Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ․ Ադրբեջանը հիմա էլ այլ պահանջ ունի

Հիշեցնենք, որ Խոջալուի (այժմ՝ Իվանյան) իրադարձությունները տեղի են ունեցել 1992թ. փետրվարին: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նախապես տեղեկացրել էին ադրբեջանական կողմին գյուղի շրջանում կրակակետերի ճնշման գործողության մասին եւ գյուղի բնակիչներին միջանցք են տրամադրել: Արդեն հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս հաշվեհարդար է տեղի ունեցել գյուղը լքած ադրբեջանցի գյուղացիների նկատմամբ։ 1992-ի մարտին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», եւ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրեց «ժողովրդական ճակատին»։ Սակայն Ադրբեջանում չեն դադարում այդ թեմայի շահարկումներն ու մեղադրանքները։
«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։ Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։ Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։ Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,-ասել է Բայրամովը։
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները Բաքվում ամեն կերպ հերքում են։