ՉԺՀ բնակիչների բաց նամակում ասվում է, որ հետագա համաճարակները կանխելու համար ԱՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի լաբորատորիաներին, որոնք ուսումնասիրում են վտանգավոր վարակները կամ կենսաքիմիական զենքերը: Նամակում առանձնացված է Մերիլենդ նահանգի Ֆորտ Դեթրիկ քաղաքում տեղակայված ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական հետազոտությունների ինստիտուտը (USAMRIID), որտեղ, ինչպես պնդում են, պահվում են վտանգավոր եւ վարակիչ վարակներ՝ Էբոլա, SARS, MERS եւ ջրծաղիկ: Դրանցից ցանկացածի արտահոսքը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել:
«2019 թվականի աշնանը լաբորատորիայից արտահոսք է ունեցել նախքան COVID-19 համաճարակի բռնկումը, սակայն ԱՄՆ-ն ազգային անվտանգության պատրվակով մանրամասն տեղեկություններ չի բացահայտում», - ասվում է նամակում:
Նշվում է, որ Չինաստանը թույլ է տվել արեւմտյան երկրների վարակաբաններին եւ ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այցելել Ուհանի վարակաբանության ինստիտուտ, սակայն ԱՄՆ-ը չի բացել Ֆորտ Դեթրիկի լաբորատորիան եւ «նախնական տվյալներով չի կիսվել ԱՄՆ աշխարհաքաղաքական ազդեցությունից անկախ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ»:
Ամերիկյան լաբորատորիան, ըստ թերթի, ժամանակավորապես փակվել է 2019 թվականին՝ ԱՄՆ Հիվանդությունների վերասհկման եւ կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԿ) կողմից ստուգումների ենթարկվելուց հետո: Փակման պատճառը եղել են «կեղտաջրերի ախտահանման հետ կապված ենթակառուցվածքային խնդիրները», սակայն, հրատարակության կարծիքով, բացատրությունը համոզիչ չէր: Միայն վարակի ծագումը պարզելով՝ աշխարհը կարող է վերացնել հնարավոր վտանգները եւ խուսափել համաճարակի հաջորդ բռնկումներից, գրել է թերթը:
Չինացի մի խումբ օգտատերեր նամակ են պատրաստել եւ թերթին խնդրել են հրապարակել այն սոցիալական ցանցերում, ինչը արվել է շաբաթ՝ հուլիսի 17-ին: Մեկ օրվա ընթացքում նամակը հավաքել է ավելի քան 500 հազար ստորագրություն, նշել է թերթը: