Ցավը սթրեսի «մարմնական դիմակն» է
Ցավի հոգեբանական տեսությունների իմացությունը անհրաժեշտ է ցավի հիմնախնդրի հասկացման և հաղթահարման գործընթացում համալիր մոտեցում ապահովելու համար: Գրականության մեջ հաճախ են անդրադարձել ցավի ֆիզիոլոգիական տեսություններին` ստվերում թողնելով հոգեբանական ասպեկտը, նաև այդ պատճառով հետաքրքիր կլինի տեղեկանալ ցավի հոգեբանական տեսություններին ցավի մասին պատկերացումն ամբողջական
դարձնելու համար: Ցավի հոգեբանական տեսություններից ներկայացնենք հոգեվերլուծական տեսությունը, հոգեմարմնական տեսությունը, կոգնիտիվ սխեմայի տեսությունը, սթրեսի տեսությունը:
Հոգեվերլուծական տեսության շրջանակներում Զ. Ֆրոյդը ցավը դիտել է որպես հոգեվերլուծության
գործընթացի կողմնացույց և եզրակացրել, որ ենթագիտակցականում թաքնված կոնֆլիկտների
«առաջնային դրսևորումը» հրահրում է ցավ, իսկ այդ կոնֆլիկտների վերլուծական «բուժումը»
վերացնում է այն: Սկսած Զ. Ֆրոյդի ժամանակներից՝
քրոնիկական ցավով պացիենտների ամուսնական փոխհարաբերություններին նվիրված հետազոտությունները
բացահայտել են անբավարարվածություն իրենց ամուսնությունից և սեռական կյանքից: Ընտանեկան
հիմնախնդիրներից կարելի է առանձնացնել ամուսինների կոնֆլիկտային իրադրությունները քննարկելու
և բացասական զգացմունքների` զայրույթի, նյարդայնության, վշտի բացահայտ արտահայտման
բացակայությունը: Հավանաբար քրոնիկական ցավն այդ պացիենտների շրջանում ձևավորվում է
կոնվերսիայի մեխանիզմով, որի դերի մասին վկայում են մի շարք մասնագետներ:
Հոգեմարմնական տեսության մեջ Գ. Էնգելը հիմնավորում
է, որ ցավը կարող է գոյություն ունենալ որպես «զուտ հոգեկան ֆենոմեն»՝ առանց ծայրամասից
ստացվող ցավային ազդակի: Նրա կարծիքով որոշ պացիենտների մոտ ցավը մեղքի զգացումը թուլացնելու
միջոց է, մյուսների մոտ` ուժեղ ագրեսիվ հակումների առկայությունը արգելքի հանդիպելով,
հանգեցնում է ցավի դրսևորման: Կորստի կամ կորստի վտանգի դեպքում երբեմն առաջանում է
ցավ՝ «փոխակերպման» մեխանիզմով: Տվյալ տեսության
մեջ ցավը բացառիկ կարևոր դեր է կատարում անհատի հոգեբանական կյանքում: Այս իմաստով
Ա. Մենեգետտին (2005 թ.), ցավը համարում է կատարսիս, հոգևոր դեղամիջոց:
«Կոգնիտիվ սխեմայի» տեսությունը (Ս. Հ. Դոնիաս, 1991) ցավը դիտարկում է որպես սթրեսը հաղթահարելու
հակազդում: «Արդյունավետ սխեման» գործելու դեպքում առաջանում է կարճատև ցավ, որը չեզոքացնում
է չափից ավելի ուղեղային ակտիվությունը: Հետագայում պաշտպանական մեխանիզմները հյուծվելու
դեպքում գործում է «արատավոր սխեման» աննշան ազդակին տրվում է անհամապատասխան ուժեղ
և տևական ցավի պատասխան, որը համապատասխանում է քրոնիկական ցավի փուլին:
Սթրեսի տեսության համաձայն` ցավը սթրեսի «մարմնական դիմակն» է: Սթրեսին տրվող
այսպիսի հակազդումը դիտարկվում է դեռևս մանկական տարիքում, երբ հոգեբանական խնդիրները
երեխաների շրջանում դրսևորվում են որովայնային ցավերով՝ ընտանեկան անբարենպաստ մթնոլորտի
կամ առօրյա կենսակերպի փոփոխությունների ժամանակ (առաջին օրերը մանկապարտեզում կամ
դպրոցում): Այն կարող է դրսևորվել նաև մեծահասակների
շրջանում, օրինակ՝ Ա. Թադևոսյանն իր «Սթրեսաբանություն» գրքում մեջբերել է, որ պացիենտներից
մեկը գանգատվել է մեջքի և ոտքի ցավերից ամեն անգամ բնակարանային հարցով քաղաքի վարչակազմի
հետ պլանավորված այցելության նախօրյակին:
Վերը
ներկայացված տեսությունները հաստատում են հոգեբանական գործոնների նշանակալի դերը ցավի առաջացման, հասկացման, հաղթահարման գործընթացում:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,
հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյան