Ատոմակայանի ո՞ր՝ ամերիկյա՞ն, թե՞ ռուսական տարբերակը պիտի ընտրի Հայաստանը, որ լինի հզոր և անվտանգ
Տևական ժամանակ է՝ հայկական կողմը միջազգային տարբեր գործընկերների հետ քննարկում է նոր ատոմակայանի նախագծման, ռեակտորի տեսակի և հզորության վերաբերյալ հարցեր։ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2036 թվականը։ Գործադիրն էլ արդեն հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին։
Ռուսական կողմն էլ իր հերթին է պատրաստ Հայաստանի հետ քննարկել նոր հզոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցերը:
Նոր ատոմակայանի մասին խոսելիս պետք է հարցը երկու մասի բաժանել՝ անվտանգային և սպառողական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ շեշտելով, եթե հարցը դիտարկվում է սպառողական տեսանյունից, ապա մոդուլային կայանները կարող են փոխարինել Մեծամորի ատոմակայանին: Մասնագետի դիտարկմամբ՝ դրանք բավականին հարմար են, իսկ կառուցումը չի պահանջում հսկայական ներդրումներ: Սակայն, ըստ էներգետիկ անվտանգության փորձագետի, պետք է հետևյալ հանգամանքը հաշվի առնել:
«Եթե էներգետիկան դիտարկում ենք ոչ թե որպես կոմերցիոն բիզնես, այլ՝ ազգային անվտանգության հենասյուններից մեկը, տվյալ դեպքում ատոմակական ունենալն է ճիշտ: Հայաստանը, որպես խաղաղ ատոմի (միջուկային էներգետիկայի- խմբ.) զարգացնող երկիր, պետք է ունենա մեծ հզորությամբ ատոմակայան: Դրա կարևորությունը կայանում է նրանում, որ մեր հարևան պետությունները, բացառությամբ Վրաստանի, այս կամ այն կերպ ձգտում են խաղաղ ատոմի զարգացման խոշոր ծրագրեր իրականացնել: Այսօր Թուրքիան կառուցում է Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանը, Իրանն ունի ունի զարգացած միջուկային կոմպլեքս, Ադրբեջանն էլ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Իսկ այսօր Հայաստանն ինչ-որ իմաստով հարցականի տակ է դնում էներգետիկ զարգացման հեռանկարը: Եթե գնում ենք մոդուլային կայանների կառուցման ճանապարհով, կորցնելու ենք խաղաղ ատոմ զարգացնելու ռազմավարական նշանակության կարգավիճակը»,- նկատեց նա:
Մինչդեռ էներգետիկ անվտանգության փորձագետի համոզմամբ՝ նոր ատոմակայանի կառուցումն առաջին հերթին պետք է դիտարկել անվտանգային տեսանկյունից, ինչը կարող է տալ միայն մեծ հզորությամբ ատոմակայանը, որի կառուցմանն էլ պատրաստ է օժանդակել Ռուսաստանը:
Դավթյանի խոսքով՝ ռուսական տարբերակով հզոր ատոմակայան ունենալով կարող ենք նաև էլեկտրաէներգիա արտահանել:
«Պետք է ատոմակայանի կառուցման հեռանկարները դիտարկենք Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցք ձևավորելու ուղղությամբ: Եթե ուզում ենք երկրի ներսում կայուն էլեկտրաէներգիայի գեներացիա, ապա ԱՄՆ-ի առաջարկած մոդուլային տարբերակը կարող է բավականին լավ տարբերակ լինել: Իսկ հարցը ռազմավարական տեսանկյունից դիտարկելու դեպքում, իհարկե, ՌԴ-ի կողմից առաջարկվող սցենարը շատ ավելի նպատակահարմար է»,- մատնանշեց մեր զրուցակիցը:
Ամերիկակա՞ն, թե՞ ռուսական տարբերակը կընտրի Հայաստանը՝ Վահե Դավթյանը միանշանակ չի կարող պատասխանել, ասում է՝ ամեն-ինչ կախված է աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից, քանի որ այն ավելի շուտ քաղաքական հարց է, նոր միայն տնտեսական:
«Ամեն ինչ կախված է, թե ինչ իրավիճակում կլինեն հայ-ռուսական հարաբերությունները և ինչպես կընթանան Հայաստան-Արևմուտք երկխոսությունը: 2018 թվականից ի վեր գործող իշխանությունները խոչընդոտել են Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը՝ սկսած ՌԴ-ի հետ վարկային ծրագրի խզումից: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ատոմակայանում կան բազմաթիվ ավելորդ հաստիքներ, որոնք պետք է կրճատվեն: Ատոմակայանի տնօրինությունն այս առթիվ կոշտ պատասխան տվեց: Այսպիսով, ատոմային էներգետիկան մղվում էր երկրորդ պլան, դրան զուգահեռ իշխանությունը շեշտադրումը դնում էր վերականգնման էներգետիկայի վրա: Սա տեղավորվում էր հենց ամերիկյան ռազմավարության մեջ»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Սակայն, ըստ Վահե Դավթյանի, վերջին շրջանակում պատկերը փոխվել է. նկատելի է ռուսական կողմի հետևողական աշխատանքը խաղաղ ատոմի զարգացման ուղղությամբ:
«Մինչև 2020 թվականը հստակ ընդգծված էր մոդուլային կայանների կառուցման հեռանկարը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում ռուսական կողմից առաջարկվող սցենարներն սկսեցին ողջունել իշխանությունների կողմից: Ի դեպ, «Ռոսատոմ» ընկերության ղեկավարը հայտնել էր, եթե Հայաստանի համար նպատահարմար է մոդուլային կայանների կառուցումը, իրենք պատրաստ են նաև այդ նախագծի մեջ ներգրավվել»,-եզրափակեց փորձագետը: