Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

03 փետ 2022 12:09

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Գերմանիայի դատարանն արդարացրեց վրիժառու Թեհլիրյանի «հանցանքը». Պատմական փաստ

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի  Շարլոտենբուրգ – Հարդենբերգ փողոցների խաչմերուկում  ատրճանակից արձակված մի գնդակով  սպանություն էր կատարվել:


Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական  մարդասպան: Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի:


Սպանողը երիտասարդ  հայ էր,  մաքրակենցաղ, համեստ կյանքով ապրող մի  ուսանող:


Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել էր ժողովրդասպան մի հանցագործի, ցեղասպանի։  Գերմանիայի դատարանը քննում էր Թեհլիրյանի մեղադրանքի հիմքերը։ Ինքը՝ Սողոմոն Թեհլիրյանն իրեն վերագրած մեղադրանքին պատասխանել էր այսպես. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։


Ինչո՞ւ և ինչպե՞ս Գերմանիայի դատարանն արդարացման որոշում կայացրեց  Մեհմեդ Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլիրյանի վերաբերյալ։ Այս  մասին շատ է խոսվել, գրվել, բայց մեր օրերում կարծես մոռացվել է կամ փորձ է արվում մոռացության մատնել։ «Փաստինֆո»-ն առաջարկում է վերադառնալ պատմության քառուղիները՝  ընդհուպ մինչև Քեմալական Թուրքիա։


Դատավարություն՝ Հայոց Ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի նկատմամբ


1918թ. Մուդրոսի զինադադարից հետո, ձգտելով ազատվել երիտթուրքերի վարկաբեկված վարչակարգից և կանխելով Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած դաշնակիցների՝ Թուրքիայի հանդեպ հնարավոր պատժիչ գործողությունները, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված  քեմալական նոր կառավարությունը որոշում է Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին, ինչպես նաև՝  «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին։


1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումներով Անկարայի նախկին վալի Մազհար բեյի գլխավորությամբ  կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր, որոնք սկսում են հավաքել արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ և հրամաններ, ինչպես նաև ականատեսների վկայություններ: Արդյունքում, ձերբակալվում են  երիտթուրքերի մի շարք նախարարներ ու կուսակցության ղեկավարներ, շրջանային պատասխանատու քարտուղարներ, լիազորներ, կուսակալներ, զինվորականներ և այլ պաշտոնյաներ: 


Հայոց Մեծ  Ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրքերի կուսակցության պարագլուխների և նախարարների դատավարությունը սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Ստամբուլում և ընդհատումներով շարունակվում մինչև հունիսի 26-ը (տեղի է ունենում 13 նիստ): Այս դատաքննությունների ընթացքում հեռակա կարգով մեղադրվում են  11 ու դատավարությանը ներկա 20 կուսակցական և պետական բարձրաստիճան գործիչ:


Նույն թվականի մայիսի 28-ին անգլիական հրամանատարությունն անսպասելիորեն 77 մեղադրյալի թուրքական բանտից աքսորում է Մալթա կղզի: 


Երիտթուրքերի առաջնորդները դատապարտվել են մահապատժի անգամ Թուրքիայի դատարանի կողմից


Երիտթուրքերի հանցագործությունների գործով վերջիններիս դատավճիռը հրապարակվում է 1919թ. հուլիսի 5-ին: 31 հանցագործներից 4-ը` Ներքին գործերի նախարար, երիտթուրքերի կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ ու մեծ վեզիր (1917-1918) Թալեաթ փաշան, Ռազմական նախարար Էնվեր փաշան, Ծովային նախարար, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Սիրիայում թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշան և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի, «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի անդամ, հանրակրթության նախարար դոկտոր Նազըմը հեռակա կարգով դատապարտվում են  մահապատժի: Մյուս 27 մեղադրյալների մեծ մասը դատապարտվում են տարբեր տարիների ազատազրկման, իսկ մի խումբ մեղադրյալներ հանցանշանների բացակայության պատճառով արդարացվում են:


Հատկանշական է, որ Սևրի պայմանագրի կետերից մեկը նույնպես  անդրադառնում էր մասսայական բռնություններ իրականացրած թուրք հանցագործներին պատժելու խնդրին: Հետևաբար, թուրքական կառավարությունը ընդունում էր նաև Դաշնակից տերությունների իրավունքը` քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն պատերազմի օրենքների և սովորույթների դեմ գործողությունների իրականացման մեջ մեղադրվող անձանց, այլև պարտավորվում էր «Դաշնակից տերություններին հանձնել վերջիններիս կողմից պահանջվող անձանց, որոնք պատասխանատու էին պատերազմական վիճակում Օսմանյան կայսրության մեջ մինչև  1914թ. օգոստոսի 1 -ը  տվյալ տարածքներում ջարդերի  իրագործման համար»: 


Դատավարություններին առնչվող բոլոր  արձանագրություններն ու որոշումները 1919-1920թթ. Հրատարկվում են  թուրքական պաշտոնական «Թաքվիմ-ը վեքայի» թերթի հավելվածներում: Բոլոր անվանաթերթերը կրում են «Նորին մեծություն Փադիշահի 1335թ.(1919) մարտի 8-ի կայսերական հրամանով կազմված ռազմական արտակարգ ատյանի դատավարության արձանագրությունը» խորագիրը: 


Մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը` ծածկագիր հեռագրերը, նամակները, փաստում են, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են  նախապես կանխամտածված և իրականացվել են բացարձակապես կուսակցության կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով: 


Այսպիսով, 1919-1920թթ. թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքական դատավարությունն այն եզակի ու անհերքելի փաստերից է, որով ապացուցվում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ պետականորեն կազմակերպված ու իրագործված ցեղասպանությունը: Այս դատաքննություններն ու մեղադրական եզրակացությունները լուրջ փաստարկներ են թուրքական պաշտոնական պատմագրության` Հայոց Ցեղասպանությունը ժխտող պնդումները հերքելու համար: 


Վերադառնալով հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից գնդակահարության ենթարկված Երիտթուրքական կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Մեհմեդ Թալեաթ Փաշայի դատավարության  գործին, անհրաժեշտ է փաստագրել՝  վերջինս երկու անգամ  թուրքական իշխանության կողմից մահապատժի է դատապարտվել։


Առաջին անգամ մահապատժի որոշում է կայացվել 1915 թվականի մայիսի 24-ին, վերջինիս մահից դեռևս վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիան Անգլիան և այլ դաշնակից պետությունները «France press» գործակալության միջոցով թուրքական պաշտոնական «Հավաս» գործակալությանը հայտնել էին, որ օրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո հայկական ջարդեր կազմակերպելու համար պատասխանատվության են կանչվելու և պատժվելու են խստագույն դատով` մահապատժով։ Սա թերևս Թալեաթ փաշայի մահապատժի առաջին դատավճիռն էր, որ չիրագործվեց, որովհետև  պատերազմից անմիջապես հետո, անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով, ոչ թե մահավճիռ գործադրեցին« այլ նրանց փոխադրեցին-աքսորեցին Մալթա կղզի, որտեղից էլ նրանք մեկ առ մեկ փախուստի դիմեցին։


Թալեաթը դատավճռով մահապատժի  է դատապարտվել երկու անգամ, սակայն իրականացրեց Թեհլերյանը


Երկրորդ անգամ Թալեաթ փաշան մահապատժի դատապարտվեց 1920-ին, երիտթուրքական  կառավարության տապալումից  հետո կազմակերպված թուրքական նոր կառավարության ռազմական դատարանի կողմից: Երկրորդ անգամ  ևս դատավճիռը չգործադրվեց։ Թալեաթ փաշային հաջողվեց  կեղծ անձնագրով, ուրիշի անվան տակ, անդրծովային ճանապարհով  հատել Թուրքիայի սահմանն ու հասնելով Բեռլին՝ հաջողությամբ թաքնվել այնտեղ։


Երրորդ դատավճիռն ուրիշ էր: Այն որևէ պետության դատական համակարգի կողմից կայացված որոշում չէր։  Այս մեկը  ցեղասպանությունից մազապուրծ  հայ ժողովրդի անունից կայացված դատավճիռ էր, որից ոճրագործ ցեղասպանին խուսափել չհաջողվեց։ Սա այն դատավճիռն էր, որի իրականացումը վստահվել էր հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանին։


Իրականում  Թեհլիրյանի գործած «հանցանքի» ողջ էությունը այդպես էլ հասկացել էին նաև  նրա դատապաշտպանները. «Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլիրյանը) փողոց իջավ և ատրճանակն ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր մի  ամբողջ ժողովրդի պատվի դրոշը՝ դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի … Համակ պետություններ են պայքարում մարդասպանների դեմ, հետևապես մարդասպաններին ոչնչացնելը համամարդկային պարտականություն է» (հատված Սողոմոն Թեհլիրյանի պաշտպանի ելույթից)։


Դատավարության պատմությունը վկայում է՝  Բեռլինի դատավորը  գիտեր, թե ինչու է Թեհլիրյանը սպանել Թալեաթին: Այնուամենայնիվ, նրա մտահոգությունը մեկն էր, որպեսզի դատը  քաղաքական բնույթ  չստանա։


Այսպիսով, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ,  «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ,  1913-1917թթ. Ներքին գործերի նախարար, 1917-1918 թթ. Օսմանյան Կայսրության մեծ վեզիր,  1915-ին և  1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի, այնուհետև նաև Քեմալական շարժման առաջնորդների կողմից մահապատժի  դատապարտված Մեհմեդ Թալեաթ փաշայի գնդակահարության համար դատապարտվող հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանն արդարացվում է գերմանական դատարանի կողմից և ազատ արձակվում դատարանի դահլիճից։


Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Գերմանիայի դատարանն արդարացրեց վրիժառու Թեհլիրյանի «հանցանքը»։ Որ Թեհլիրյանն, ամենայն հավանականությամբ չի դատապարտվի և ազատազրկման չի ենթարկվի գերմանական դատարանի կողմից, այս մասին գիտեին նաև ցեղասպան Թալեաթի նկատմամբ վրեժի ծրագիրը կազմած «Նեմեսիս» գործողության անդամները, նրանք, ովքեր հանձն էին առել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրքերի պարագլուխների մահապատիժը։


Թեհլիրյանն իրապես մարդ էր սպանել, բայց մարդասպան չէր։  Թեհլիրյանը պարզապես միանձնյա կերպով ի կատար էր ածել 1915 և  1919 թվականներին  Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի  և քեմալականների կողմից մահապատժի  դատապարտված Մեհմեդ Թալեաթ փաշայի գնդակահարության օրինական որոշումը, որը չցանկացան կամ չկարողացան  իրականացնել քեմալական  շարժման պարագլուխները կամ Հայոց Մեծ  Եղեռնի իրականացման վարագույրի հետևում թաքնված գերտերությունները։


Հոդվածի պատրաստմանն աջակցել է    իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր