Օրեր առաջ մահացածի գերեզմանը թալանել են. գողացել են ծաղիկներն ու ծաղկեպսակները

Հուղարկավորությունը եղել է Շենգավիթի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանը: Ա. Մխիթարյանի քույրը՝ Դուստրիկ Մխիթարյանը, «Հետքին» ասել է, որ կրկնակի ցավ են ապրել, երբ այցելել են եղբոր գերեզմանին և տեսել այն թալանված: Տարածքում միայն մնացել էին ծաղիկների տերևներն ու դրանց կոտրված մասերը:
Դուստրիկ Մխիթարյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, ծաղկեպսակներն ու ծաղիկները գողացել են դեկտեմբերի 9-ի գիշերը, քանի որ թաղումը եղել է դեկտեմբերի 8-ին: Իսկ թաղման հաջորդ օրը հողաթումբն ամբողջությամբ դատարկ էր:
Պարզվում է՝ առաջին դեպքը չէ, երբ Երևանում հարազատները գերեզմանները հայտնաբերում են թալանված:
«Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատանն աշխատողները Ա. Մխիթարյանի հարազատներին պատմել են, որ նմանատիպ դեպքեր էլի են լսել: Նույնիսկ զինվորականների գերեզմանների ծաղիկներն են գողացել:
Դուստրիկ Մխիթարյանն ասաց, որ դիմել են ոստիկանություն՝ հույս ունենալով գտնել արարքը կատարողներին: Նշեց, որ նպատակը հետագայում նմանատիպ դեպքերը կանխելն է, քանի որ շիրիմներն այդ ձևով պղծելը դեմ է մեր արժեքներին:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ գերեզմանատների գողությունների դեպքով առանձին վիճակագրություն չեն վարում, հետևաբար՝ առանձին տվյալներ դուրս հանելու համար ժամանակ է պետք:
«Հետքին» «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից ասել են, որ Գերեզմանատները պարսպապատված չեն, ավտոմեքենաների համար մի քանի մուտք կա, որը անհնար է վերահսկելը, աշխատանքային ժամը մինչև 18:00-ն է, դրանից հետո գերեզմանատներում որևէ մեկը չի լինում, գերեզմանատներից կատարվող գողությունները հաճախակի են դարձել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ վերահսկելն անհնար է: Լուծումը տարածքի պարսպապատումն է, քաղաքապետարանում նախագիծ է պատրաստվում, որպեսզի Զեյթունի և Շենգավիթի «Կարմիր բլուր» գերեզմանատները պարսպապատվեն: Դրանից հետո մեքենաների համար կլինի 1-2 մուտք, որպեսզի չկարողանան գողանալ նաև գերեզմանաքարերը:
Պարզվում է՝ նաև նման դեպքեր են գրանցվում:
Թե երբ պարսպապատման ծրագիրը իրականություն կդառնա, դժվար է ասել: Իսկ այս ընթացքում հարազատները կամ ստիպված պետք է գերեզմանատներում պահակություն անեն, որ գողության դեպքեր չգրանցվեն, կամ հուսան, որ գողերը կշրջանցեն իրենց հարազատի շիրիմը: