«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար          Զգուշացեք քրոնիկ հազից       Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով    

09 հուն 2022 11:10

Սրանց մարտունակ բանակ պետք չէ, հարկավոր է փոքրիկ տարածքով Հայաստան, սրանց պետք է միայն ոստիկանություն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:


- Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օրերս եթերում հայտարարեց, թե օրենքը փոխվելու է, եւ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը պետք է դառնա նախարարի առաջին տեղակալի պաշտոն: Ըստ էության` ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ կարող է այն տալ զինված ուժերին:


- Ես Սուրեն Պապիկյանի հայտարարությանը ծանոթ չեմ, անկեղծ ասած՝ չեմ էլ պատրաստվում կարդալ, բայց կասեմ հետեւյալը. գործող կապիտուլյանտական ռեժիմին մարտունակ զինված ուժեր հարկավոր չեն, որովհետեւ այս կապիտուլյանտական թիմին աջակցող աշխարհաքաղաքական ուժերին հարկավոր է փոքրիկ տարածքով Հայաստան` Թուրքիայի կատարյալ ազդեցության տակ, իսկ այդ մոդելում ուժեղ բանակ չի նախատեսվում: Հայաստանը պետք է սուբյեկտայնությունից հնարավորինս զուրկ լինի եւ կառավարելի լինի աշխարհաքաղաքական ինչ-որ հակառուսական սխեմաների մեջ:  Անգլոսաքսոնական ուժերն այդպիսի սցենար ունեն՝ Հայաստանի հետ կապված, իսկ ահա գործող կապիտուլյանտական ռեժիմն այդ սցենարը կյանքի է կոչում: Ցանկացած «բարեփոխում» պետք է այս համատեքստում դիտարկել. Հայաստանի զինված ուժերի մարտական հնարավորություններն էապես սահմանափակել։ Սա կարող է լինել զինված ուժերի քանակի կրճատման տեսքով, նաեւ կարող է լինել ստրուկտուրալ փոփոխությունների տեսքով, որ բանակն ուղղակի ի վիճակի չլինի լրջագույն մարտական խնդիրներ լուծել, կարճ ասած` գործոնից վերածվի ինչոր արարողակարգային ֆունկցիա կատարող մի օրգանի: Ենթադրենք, դրսից ինչ-որ հյուրեր են եկել, զինվորներն օդանավակայանից ինչոր մի ֆունկցիա պետք է կատարեն` դառնալով ոչ մի բան: Նրանց ընկալումներում այս մոդելի բանակն է, որովհետեւ փորձում են մտնել «խաղաղության դարաշրջան»: Ահա, այս համատեքստում էլ պետք է ընկալել զինված ուժերի հետ կապված ցանկացած փոփոխություն: Զինված ուժերի խորհրդային մոդելում ԳՇ պետը համարվում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, Ռուսաստանում հիմա էլ այդպես է, սակայն սա ընդամենն արտաքին եւ մակերեսային նմանություն է: Այնտեղ, դրան զուգահեռ, ստրուկտուրալ առումով տարաբնույթ քայլեր են ձեռնարկվել, ինչի արդյունքում բանակը վերածվել է հորիզոնական կառավարվող մոնոլիթի: Հիմա հարց. ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չունի ԳՇ պետ:




- Նախարար Պապիկյանը նշեց, որ կա Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, ինչը, ըստ էության, նույն բանն է:


- Եկեք սրանց լոլոներին չանդրադառնանք, ու այնպես չստացվի, որ մենք մեր զրույցը կառուցում ենք Պապիկյանի հարցազրույցի թեզերը մեկնաբանելով: Դա անգամ վիրավորական է ինձ համար: Պապիկյանն ինչ էլ ասի, բնական է՝ ինքն ասելու է այն, ինչի համար իրեն բերել են այդ պաշտոնին: Բնականաբար, փորձում են մարդկանց մոլորեցնել, ինչպես արել են տարիներ շարունակ: Խնդիրը շատ հստակ է պաշտոնակատարի առկայությամբ, շտաբը չի կարող էֆեկտիվ գործել, մանավանդ՝ նախապատերազմյան իրավիճակում: Այս պահին փոխանակ այդ պաշտոնում նշանակվի մեկը, ով կարող է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, չի նշանակվում, փոխարենը նշանակվում է պաշտոնակատար: Անգամ խաղաղ պայմաններում, երբ ստրուկտուրան ղեկավարում է պաշտոնակատարը, ստեղծվում է անառողջ մթնոլորտ, որն էլ իր հերթին ազդում է կառավարման արդյունավետության վրա: Շատանում են խնդիրները, ինչո՞ւ լսել այն մարդու հրամանը, ով ժամանակավոր պաշտոնակատար է, եւ այլն…. կան այսպիսի հարցեր: Էլ ուր մնաց նախապատերազմական վիճակում գտնվող երկրի շտաբում, որը պետք է ամեն վայրկյանը ճիշտ օգտագործի՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, նշանակում է ընդամենը ԳՇ պետի պաշտոնակատար։ Ինչո՞ւ․ որպեսզի հարված հասցվի երկրին, վատ կառավարվող բանակը, սահմանափակ հնարավորություններով բանակը չկարողանա պատշաճ պաշտպանություն իրականացնել, մենք կորցնելու ենք տարածքներ, Նիկոլ Փաշինյանն էլ մեղքը բարդելու է բանակի վրա, ասելու է`  ես ի՞նչ անեմ, բանակը չկարողացավ երկիրը պաշտպանել: Վերջին շրջանում բանակի դեմ արվող քայլերը եթե ընդհանուր տրամաբանական շղթայի մեջ դնենք, հստակ կդառնա, որ այս մարդկանց մարտունակ բանակ պետք չէ: Սրանց պետք է միայն ոստիկանություն: Բանակի մարտական հնարավորությունները վերականգնելու առումով ոչինչ չի արվում, ԳՇ պետ նշանակված չէ, բանակի կառավարման էֆեկտիվությունը նվազել է, հիմա էլ ինչոր քայլեր են ձեռնարկում` շտաբի դերակատարումը հնարավորինս նվազեցնելու համար: Այս ամենն ունի մեկ պատասխան` մարտունակ զինված ուժեր սրանց հարկավոր չեն: Հարկավոր չեն, որովհետեւ հարկավոր չեն իրենց իշխանության բերած տերերին:


- Թեպետ օրենքը թույլ չի տալիս զինվորականին խառնվել ներքաղաքական կյանքին, այնուամենայնիվ, եթե իրավիճակն օրհասական է, ինչո՞ւ են լռում զինվորականները, գեներալները…. ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում հնարավոր հակազգային ծրագրերը կանխելու համար։


- Հայաստանն օրհասական վիճակում է, սա փաստ է: Զինված ուժերի տրամադրվածությունը մենք տեսանք նաեւ անցյալ տարի հայտնի հայտարարությունից հետո: Սրանք ինչպե՞ս են կարողացել գլխատել բանակը, կոտրել ըմբոստ ու առողջ մարտական ոգին, ես դժվարանում եմ ասել, սակայն փաստն այն է, որ կատարյալ դժգոհություններ կան նաեւ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ ԶՈւ գլխավոր շտաբում: Սա ակնառու է: Կարող է այդ պարոնն անկառավարելի հոգեվիճակում բանակին ինչ-որ հրամաններ տալ, եւ մենք կտեսնենք՝ կկատարի՞ արդյոք բանակն այդ հրամանները, թե՞ չի կատարի: Վստահ եմ, որ չի կատարի, եթե կատարելու պոտենցիալը լիներ, ապա վաղուց կատարած կլինեին…. Սրանք էլ են հասկանում, որ բանակի վրա հույս դնել չի կարելի, դրա համար իրենց ողջ «ստավկան» դնում են ոստիկանության վրա, այլ ոչ թե բանակի:  Բրիտանաթուրքական տանդեմին Հայաստանում մարտունակ բանակ հարկավոր չէ, բանակ, որը կկարողանա տարածաշրջանում ցույց տալ իր սուբյեկտայնությունը: Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը չունենա մարտունակ բանակ, փոխարենն ունենա ընդամենը արարողակարգային ֆունկցիա կատարող ինչոր դեկորատիվ անհասկանալի մի բան՝ բանակի փոխարեն: Այս ամենի հետ մեկտեղ ասեմ, որ ես տեսնում եմ, թե ինչպես է ամեն օր մաշվում օրվա իշխանության վարկանիշը: Վերջին օրերին, երբ ոստիկաններն օգտագործեցին նռնակներ, անգամ իմ տասնամյա որդին մնաց կանգնած, չփախավ: Սա ի՞նչ է նշանակում, որ մարդիկ խուճապահար չեղան, չկոտրվեցին: Հենց սա էլ իշխանություններին սարսափելի վախերի առիթ է տալիս: Նրանք ոստիկանական մի քանի ստորաբաժանումներից բացի այլ աջակցություն չունեն: Իշխանափոխությունը տեսանելի հեռանկարի հարց է, ընդդիմությունը պետք է իր գործողություններում թարմություն մտցնի, սակայն որ իշխանափոխությունը կյանքի կոչվելու է՝ կասկած չկա:


- Իսկ ընդդիմության պայքարի մասին ի՞նչ կասեք: Արդյունավետ համարո՞ւմ եք այն:


- Սա կարող ենք դիտարկել որպես արդյունավետ մի պայքար, բազմահազարանոց երթեր են իրականացվում: Միշտ էլ կարելի է ինչ-որ թերացումներ, բացթողումներ գտնել, սակայն ես ունեմ մի հստակ տեսակետ. ընդդիմությանն այս պահին չի կարելի հրապարակավ քննադատել, դա կարող է վնասել այս շարժմանը:  Կա՞ ասելիք՝ Ֆրանսիայի հրապարակում բոլորն էլ հասանելի են, մոտեցեք՝ արեք ձեր առաջարկությունները: Ես իմ պարտքն եմ համարում մասնակցել բոլոր միջոցառումներին:  Իշխանության կողմից գործադրվող բռնությունը հակառակ էֆեկտն է ունենում: Ըմբոստ մարդկանց թիվն աճում է»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր