Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

08 հուլ 2023 11:20

Ինչի՞ց ելնելով են Արցախի իշխանություններն սպասարկում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահը, որը բնավ Արցախի շահը չէ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


- Տիկին Հակոբյան, լիակատար շրջափակման հետեւանքով Արցախում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մոտ։ 


- Տրամարդրությունները երեւի թե չեն փոխվում, պատերազմից հետո իրավիճակին համապատասխան են մարդկանց տրամադրությունները։ Բայց կա կայուն մի տրամադրություն, որն ընդհանրապես չի փոխվում, դա ամեն գնով դիմակայելն է բոլոր դժվարություններին ու փորձություններին։ Իհարկե, մարդիկ շատ վատ իրավիճակում են։ Ես օրս սկսում եմ մի քանի խանութ մտնելով, մարդկանց հետ շփվելով։ Այսօր եւս նույնկերպ եմ սկսել օրս։ Խանութներում այս օրերին կարող ենք միայն հաց տեսնել եւ շատ քիչ քանակությամբ կաթնամթերք, որը շատ քչերին է բավականացնում։ Շատ դեպքերում մարդիկ խանութներից ուղղակի ձեռնունայն տուն են վերադառնում։ Այս իրավիճակում Արցախը դիմակայում է զուտ տներում եղած սննդի պաշարներով։ Գյուղերում համեմատաբար մի փոքր ավելի հեշտ է, քան քաղաքաբնակների մոտ։ Իրականում մարդկանց մոտ անհանգստությունն է շատ մեծ։ Խուճապ չկա, բայց մեծ անհանգստություն կա, որովհետեւ, ցավոք սրտի, արդեն երկար ժամանակ թե սեփական իշխանությունների նկատմամբ չկա վստահություն, առավել եւս անհանգստություն կա Հայաստանի իշխանությունների պահվածքի վերաբերյալ։ Մարդիկ անհանգիստ են, բայց միաժամանակ չեն ընկճվում, որովհետեւ մարդկանց մոտ կամացկամաց ձեւավորվում է այն տրամադրությունը, որ շատ բան կախված է իրենցից ու իրենց պահվածքից։ Մեկը մյուսին թեւ-թիկունք կանգնելով, ուժ տալով՝ փորձում են անցնել այս փորձությունը եւս։ 


- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին։ Ի՞նչ ակնկալիքներ կան ռուսական կողմից՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախում անվտանգության երաշխավորի դերը ստանձնել է Ռուսաստանը, բայց տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է Արցախում։ 


- Ուզում եմ փաստագրել մի բան, որ ինձ համար անակնկալ է, որ նման բան էր պատրաստվում կամ նման քայլ էր անելու Արցախի Հանրապետության նախագահը։ Մի փոքր նաեւ տարակուսելի էր, որ նախքան պաշտոնական լրահոսից տեղեկանալը, այդ մասին ինչ-որ մարդիկ հայտարարեցին, որոնց Արցախում շատ մեծ կասկածով են ընդունում։ Եվ դրանից կարելի է ենթադրել, որ հենց այդ անձանց մասնակցությունը եւս եղել է այդ նամակը կազմելու գործում։ Չեմ կարող գնահատական տալ կամ կարծիք հայտնել, որովհետեւ ես տեղեկացված չեմ նամակի բովանդակությանը։ Չունենալով վստահություն երկրի նախագահի նկատմամբ՝ ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որի բովանդակությանը ծանոթ չեմ, չնայած որ հունիսի 29-ի Ազգային ժողովի նիստի ժամանակ իմ ելույթում ես հորդորել եմ գտնել ոչ ստանդարտ լուծումներ։ Եվ այդ ոչ ստանդարտ լուծումներից մեկը պետք է նաեւ լինի այն, որ փորձեն ուղիղ կապ հաստատել ՌԴ իշխանությունների հետ, հատկապես Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի այս վերջին հակաարցախյան հայտարարություններից հետո։ Այս իրավիճակում կարծես թե միակ ճանապարհը դա է մնում։ Քանի որ մեր միջազգային ինքնորոշման իրավունքն այլեւս չի շոշափվում եւ դուրս է մնացել օրակարգից, ես նաեւ հորդորել եմ կրել պատասխանատվություն՝ այդ հարցը նորից օրակարգ բերելու։ Եթե երկրի նախագահն ականջալուր է եղել այս ելույթի դրույթներին եւ դրանից հետո է որոշել քայլեր անել, դա լավ է։ Բայց մի քիչ անհանգստացնող է այն հանգամանքը, որ թեկուզ փակ ու գաղտնի ռեժիմով մենք տեղեկացված չենք այդ նամակի բովանդակությանը։ Հետեւաբար, կրկնում եմ, չունենալով երկրի իշխանության, մասնավորապես, նախագահի նկատմամբ վստահություն, ես չեմ էլ կարող ասել, թե ընդհանրապես ինչ արդյունք կարող ենք ակնկալել կամ ինչ ակնկալիք ունի Արայիկ Հարությունյանն ու ինչ նպատակով է այդ նամակն ուղարկել։ 


- Ենթադրվում է, որ Ռուսաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ Ավելին, նրանք քայլեր չեն անում՝ կանխելու Արցախի շրջափակումը։ Հետեւաբար, Արցախում ի՞նչ ակնկալիքներ կան ռուսական կողմից։


- Մենք ռուսական կողմի դերակատարությունն Արցախում բաժանել ենք երկու մասի։ Կա քաղաքական կողմ, որն իրականացնում են ՌԴ իշխանությունները, մասնավորապես, նախագահը, ինչը փաստում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությունը։ Եվ կա մյուս կողմը, որը քաղաքական չէ, զուտ հումանիտար ու խաղաղապահ գործունեություն է։ Եվ ասեմ ձեզ, որ մեկը մյուսի գործառույթներին չի խառնվում։ Բնականաբար, ՌԴ իշխանությունները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Արցախում, բայց ակնկալել, որ այս պահին ռուս խաղաղապահները կարող են որեւէ քաղաքական գործընթաց իրականացնել այստեղ, դա իրատեսական չէ։ Ես վստահ եմ, որ ռուսական կողմը տեղեկացված է, եւ այդ լուծումները պետք է տրվեն ոչ թե հումանիտար դաշտում կամ խաղաղապահ զորակազմի օգնությումբ, այլ լուծումը պետք է լինի քաղաքական։ Հետեւաբար, քաղաքական գործընթաց պետք է իրականացվի, այսինքն՝ Արցախի իշխանությունները պետք է կարողանան գործընթացներ իրականացնել՝ այս իրավիճակը փոխելու համար։ Եվ դրանք պետք է լինեն քաղաքական գործընթացներ ու պետք է լինեն այն պետությունների իշխանությունների հետ, որոնք մեզ բարեկամ ու դաշնակից են։ Այս պահին Ռուսաստանի Դաշնությունն է, որին կարող ենք ակնհայտ համարել մեզ դաշնակից։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք հայրենակիցներ, հայրենիք, բայց ունենք թշնամու օրակարգ սպասարկող իշխանություններ, որն ավելի է բարդացնում այն իր ավիճակը, որում մենք ենք հայտնվել։ Դրանից ելնելով՝ ես իմ ելույթում առաջարկել եմ երկրի նախագահին գտնել ոչ ստանդարտ լուծումներ, որովհետեւ մեզ համար մինչեւ հիմա ընկալելի ու հասկանալի չէ, որ պետք է հակադրվենք, օրինակ, Հայաստանի իշխանություններին կամ չենք կարող համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։ Եվ, այո, մեր միակ ակնկալիքն այսօր Ռուսաստանի Դաշնությունից է, բայց պետք է այստեղ էլ խելամիտ լինել ու ճիշտ աշխատել, որովհետեւ Հայաստանի իշխանությունները եւս թիրախավորում են ռուսական կողմին, փորձում են արժեզրկել ու Արեւմուտքի ծրագիրն իրագործել։


- Արցախի նախագահն ասել էր, որ Սուսը, Աղավնոն եւ Բերձորը նախորդ տարի Ադրբեջանին հանձնվել են ռուսական կողմի ճնշման տակ։ Եվ այդպիսով փոխվել է Լաչինի միջանցքում երթեւեկությունը։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասաց, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ 


- Շատ տարօրինակ պահվածք կա այսօր Արցախի իշխանությունների հայտարարության ու գործելաոճի մեջ, այն առումով, որ բացահայտ հայտարարություններում պաթոսի պակաս չկա՝ թե հայրենասիրության, թե ռուսական կողմին գովերգելու հարցում։ Սակայն մենք վերջերս սկսել ենք հաճախ տեսնել, թե ինչպես է մեր իշխանությունների կողմից թիրախավորվում ռուսական կողմը։ Եվ դրա վառ ապացույցն է այն մարդկանց ներկայությունը նախագահականում ու նախագահի կողքին՝ տարատեսակ ինչ-որ խորհուրդների նախագահների կամ իբր թե քաղաքական ուժերի տեսքով, որոնք կոնկրետ հակառուսական տրամադրություններ են փորձում ստեղծել Արցախում։ Դա իրենց չի հաջողվում, բայց դրսի լսարանի համար իրենք կարողանում են աչք շոյող տեսանյութեր պատրաստել կամ ուղերձներ ուղարկել արտաքին աշխարհին։ Եվ այդ առումով Արցախի իշխանություններն այսօր զսպող որեւէ քայլ չեն անում, ընդհակառակը, այդ մարդկանց հատուկ աշխատասենյակներ են տալիս։ Եվ այստեղ հասկանում ես, որ Արցախի իշխանությունները հերթական ճնշման տակ են Հայաստանի իշխանությունների կողմից։ Այսինքն՝ իրենք հակադրվելու որեւէ ուժ չունեն եւ տվյալ պահին սպասարկում են ոչ թե մեր երկրի շահերը, այլ իրենց անձնական ու սեփական շահերը։ Իշխանությունների պահվածքում խոսքից զատ վերջերս մենք տեսնում ենք նաեւ կոնկրետ հակառուսական խմորումներ։


Ինչ վերաբերում է Զախարովայի պատասխանին, չեմ կարող դա մեկնաբանել։ Ինչքան էլ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեջբերվի, որ Լաչինի միջանցքի տեղափոխությունը դրա հիման վրա է տեղի ունեցել, մեկ տարի առաջ, երբ Հայաստանի իշխանությունների բացարձակ ճնշմամբ Արցախի իշխանություններն սկսեցին մասնակցել Աղավնոյի, Սուսի ու Բերձորի հանձնմանը, մենք այն ժամանակ Արցախի իշխանություններին ասում էինք, որ կա շահարկելու տեղ, կան տարբերակներ, որպեսզի տեղի չունենա այդ իբրեւ թե փոխանակումը։ Եվ այն ժամանակ, երբ Աղավնոյի բնակիչները նույնիսկ որոշել էին այրել իրենց տները, Արցախի տարածքային կառավարման նախարարը գնացել էր այնտեղ ու հայտարարում էր, որ որեւէ սարսափելի բան տեղի չի ունենում, ընդամենը տեղափոխություն է տեղի ունենում, ինչի արդյունքում 5 կմ-անոց հատվածում գտնվող բնակավայրերը, որոնք օկուպացված են, անցնելու են մեր վերահսկողության տակ, եւ բնակիչները տեղափոխվելու են։ Ուստի, ինքը խորհուրդ էր տալիս չայրել տները, որպեսզի մենք էլ նորմալ պայմաններով իբր թե տեղափոխվենք այդ 5 կմ-անոց հատվածում գտնվող մեր բնակավայրեր։ Այն ժամանակ մենք ասել ենք, որ եթե դա պետք է տեղի ունենա, գոնե լինի եռակողմ ստորագրությամբ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը տեղափոխվում է, որպեսզի այն հանկարծ հետագայում չդառնա ճանապարհ եւ որեւէ կերպ չփակվի Արցախն արտաքին աշխարհին ու Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Այն ժամանակ Արցախում շատ պաշտոնյաներ մեզ համոզում էին, որ կա նման փաստաթուղթ։ Եվ մեր բազմաթիվ հորդորներին, որ հրապարակեն այդ փաստաթուղթը, դա այդպես էլ տեղի չունեցավ։ Վերջերս` հունիսի 29-ին ես հնարավորություն եմ ունեցել այդ հարցը բարձրացնել, եւ ՏԿԵ ներկայիս նախարարը, եւ պետնախարարը հավաստիացրեցին, որ նման փաստաթղթեր չկան, չեն եղել, եւ իրենք նման ժառանգություն չեն ստացել։ Այստեղ մեկ հարց է ծագում՝ ինչի՞ց ելնելով են Արցախի իշխանություններն սպասարկում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահը, որը բնավ Արցախի շահը չէ։ Լաչինի միջանցքի տեղափոխման դեպքում պետք է լիներ եռակողմ ստորագրությամբ փաստաթուղթ, որը կփաստեր, որ այն գործելու է որպես միջանցք եւ չի լինելու որպես ճանապարհ։ Ցավոք, մեր կանխատեսումները նորից ճիշտ դուրս եկան։ Ստացվեց, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքը դիտարկում է որպես ճանապարհ, իսկ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի բացահայտ հայտարարություններից հետո, որ «Արցախը Ադրբեջան է», իրենք դա համարում են սահման, այնտեղ տեղադրել են անցակետ՝ նույնիսկ թույլ չտալով, որ խաղաղապահ զորակազմն իրականացնի իր առաքելությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր