Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 մար 2023 14:20

Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ Արցախի հիմնախնդրի հարցում որևէ զիջման գնալ, նրա նրատակն է նախապայմաններ ստեղծել նոր ռազմական ագրեսիայի համար

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն արձագանքել էր բանակցային գործընթացի շուրջ տիրող իրավիճակին: Հաջիևը Լեռնային Ղարաբաղին վերաբերող մի շարք հայտարարություններ էր արել՝ նշելով, որ այն չպետք է լինի խաղաղության պայմանագրի մաս, որ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, ինչպես նաև խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության անարդյունավետության մասին:


Հիքմեթ Հաջիևի հայտարարությունների մասին Zarkerak.am-ը զրուցեց արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Հաջիևի հայտարարությունները միանշանակորեն ընդգծում են ադրբեջանական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան և արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներում, դրանք միակողմանի հայտարարություններ են, որոնց միջոցով փորձ է արվում արհեստականորեն հիմնավորել ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշումը տարածաշրջանում եղած հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այն իրողությունը, որ արցախյան հիմնախնդիրը որևէ կերպ չի կարող դերակատարում ունենալ Ադրբեջան-Հայաստան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, դա 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն էր, որի նպատակը միջազգային որևէ ձևաչափում Արցախի հարցի քննարկման բացառումն է՝ այն դիտարկելով որպես Ադրբեջանի ներքին խնդիրը: Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը պատերազմից հետո սկսեց մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը, նա իր արտաքին դիվանագիտական գործողություններում ամեն կերպ փորձում էր օրակարգից դուրս թողնել Արցախի հիմնախնդիրը և որպես շարունակություն նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ կերպ չներառել Արցախի հիմնախնդիրը»:


 
Անդրադառնալով այն հարցին, որ Հաջիևը նշել էր, թե արցախյան հիմնախնդիրը չի կարող ներառվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում՝ Պետրոսյանն ասաց. «Դա եղել է Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի տեքստի քննարկման գործընթացում և հենց ադրբեջանական կողմի պահանջով է, որ Բրյուսելյան հարթակում Եվրամիության միջնորդությամբ առաջարկվել է տարանջատել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ դրա համար ստեղծելով միջազգային տեսանելի մեխանիզմ, որում կբանակցեն Արցախը և Ադրբեջանը: Արդեն երեք ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի շրջափակումը, վերջին ահաբեկչական գործողությունն Արցախում, Արցախի նկատմամբ կիրառվող Բաքվի վերջնագրային և անզիջում քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ Արցախի հիմնախնդրի հարցում որևէ զիջման գնալ»:


Խոսելով Հաջիևի այն հայտարարության մասին, թե Արցախում հայկական զորք կա, Արմեն Պետրոսյանը նշեց, որ դա պարզապես երկու նպատակ է հետապնդում. «Առաջինը` Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու գաղափարի հիմնավորման համար, որը վերածվել է Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչի, և մյուսը՝ հիմք նախապատրաստել Արցախում նոր ռազմական գործողության իրականացման համար՝ պատժիչ ֆոնի ներքո»:


Հաջիևը ևս մեկ անգամ Բաքվի անհանգստությունն ու բողոքն էր հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ, արևելագետն անդրադառնալով խնդրին՝ ասաց. «Ադրբեջանի համար լրջագույն խնդիր է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում, որը զգալիորեն սահմանափակելու է Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, այս խնդիրը չեզոքացնելու նպատակով էլ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում նրա համար, որ հնարավոր ագրեսիայի պայմաններում ունենա սեփական հիմնավորումը, այսինքն` ցույց տա, որ Հայաստանն է հարձակվել և Ադրբեջանը եղել է պատասխանող կողմը, հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ նման հայտարարությունը նպատակ է հետապնդում ավելի սրել Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը, որն Ադրբեջանի քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկն է՝ Հայաստանը վերածել Ռուսաստան-Արևմուտք նոր թատերաբեմի և երկրորդը՝ նախապայմաններ ստեղծել նոր ռազմական ագրեսիայի համար՝ պատասխանատվությունը թողնելով հայկական կողմի վրա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր