Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

17 սեպ 2016 15:45

Եթե կարողանանք կառավարել սթրեսը, ապա կկանխենք ցավի տարածվածությունը

Սեպտեմբերի 16–ին Երևանում բացվեց Սթրեսի և ցավի կառավարման՝ տարածաշրջանում առաջին կենտրոնը:  Այն նպատակ ունի իրականացնել տեղեկատվական, վերապատրաստման, գիտագործնական գործառույթներ, բազմակողմանի մոտեցում ապահովել սթրեսի և ցավի կանխարգելման, ախտորոշման, բուժման, կառավարման գործընթացում: 
Կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, Հ.Գ.Թ Սոնա Հարությունյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ եթե սթրեսի կամ սթրեսի կառավարման մասին կա որոշակի պատկերացում, ապա ցավի և ցավի կառավարման վերաբերյալ պատկերացումները բավական սուղ են և այս առումով շատ մեծ աշխատանքներ պետք է իրականացվի հատկապես տեղեկատվական դաշտում, քանի որ այսօր անգամ շատ բժիշկներ զարմանքով են արձագանքում «ցավը կառավարել» արտահայտությանը. «Շատ կարևոր է համագործակցությունը լրատվամիջոցների հետ, ինչպես նաև կկազմակերպվեն դասընթացներ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ սթրեսի և ցավի կառավարման հմտությունները սովորեցնելու համար»: 

Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության հիմքում դրված է բիոփսիխոսոցիալական մոդելը՝ բժիշկների, հոգեբանների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ.  «Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ համալիր մոտեցում ապահովենք: Եթե շատ հաճախ ցավով պացիենտը դիմում է բժշկի և ստանում որոշակի բժշկական միջամտություն, այնուամենայնիվ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ նման պացիենտները ունենում են հոգեբանական խորհրդատվության անհրաժեշտություն: Եթե կա ցավ, ապա կա հոգեբանական գործոների համադրություն՝ մասնավորապես սթրես, և անհրաժեշտ է նաև համագործակցել  հոգեբանի ու սոցիալական աշխատողի հետ: Հիմնվելով  Ցավի ուսումնասիրման  միջազգային ասոցիացիայի կողմից ընդունված միջդիսցիպլինար մոտեցման վրա, մենք ևս փորձում ենք առաջնորդվել համալիր մոտեցմամբ»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Սոնա Հարությունյանը կարևորեց նաև որ կենտրոնը ունի վերապատրաստման և գիտահետազոտական գործառույթներ. «Վերապատրաստումը ակնկալվում է անցկացնել ապագա բժիշկների, ապագա հոգեբանների հետ, որպեսզի նրանք ունենան որոշակի գրագետ պատկերացում, այս հիմնախնդիրների ախտորոշման, կանխարգելման, բուժման հետ կապված: Գիտահետազոտական գործառույթը հնարավորություն է տալիս բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են սթրեսով և ցավով, իրականացնեն հետազոտական աշխատանքներ: Այս դեպքում կենտրոնը կտրամադրի համապատասխան բազա և մեր մասնագետները կաջակցեն գիտահետազոտական աշխատանքի ողջ ընթացքում: Կենտրոնի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն սթրեսի կառավարման գործընթացին: Եթե մենք կարողանանք կառավարել սթրեսը դրանով  կկանխենք արդեն ցավի տարածվածությունը և հակառակը, եթե կա ցավ, ապա ցավի կառավարումը կնպաստի սթրեսային վիճակների նվազեցմանը»: 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանն էլ նշեց, որ կենտրոնը չի հավակնում մատուցել նեղ բժշկական պրոֆիլի բոլոր ծառայությունները: Այն համագործակցելու է տարբեր բուժհաստատությունների հետ և համակարգելու է տարբեր պրոֆիլի մասնագետների աշխատանքը, քանի որ սթրեսի բուժումը, հատկապես ցավի բուժումը մուլտիդիսցիպլինար մոտեցում է պահանջում.«21-րդ դարում տեղեկատվության հոսքը, միգրացիոն գործընթացները և այլ երևույթները սթրեսի աղբյուր են դառնում, իսկ դրանք իրենց հերթին սոմատիկ ցավերի պատճառ են հանդիսանում և  ազդում մարդկանց աշխատանքի արդյունավետության վրա: Արտասահմանում շատ հաստատություններ իրենց աշխատակիցներին ուղարկում են սթրեսի կառավարման թրեյնինգների: Վառ օրինակ է Լոնդոնի մետրոպոլիտենը, որը նման թրեյնինգի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին, ինչի արդյունքում պակասել են մետրոյում վթարների և պատահարների դեպքերը»:

Նկատենք, որ, կենտրոնի բոլոր ծառայություններն ունեն նաև առցանց հնարավորություններ՝ այսինքն ծառայություններից հնարավոր է օգտվել նաև օնլայն տարբերակով: Կենտրոնի առաջին թրեյնինգը կկայանա հոկտեմբերի 10-ին, որը կլինի բնության գրկում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր