ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 ապր 2022 17:16

Եթե Ադրբեջանի առաջ Մեծ Բրիտանիան և Թուրքիան խնդիր դնեն՝ Արցախում ռազմական գործություններ սադրել, ապա Կասպից ծովում ռուսական նավատորմի կողմից հրթիռների ողջույններ կուղարկվի անձամբ Ալիևին

«Որպեսզի գնահատենք, թե երեկ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը որքանո՞վ է հայկական շահ հետապնդում, նախ և առաջ պետք է պարզենք՝ տեղի ունեցած հանդիպման ընթացքում եվրոպական կառույցներից մեկի ղեկավարն ի՞նչ շահեր էր սպասարկում և ի՞նչ խնդիր էր լուծում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝վերլուծելով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Միշել -Ալիև - Փաշինյան եռակողմ բանակցությունները։


Նրա դիտարկմամբ՝ Արևմուտը խիստ անհրաժեշտ է, որպեսզի դեպի Եվրոպա այլընտրանքային գազի մուտք ապահովվի՝ թուրքմենական, ադրբեջանական, չի բացառվում նաև՝ իրանական գազամուղների միջոցով, Հայաստանից, Վրաստանից, Սև ծովով դեպի Եվրոպա. «Հետևաբար, Եվրոպային պետք է ժամ առաջ Հայաստանի և Եվրապայի միջև Խաղաղության պայմանագիր կնքվի։ Բոլորովին պատահական չէ, որ խնդրի շուրջ ակնհայտ շտապողականություն է ցուցաբերում նաև ադրբեջանական կողմը։ Հիշենք Ալիևի վերջերս կատարած հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ընդ որում, նույն Եվրոպային բացարձակ չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, հետաքրքիր չէ նաև՝ դրան հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետության ո՞ր շահերը կոտնահարվեն»։


Նա համոզված է, որ հայկական կողմի շահերն այս գործընթացում անկասկած ոտնահարված են, ընդ որում, բազմաթիվ շահեր.«Մասնավորապես, ոտնահարվում է, օրինակ, ռազմագերիների հետ կապված հարցը, որ սկզբունքորեն ձախողված է։ Անցնենք հայելային հետքաշման թեմային՝ Փառուխի, Խրամորթի և Քարագլխի պարագայում մենք տեսանք՝ ինչ ասել է հայելային հետքաշում կոչվածը։ Խոսք չկար նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացրած միջազգայնորեն դատապարտելի արարքների վերաբերյալ որևիցե կեցվածք կամ դիրքորոշում։ Էլ չեմ խոսում զանգվածային բնաջնջման՝ ֆոսֆորային և կասետային զենքերի կիրառման հետ կապված որևէ անդրադարձ։ Արցախի հոգևոր կենտրոնների հետևողական ոչնչացման, այսինքն՝ մշակութային ցեղասպանության հետ կապված խնդիրներին նույնպես նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում որևէ անդրադարձ չեղավ։ Կարճ ասած՝ Եվրոպային պարզապես անհրաժեշտ է՝ ժամ առաջ ստորագրել մի համաձայնագիր, որով կկարգավորվեն այլընտրանքային գազի մատակարարման հետ կապված իրենց շահերը»։


Ռազմական փորձագետը նկատում է՝ պատահական չէ, որ հանդիպման նախաձեռնող եվրոպական կառույցի ներկայացուցչի կողմից որևէ խոսք չհնչեց Արցախի և արցախահայության անվտանգային հարցերի վերաբերյալ և սա այն պարզ պատճառով, որ արցախահայության ճակատագիրը նրանց բացարձակ չի հետաքրքրում։ Ավելին՝ գազային խնդիրները լուծելու համար Եվրոպային պետք է Արցախն առանց հայության, դատարկված, հետևաբար նաև՝ առանց ռուսական խաղաղապահ զորքի ներկայության։


Հարցին՝ ի՞նչ կեցվածք կորդեգրի այս պարագայում ռուսական կողմը, որի շահերն ակնհայտորեն խախտվում են Հարավային Կովկասում և, մասնավորապես, Արցախում, որտեղ խաղաղապահ առաքելություն են իրականացնում ռուսական զորամիավորումները՝ Հայկ Նահապետյանը պատասխանել է՝ ռուսական կողմը ոչ միայն համաձայնագրի ստորագրման ժամկետների հետ կապված առարկություններ ունի, այլ նաև՝ Արցախի կարգավիճակի հետ կապված խնդիրների վերաբերյալ. «Ակնհայտորեն, Արևմուտքն իր շահերն է սպասարկում, որտեղ բախում է առաջանում ռուսական կողմի շահերի հետ։ Հենց այս բախման համատեքստում է պետք ուսումնասիրել ցանկացած զարգացում, որ տեղի է ունենում Արցախում, ինչպես նաև՝ Հայաստան- Ադրբեջան զարգացումներում։ Ռուսաստանի Դաշնության համար այս տարածաշրջանը խիստ էական նշանակություն ունի։ Չեմ կարծում, որ Հայաստանում դեպքերի զարգացումները ռազմական ուղղությամբ կընթանան։ Եթե Ադրբեջանի առաջ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից խնդիր դրվի արցախում ռազմական գործություններ սադրել, ապա նրանք բախվելու են ռուս խաղաղապահների հետ։ Աստված մի արասցե, եթե ռուս խաղաղապահների կողմից զոհեր լինեն, ապա Կասպից ծովում ռուսական նավատորմի կողմից հրթիռների ողջույններ կուղարկվի անձամբ Ալիևին, էլ չեմ ասում իր ռազմավարական դաշնակից և մեծ եղբայր Էրդողանին»։


Ամփոփելով զրույցը՝ Հայկ Նահապետյանը նկատում է՝ երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայանպաստ որևէ պայմանավորվածություն չի գրանցվել, տեղի է ունեցել հակառակը.«Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ խոսք կար նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ինչպես նաև՝ Խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հանձնաժողով ստեղծելու մասին։ Սա մեզ համար իր մեջ լուրջ վտանգներ պարունակող կետ է։ Առնվազն մի քանի մարզերում հայելային հետքաշման կամ դելիմիտացիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքից բավականաչափ տարածքներ կմնան Ադրբեջանի վերահսկողության տակ, ընդ որում, այդ տարածքների մի մասն ուղղակիորեն վերահսկելու է միջպետական նշանակության երկու մայրուղի՝ Հայաստանից Իրան և Հայաստանից Վրաստան։ Եթե հայկական կողմը սա չի գիտակցում, դա դեռևս չի նշանակում, որ ռուսական կողմը սա ինքնահոսի կթողնի։ Ուկրաինայում դեպքերի ավարտից մեկ կամ երկու ամիս անց Ռուսաստանի Դաշնությունը կանցնի հաջորդ թիրախային ուղղությանը՝ Հարավային Կովկասում հարցերի լուծմանը»։


Հիշեցնենք, որ Բրյուսելում երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր