Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել          Տեսանյութ.Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում նաև ցուցարար կանանց       Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ    

27 սեպ 2023 11:45

«Խավիարային դիվանագիտությունն» էլ չի փրկելու. Արեւմուտքում սկսում են ռեալ մոտենալ հարցին, վերիմաստավորել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ

Զանգվածային արտագաղթի դիմած հազարավոր արցախահայերին պատկերող դրամատիկ տեսարանների համատեքստում ոմանք Արեւմուտքում սկսում են վերիմաստավորել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ, գրել է The Guardian-ը։


«Հմուտ դիվանագիտության եւ լոբբինգի համադրման շնորհիվ ռեսուրսներով հարուստ երկիրը երկար տարիներ Մեծ Բրիտանիայում եւ ԵՄ-ում իրեն ներկայացնում էր որպես հուսալի գործընկեր անվտանգության եւ կենսականորեն կարեւոր տրանսպորտային հանգույց լինելու հարցում։


Բայց ռազմական հարձակում սկսելով Արցախում եւ հումանիտար աղետ հրահրելով՝ կապված տարածաշրջանից փախստականների հոսքի հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջ է բերել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի զայրույթը։


«Ճգնաժամը եւ մարդկային տառապանքները կարելի է եւ պետք է կանխել»,- ասել է բարձրաստիճան արեւմտյան պաշտոնյան Բաքվում, անունը չնշելու պայմանով։ «Մեզ համար ավելի դժվար կլինի սովորականի պես շարունակել գործերն Ադրբեջանի հետ»։


Անցած շաբաթ ՄԱԿ-ում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Բաքվին մեղադրեց «ուժի կիրառումից ձեռնպահ մնալու մասին իր բազմակի հավաստիացումները խախտելու մեջ, ինչը տառապանք է պատճառում առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող բնակչությանը»։


«Շատերը Բրյուսելում եւ Վաշինգտոնում ցնցված եւ խաբված են զգում Ադրբեջանի ուժի կիրառումից»,- ասել է Քարնեգիի Եվրոպական վերլուծաբանական կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։ «Արեւմուտքը հայտնվել է մարգինալ դրության մեջ՝ չնայած հակամարտության լուծման երկարատեւ ջանքերին»,- ասել է դե Վաալը։ «Երկար ժամանակ Ադրբեջանը հմտորեն ցուցադրում էր իր արժեքն Արեւմուտքում։ Բայց, ըստ երեւույթին, տեղի է ունենում վերագնահատում, թե որքանով է իրականում կարեւոր եւ վստահության արժանի Բաքուն»։


Ասում են, թե Բաքուն երկար տարիներ կիրառում է այսպես կոչված «խավիարային դիվանագիտությունը» փող եւ նվերներ օգտագործելով, որպեսզի ազդեցություն գնի Եվրոպայում։ Ավելի վաղ The Guardian-ը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը երկրից դուրս է տարել մոտ 2,9 մլրդ դոլար գաղտնի բրիտանական ընկերությունների ցանցի միջոցով, վճարելու համար իր կողմնակիցներին, լոբբիստներին եւ քաղաքական գործիչներին Եվրոպայում, շքեղ իրեր եւ ծառայություններ գնելու, ինչպես նաեւ ադրբեջանական էլիտայի փողերը լվանալու համար։


Մինչեւ Արցախում վերջին մարտական գործողությունները Եվրոպան, թվում էր, մոտեցել է Բաքվին, չնայած երկրում մարդու իրավունքների հետ կապված վատ իրավիճակին եւ հավաստի ապացույցներին, որ նա գազանություններ է կատարել 2020թ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 2022թ. այցելեց Բաքու, երբ ԵՄ-ն ձգտում էր նվազեցնել կախումը ռուսական էներգակիրներից, Ադրբեջանն անվանելով էներգիայի «կարեւորագույն» եւ «հուսալի» մատակարար։ Նա հայտարարեց մինչեւ 2027թ. ԵՄ-ի կողմից ադրբեջանական գազի գնումը կրկնապատկելու համաձայնագրի մասին, բայց չհիշատակեց երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կամ նրա հարաբերությունները Հայաստանի հետ։


Անցած շաբաթվա ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը շարունակեց առաջ տանել իր գաղափարներն արեւմտյան շահագրգիռ կողմերի շրջանում։ Բաքվում գտնվող «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոն» վերլուծաբանական կենտրոնը Լոնդոնում, Մեյֆերում, կլոր սեղան կազմակերպեց՝ նվիրված Ադրբեջանի դերին՝ որպես «կարեւորագույն ցամաքային կամրջի, որը կարող է միավորել Եվրոպան Կենտրոնական Ասիային»։


Սակայն որոշ դիտորդներ ասում են, որ Եվրոպայի կախումն ադրբեջանական էներգակիրներից խիստ չափազանցված է հենց Բաքվի կողմից։ «Ադրբեջանը խիստ չափազանցում է իր ազդեցությունը գազի ոլորտում, ինչ վեհերոտ կերպով է ընկալվում եվրոպական քաղաքական գործիչների կողմից»,- ասել է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի  գիտաշխատող Մաքս Հեսը։


«Գաղափարը, թե Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում, եւս մեկ արդարացում դարձավ արեւմտյան տերությունների համար, որպեսզի չմիջամտեն»,- ավելացրել է Հեսը։


Ադրբեջանից գազի մատակարարումները կազմել են 2022թ. ԵՄ ընդհանուր ներմուծման 3 տոկոսը, այն դեպքում, երբ Մոսկվան նախկինի պես ապահովում է աշխարհամասի գազի պահանջարկի 15 տոկոսը։ «ԵՄ գազային համաձայնագիրը հազիվ թե ապահովի գազի խոստացված ավելի մեծ ծավալների մատակարարումները. համենայն դեպս, դա նվազող ակտիվ է «կանաչ տնտեսության» անցման գործընթացում»,- ասել է դե Վաալը։


Արեւմուտքի որոշ պաշտոնատար անձինք խորհրդածում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների շուրջ Արցախում նրա գործողությունից հետո։


Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Դեւիդ Մաքալիստերը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է լուրջ միջոցներ մտցնի, եթե լինեն արցախահայերին իրենց տներից վտարելու փորձեր։


Գորիս կատարած այցի ժամանակ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը եւս ակնարկել է հնարավոր պատժամիջոցների մասին՝ հայտարարելով, որ «մի քանի տարբերակներ են դիտարկվում», երբ նրան հարցրել են, թե ինչ հետեւանքներ կարող են լինել Ադրբեջանի համար։


Հեսը հայտնել է, որ միջազգային հանրության համար կենսականորեն կարեւոր է միջամտել եւ կանխել հետագա հակամարտությունը եւ մարդկանց տեղահանումը տարածաշրջանում։ «Պետք է դադարել թաքնվել էներգետիկ անվտանգության առասպելների հետեւում եւ ուշացումով ստանձնել անհրաժեշտ ամեն բան անելու պարտավորությունը հետագա հակամարտությունը կանխելու համար»,- ասել է նա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր