Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

10 հոկ 2018 23:18

Հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր. Հարցազրույց հոգեբան Սոնա Հարությունյանի հետ

Հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր. Հարցազրույց հոգեբան Սոնա Հարությունյանի հետ2004 թ.-ից հոկտեմբերի 11-ը նշվում է որպես ընդդեմ ցավի համաշխարհային օր: Օրվա խորհրդի և հոգեբանական գործոնների մասին Hayacq.com-ը զրուցեց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-2004 թ.-ին հոկտեմբերի 11-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր: Այս օրը ի՞նչ խորհուրդ ունի իր մեջ:
-Այո, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց առանձնացնել ընդդեմ ցավի համաշխարհային օր, և այս նախաձեռնությանը միացան Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցացիան ու Ցավի ուսումնասիրման եվրոպական միությունը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության, մասնագետների ուշադրությունը կենտրոնացնել ցավի հիմնահարցերի լուսաբանման և հաղթահարման ուղիների վրա: Ընդդեմ ցավի համաշխարհային օրվա շրջանակներում յուրաքանչյուր տարի նվիրվում է ցավի որևէ տեսակի ուսումնասիրությանը, իսկ 2018թ.-ը հայտարարվել է ՑԱՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԱՐԻ: 
 
-Հայաստանում ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
-Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնը ՀՀ-ում առաջինն էր որ միացավ այս նախաձեռնությանը: Եվ հետևաբար,  կազմակերպում է ցավին առնչվող թեմաներով միջոցառումներ, որոնք նպաստում են ցավի վերաբերյալ`
· Հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:
· Պացիենտների իրազեկվածության ապահովմանը:
· Մասնագետների կրթության զարգացմանը:
Կենտրոնը նաև ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները` փորձի փոխանակման  շնորհիվ ցավի տարածվածության նվազեցման արդյունավետ բանալիներ ձեռք բերելու համար:
 
-Վերջին ժամանակներում ցավը դիտվում է ոչ միայն որպես մարմնական դրսևորում, այլ կարևորվում է նաև հոգեբանական կողմը: Կարո՞ղ ենք ասել, որ միահյուսված են հոգեբանականն ու ֆիզիոլոգիականը: 
-Իրավացի եք, վերջին 15 տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում հատկապես ցավի և հոգեբանական գործոնների միջև կապին: Հետևաբար, ցավը հասկանալու և հաղթահարելու համար տարբեր մասնագետներ պետք է համագործակցեն. ցավը հոգեբանականի և ֆիզիոլոգիականի միասնություն է:
-Խոսենք ցավի հոգեբանական պատճառներից, որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը:
Ցավը և հոգեբանական գործոնները պատճառ-հետևանքային կապի մեջ են: Ինչպես ցավն է ընդունակ առաջացնել սթրես, այնպես էլ քրոնիկ սթրեսը ընդունակ է դրսևորվել ցավի միջոցով: Սերտ կապվածություն գոյություն ունի նաև ցավի և դեպրեսիայի միջև: Ցածր ինքնագնահատականը, բացասական հույզերի կուտակումը, հոգեկան տրավման, մեղքի զգացումը ևս գործոններ են, որոնք նախորդում են ցավային գանգատի առաջացմանը: 
 
-Որո՞նք են ցավի հիմնախնդիրները ժամանակակից փուլում: 
Եթե նախկինում ցավը դիտարկվում էր որպես զգայական և հուզական տհաճ ապրում` պայմանավորված հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքով, ապա վերջերս Ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիան  ներկայացրել է ցավի հետևյալ սահմանումը. «Ցավը դիսթրեսային փորձառություն է` կապված հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքի, զգայական, հուզական, կոգնիտիվ և սոցիալական բաղադրիչների հետ»: Սահմանումն արդեն իսկ շեշտադրում է հոգեբանական գործոնների անժխտելի դերը ընդդեմ ցավի գործընթացում: Ներկայումս ցավի հիմնախնդիրների լուսաբանումը և լուծման ուղիները հնարավոր է գտնել միայն միջդիսցիպլինար կամ բազմամասնագիտական մոտեցման միջոցով: 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր