Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

14 ապր 2022 14:25

Հայաստանը չպետք է հետաձգի նոր ատոմակայանի կառուցման հարցը, այապես կհայտնվի շատ ավելի բարդ վիճակում

Eadaily.com–ը գրում է, որ Հայաստանը չպետք է հետաձգի նոր ատոմակայանի կառուցման հարցը, և դրան ավելի քիչ ժամանակ է մնացել, քան թվում է։ Այդ մասին Sputnik– Արմենիայի միջազգային մուլտիմեդիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասել է Միջուկային էներգիայի և արդյունաբերության վետերանների միջազգային միության փոխնախագահ Վիտալի Լեբեդենկոն։


Գործող Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) հիմնանորոգումից հետո փորձարկումները ցույց են տվել, որ կայանը կարող է աշխատել ևս 10 տարի։ Բայց խաղաղ ատոմի նոր հզորությունը մեկ օրում չի կարող կառուցվել, միայն նախագիծ կազմելու համար կպահանջվի մի քանի տարի, ևս մի քանի տարի էլ պետք է շինարարության համար։ Ուստի անհրաժեշտ է առանց հապաղելու սկսել նոր կայանի նախագծային փաստաթղթերի ստեղծումը, նշել է Լեբեդենկոն։ ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը, այն էլ ներկայիս ամենաէժան գնով։ Առանց դրա հանրապետության էներգամատակարարումը կհայտնվի շատ ավելի բարդ վիճակում, հավելել է նա։


«Կան ռեակտորների տարբեր մոդելներ, որոնց ընտրությունը հայ մասնագետների իրավասությունն է։ Բայց այն, որ կայանը անհրաժեշտ է, ակնհայտ է»,- ամփոփել է նա։


Ատոմային վետերանների միության նախագահի առաջին տեղակալ Բաուրժան Դույսեբաևն իր հերթին հիշեցրել է, որ Ղազախստանն այժմ քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը, թեև Կենտրոնական Ասիայի ամենամեծ հանրապետությունն ունի շատ ավելի էներգետիկ ռեսուրսներ, քան Հայաստանը։


«Զուտ բնական պայմաններից ելնելով` մեկ շնչին բաժին ընկնող մոտ հինգից վեց անգամ ավելի շատ էներգիա ունենք, բայց և այնպես, քննարկվում է նոր կայանի նախագիծը։ Հայաստանի համար, որտեղ չկա նավթ և գազ, ատոմակայանի կառուցումը էներգետիկ անկախ լինելու միակ միջոցն է»,- վստահ է Դուսեբաևը։


Ինչպես նշել է ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը, ներկա պայմաններում անհրաժեշտ է ուսումնասիրել մետաղի վիճակը հայկական Մեծամորում գործող կայանի ռեակտորի թրծումից հետո։ Յուրաքանչյուր պլանավորված կանխարգելիչ սպասարկման ժամանակ անհրաժեշտ է ստուգել ռեակտորի, ճնշման փոխհատուցողի և կայանի այլ այն բաղադրիչների վիճակը, որոնք հնարավոր չէ փոխարինել: Դա հնարավորություն կտա ճշգրիտ գնահատել կայանի աշխատանքային կյանքը և հասկանալ Հայաստանի համար պահեստային ժամանակը, պարզաբանել է նա։


«Իհարկե, հավերժական ռեսուրսներ չկան, բայց ծառայության ժամկետը կարելի է երկարացնել»,- ասել է Ազատյանը։


Նոր ատոմակայանը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և կսկսի տեղական արդյունաբերության վերականգնումը, ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Խորհրդային տարիներին, հիշեցրել է նա, հանրապետությունը տարեկան սպառում էր 15 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, այսինքն երկու անգամ ավելի, քան հիմա։ Այն ժամանակ ՀԽՍՀ-ում գործում էին խոշոր մեքենաշինական և քիմիական գործարաններ չհաշված այլ արտադրական օբյեկտները։


«Նոր կայանը կստեղծի նոր էներգետիկ ռեսուրսներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի վերականգնել մեր արդյունաբերությունը»,- ընդգծել է Սաֆարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր