Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

04 սեպ 2023 16:30

Սեպտեմբերյան հարձակման ժամանակ ավելի ադեկվատ արձագանք էինք սպասում, թե՛ ՌԴ-ից, թե՛ ՀԱՊԿ-ից. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ունենք պատրաստակամություն շարունակել այդ գործընթացը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տպավորություն է, որ Ռուսաստանն է ցանկանում դուրս գալ տարածաշրջանից և կարող է մի օր արթնանաք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլևս այստեղ չէ, Կոստանյանն ասաց.

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք այս հարաբերություններում, դրանց մասին բարձրաձայնվել է բազմիցս, մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ Ադրբեջանի կողմից, մենք այլ, ավելի ադեկվատ  արձագանք էինք սպասում, թե՛ ՌԴ-ից, թե՛ ՀԱՊԿ-ից»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ ուղիղ հարց չի տրվում, թե արդյոք իրենք ուզում են դուրս գալ տարածաշրջանից, Վահան Կոստանյանը նշեց.

«Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ պարզ, բաց քննարկումներ, արտահայտում ենք այն դժգոհությունները, որ ունենք՝ կապված այն քաղաքականության կամ քայլերի բացակայության հետ, որը նկատում ենք ռուսական կողմից, ունենում ենք քննարկումներ բոլոր հարցերի շուրջ»։

Խոսելով ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանգամանքի և այս մասին ՌԴ մամուլի խոսնակի՝ վերջերս արած հայտարարության մասին, ԱԳ փոխնախարարը ընդգծեց․

«ՀՀ-ն և Ադրբեջանը դեռևս 1991թ-ին  Ալմաթիի հռչակագրով ու դրան հետևած արարողակարգով են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, այս փաստաթղթի մաս է եղել նաև ՌԴ-ն ու այն գործառույթները, որոնք ստանձնել է ՌԴ-ն ԼՂ-ում անվտանգության ապահովման համար, դրանք ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որի տակ դրված են ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի  և Ադրբեջանի նախագահի ստորագրությունները»։

Կոստանյանը անդրադարձավ նաև Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ բացելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին։

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի համաձայն ՄԱԿ-ի արդարադատության դատարանի երկու որոշումների, որոնք Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել: Բացի դրանից եղել են բազմաթիվ ուղերձներ միջազգային կազմակերպությունների, տարբեր պետությունների կողմից, ԵՄ անդամ երկրների կողմից, ՄԱԿ-ի ԱԽ երկու տեղի ունեցած արտահերթ նիստերի ժամանակ ՄԱԿ  ԱԽ անդամ պետությունների կողմից: Պետք է արձանագրենք, որ մինչ այս պահը Ադրբեջանը ապակառուցողական քաղաքականություն է վարում, արհամարհում է միջազգային հանրության ուղիղ կոչերը: Ադրբեջանի կողմից նման քայլերը մեզ հիմք են տալիս ունենալ կասկածներ, որ Ադրբեջանը ԼՂ-ում փորձում է էթնիկ զտումներ իրականացնել, իսկ նման պարագայում միջազգային հանրությունը շատ հստակ պարտավորություններ ունի ցեղասպանությունների կանխարգելման կոնտեքստում»,- ասաց նա։

Կոստանյանը նշեց նաև, որ մեծագույն հարգանքով են վերաբերվում ԼՂ ժողովրդի կայացրած որոշումներին՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր