Պատրա՞ստ ենք պայմանագիր կնքել՝ առանց Ադրբեջանի զորքերը ՀՀ-ի տարածքից դուրս գալու

Այս մասին այսօր լրագրողերի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Եվրամիության դեսպանը՝ ասելով, որ հայկական զորքերն էլ ադրբեջանական սահմանի մեկ-երկու հատվածում են:
«Ըստ երևույթի՝ սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին, բայց այստեղ ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերման մասին է, դրան անդրադարձել են թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ այլ գործընկերներ»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:
Վերջինիս խոսքով՝ ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, ապա այս անգամ այդ եզրույթը չի էլ հնչել ընդհանրապես, և ակնհայտ է, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները:
Հարցին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին ինչպիսի՞ն են դիրքորոշումները, Պարույր Հովհաննիսյանն արձագանքեց՝ խոսքը երկաթուղու մասին է, որը մեր կարմիր գծերից մեկն է. «Պետք է գործի միայն ՀՀ օրենսդրության իրավասության ներքո: Այդ հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո նոր կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին: Շուտով կլինի հանդիպում նաև Մոսկվայում, այս հարցը քննարկվում է այլ ֆորմատներով»:
Իսկ հարցին, թե պատրա՞ստ ենք պայմանագիր կնքել՝ առանց Ադրբեջանի զորքերը Հայաստանի տարածքից դուրս գալու, ԱԳ նախարարի տեղակալը նկատեց, որ պայմանագիրը ներառում է դրույթներ թե՛ դելիմիտացիայի, թե՛ ճանապարհների հետ կապված:
«Պարունակում է այն բոլոր սկզբունքները, ինչի հիման վրա պետք է ի վերջո խաղաղություն հաստատվի: Այս հարցը կտրված չէ ընդհանուր հարցից, ներառված է թե՛ պայմանագրում, թե՛ այլ գործընթացներում: Ամենակարևոր և զգայուն հարցերից է՝ ապահովել պայմանագրի իրականացումը»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը: