ՀՀ-ն այլևս չի հանդուրժելու ռուսական «սապոգի տակ» մնալու դարավոր լուծը.լոգիստիկ կապուղիների պատերազմ է ընթանում աշխարհում, իսկ ՀՀ-ն դրա խաչմերուկներից մեկն է

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը:
«Պետք չէ լուրջ վերաբերվել սրան և միջազգային մեր գործընկերների հետ խորը աշխատանք տանել, որ Ֆրանսիայի օրինակին հետևեն այլ պետություններ, և տարածաշրջանում ռազմական խախտված բալանսը ի վերջո վերականգնվի: Երբ դա լինի, ադրբեջանական կողմի հռետորաբանությունն ու քաղաքականությունը ևս կփոխվեն»,- կարծում է քաղաքագետը:
Խոսելով օրերս Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպա համաժողովից, որին անձամբ էր մասնակցում Մկրտչյանը՝ վերջինս ասում է՝ մեսիջներ է ստացել եվրոպացի պատգամավորներից, պաշտոնյաներից, որ ՀՀ-ն ունի անելիք:
«Մասնավորապես Սեպայի պայմանագիրը, որը ստորագրվել է, և եվրոպացիներն այդքան մատնանշում են, առնվազն 50 տոկոսով պետք է կատարենք: Նույնը չեմ ասի ժողովրդավարության մասով. ՀՀ-ն ժողովրդավարության մակարդակով առաջամարտիկ է տարածաշրջանում, և սա իրականում օգնելու է մեզ թե՛ մեր տարածքային ամբողջականությունը պահելու, թե՛ սուվերենությունը պաշտպանելու հարցում: Նշել եմ, որ հետևեն Ֆրանսիայի օրինակին և տարածաշրջանում ժողովրդավարության վրա հարձակում թույլ չտան, որովհետև ավտորիտար պետությունները խնդիր են դրել իրենց առաջ սպանելու հայկական ժողովրդավարությունը տարածաշրջանում»,- ընդգծում է քաղաքագետը:
Զրուցակցի խոսքով՝ ՌԴ-ի դաշնակից Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն իրավունք չունի պետականություն ունենալ, և այս առաջարկին դեմ չէ նաև հենց Ռուսաստանը: Ըստ նրա՝ նման պնդումներ հնչեցնողները Բրյուսելյան հանդիպումները որակել են «նկուղներում իրականացրած դավադրություններ»:
«Նույն այս ագենտուրան դաշտում թեզ է նետում, թե Եվրոպան Հայաստանից հեռու է ու անհասանելի: Հակառակը կարող եմ պնդել. Վրաստանը ստացել է Եվրամիության անդամ պետության կարգավիճակ, եվրոպացի գործընկերները նաև սա էին մատնանշում, որ ՀՀ-ն ունի հնարավորություն մուտք գործելու եվրոպական 500-միլիոնանոց թանկարժեք շուկա: Ագենտուրայի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, ու ՀՀ-ն այլևս չի հանդուրժելու ռուսական «սապոգի տակ» մնալու դարավոր լուծը»,- նշում է նա:
Միևնույն ժամանակ Մկրտչյանը նկատում է՝ գնալով Ադրբեջանի վրա ճնշումը բավականին մեծանում է, և սրա մասին է խոսում Ալիևի դեմարշները եվրոպական հարթակում կազմակերպվող հանդիպումներին. «Որևէ մեկը չի կարող երաշխիք տալ՝ նոր ագրեսիա կլինի՞, թե՞ ոչ, այն դեպքում, երբ Ադրբեջանը միայնակ չի գործում. ՌԴ-Թուրքիա տանդեմը ևս նրա հետ է, տարածաշրջանն էլ պայթյունավտանգ իրավիճակում է. լոգիստիկ կապուղիների պատերազմ է ընթանում աշխարհում, իսկ Հայաստանը դրա խաչմերուկներից մեկն է, և ամեն ինչ պետք է անենք, որ գնալով մեծացնենք ճնշումը Բաքվի վրա»:
Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է դառնալ «խաղաղության խաչմերուկ», վերջինս պատասխանում է. «Ես միանշանակ ընդունում եմ այդ թեզը, այն կյանքի իրավունք ունի, և տարածաշրջանի պետությունները ի վերջո պետք է կարողանան լեզու գտնել, հատկապես ԼՂ-ի բռնի, կոպիտ, անմարդկային լուծումից հետո: Դաշտում մարդիկ կան, ովքեր մթնոլորտը պղտորելու համար խոսում են ԼՂ ինքնորոշումից, անգամ կա տգետների ոհմակ, որ խոսում է ՀՀ-ում ԼՂ ինչ-որ վտարանդի կառավարություն ստեղծելու մասին. էս պաթոսի վերջը տվեք, որովհետև էդ պաթոսը մեզ տասնյակ հազարավոր զոհեր ու տառապանք է տվել. խելքներս գլուխներս հավաքելու ժամանակն է եկել»: