Վարչապետը չի տալիս երաշխիքներ հայ գերիների վերադարձի համար, այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից, նա վճռորոշ դերակատար չէ այս գործընթացներում
![](https://panorama.am/news_images/847/2540651_1/fhggfhf.thumb.jpg)
Նշենք, որ գերիների հարազատները երեկվանից հավաքվել են կառավարության շենքի դիմաց և պահանջում են, որ կառավարությունից իրենց պատասխան տան` ե՞րբ են վերադառնալու իրենց զավակները։
«Գերիների հարազատներն ակնկալում են ավելի հետևողական ու ակտիվ դիվանագիտական աշխատանք, որպեսզի մարդասիրական խնդիրները լուծվեն օր առաջ։ Եթե Ադրբեջանը չի պահպանում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա հայկական կողմը պետք է ավելի ինտենսիվ աշխատանք կատարի միջազգային կառույցներում, որպեսզի քննադատություններից զատ, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Պարզ է, որ գերեվարված անձանց վերադարձի ձգձգումը պատերազմական հանցագործություն է, ուստի նման գործելակերպ դրսևորող երկրի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պետք է քաղաքական պատժամիջոցներ կիրառվեն։ Այստեղ բացեր կան, հետևաբար Հայաստանի կառավարությունը դեռ լուրջ անելիք ունի»,-ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի կարծիքով` բազմաթիվ ընտանիքների հետ հանդիպումներ եղել են, հնչել են որոշակի խոստումներ, բայց վերջնարդյունքում էական տեղաշարժեր չեն եղել, և առկա պայմաններում հասկանալի է, որ կոնկրետ ժամկետների ու գործողությունների ակնկալիք ունեն գերիների հարազատները, բայց նման երաշխիքներ վարչապետը չի տալիս և այդ պատճառով էլ խուսափում է հանդիպումներից։
«Չեմ կարծում, որ խնդրի լուծումը գտնվում է վարչապետի գործունեության տիրույթում, դա նրա համար անհաղթահարելի իրավիճակ է` կախված այլ գործընթացներից և այլ անձանց կամքից։ Մեծ հաշվով ՀՀ վարչապետը վճռորոշ դերակատար չէ այս գործընթացներում»,-նշեց իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ` Ադրբեջանն առկա խնդրում փորձելու է սակարկել, որոշ դեպքերում առևտրի առարկա դարձնել գերիների հարցը, և նման վարքագիծն ի սկզբանե կանխատեսելի էր, հետևաբար ոչ թե պետք է դրա համար մեղադրել Ադրբեջանի կանխատեսելի իշխանություններին, այլ քննադատել հայկական կողմին բանակցություններում թույլ տված սխալների համար, քանի որ երաշխիքներ չեն տրվել, որ Ադրբեջանը հետագայում խնդիրը շահարկման առարկա չդարձնի։ Ավելին, հայկական կողմը, ըստ Սահակյանի, չպահպանեց այն լծակները, որոնք կարող էին պիտանի լինել գերիների հարցը վերջնականորեն լուծելու համար։