Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…          Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել. մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք       Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել    

26 դեկ 2023 12:30

Պետպատվերի պայմանագիրը.Անահիտ Ավանեսյանը մոլորեցրե՞լ է վարչապետին. պարզաբանում է մասնագետը

Պետպատվերի պայմանագիրը, որը առողջապահության նախարարությունը կնքում է բուժհաստատությունների հետ, սահմանափակ բյուջեով գնման պայմանագիր է, և չի հանդիսանում այսպես կոչված «օֆերտայի» պայմանագիր։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար, ԱՆ պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը, մեկնաբանելով պետպատվերի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը գերատեսչության 2023թ․ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։


Հիշեցնենք, որ Փաշինյանը հարց էր ուղղել Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ Նախարարությունը բաշխում էր գումարներ ըստ էության հայեցողական որոշմամբ, հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դուրս է՞ եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բաշխվում և բուժառուի հետևից են  գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է»։ Հնչել էր պատասխան` «Այո պարոն վարչապետ....»:


Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ պետությունը որպես ռազմավարական գնորդ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններից գնում է իրականացնում իր շահառուների համար։ Այս պահին առողջապահության նախարարությունում գործում է երեք տեսակի պայմանագիր։


Երեք տեսակի պայմանագիր ԱՆ–ում


Որո՞նք են այդ պայմանագրերը։ Դրանցից մեկը ապահովագրական ընկերությունների հետ կնքվող պայմանագիրն է սոցշահառուների համար, երկրորդը՝ ավանդական՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրն է, որը կնքվում է մեկ տարի ժամկետով և սահմանափակ բյուջեով։ Երրորդ տեսակի պայմանագիրը գործում է 2020 թվականից և վերաբերում է մի քանի պետական հատուկ ծրագրերի՝ զինծառայողների ընտանիքի անդամների և նրանց հավասարեցված անձանց բուժօգնության և բուժսպասարկման, ծննդօգնության, սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատության (Stent for Life), հեմոդիալիզի ծառայություններին։


Այս երեք պայմանագրերից միայն երկուսը՝ սոցփաթեթի և հատուկ ծրագրերի պայմանագրերը,  ըստ Ծաղիկ Վարդանյանի, կարելի է ինչ–որ չափով համարել հանրային օֆերտայի պայմանագիր։ Այն իմաստով, որ այդ ծրագրերին կարող է մասնակցել ցանկացած բուժհաստատություն, որն ունի համապատասխան ծառայությունների լիցենզիա։ Եվ եթե պացիենտն ընտրի այդ բուժհաստատությունը, ապա գումարը կգնա նրա հետևից։


Օրինակ, սոցփաթեթի դեպքում, բուժհաստատությունը, բժշկական ծառայություններ մատուցելու արտոնագրի առկայության հիմքով դիմում է առողջապահության նախարարություն,  ներկայացնելով մատուցվող ծառայությունների ցանկը՝ սոցփաթեթի շահառուների սպասարկման ցուցակում  ներգրավվելու համար։ Այնուհետև պայմանագիր է կնքում ապահովագրական ընկերությունների հետ, և կարող է սպասարկել սոցփաթեթի շահառուներին։


Բայց պետպատվերի հիմնական պայմանագիրը, որը բուժհաստատությունները կնքում են առողջապահության նախարարության հետ, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ավանդական պայմանագիրն է։


Անահիտ Ավանեսյանը մոլորեցրե՞լ է վարչապետին


Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը ԱՆ–ն կնքում է բուժհաստատության հետ մեկ տարի ժամկետով, և այն ունի հստակ տարեկան բյուջե, որը բաշխված է ըստ ծառայությունների՝ նույն տրամաբանությամբ, ինչպես ԱՆ բյուջեում։ Այսինքն, յուրաքանչյուր ծառայության համար, օրինակ՝ մոր և մանկան առողջության, շտապօգնության, սոցիալապես անապահով շահառուների և այլն, նախատեսվում են կոնկրետ գումարներ։ Այդ գումարները հավասարապես բաշխվում են ըստ ամիսների։ Բայց այդ գումարները նախապես չեն վճարվում բուժհաստատությանը։ Բուժհաստատությունը փոխհատուցում է ստանում ըստ կատարած աշխատանքի, բայց այն չի կարող գերազանցել բյուջեով նախատեսած գումարը։ Ընդ որում, ինչպես նշեց Ծաղիկ Վարդանյանը, ոչ բոլոր բուժհաստատություններն ունեն պետպատվերի պայմանագիր։ Պետպատվեր ստանալու համար բուժհաստատությունները ներկայացնում են հատուկ հայտ, և կարող են մերժում ստանալ՝ ամբողջապես կամ մասնակի՝ որոշ ծառայությունների գծով։ Ստացվում է, որ պետպատվերի շահառու քաղաքացին ոչ միշտ է կարող դիմել իր նախընտրած բուժհաստատություն։


«Այդ գումարը կախում են վերևից։ Այսինքն՝ կկատարես ծառայություն, կստանաս։ Բայց դու գիտես արդեն, որ ունես սահմանաչափ։ Դա կոչվում է պայմանագիր սահմանափակ բյուջեի սկզբունքով։ Եթե ավել ծառայություն մատուցես, երաշխավորված չես, որ այն կփոխհատուցվի, բայց այդ ծառայության համար հարկ ես վճարելու։


Ու հակասություն է ստեղծվում.  մի կողմից դրված է մարդու առողջությունը, սոցիալական երաշխիքները, որ պետությունը հստակ գրել է, որ դա, օրինակ, հաշմանդամություն ունեցող անձանց կամ մինչև 18 տարեկան երեխաների կամ այլ խմբերի սոցիալական երաշխիքն է, իսկ մյուս կողմից ասում է. հաստատության բյուջեն սահմանափակ է։


Դրա համար էլ ինչ–որ մի կազմակերպություն այցելելիս կարող են ասել, որ գումարները սպառված են, ու իմանալով այլ տեղ պետպատվերի առկայության մասին, գնում եք այդտեղ։ Ոչ թե փողը գալիս է Ձեր հետևից, որովհետև նախընտրել եք որևէ կազմակերպություն, այլ հակառակը՝ գնում եք գումարի հետևից։ Կամ որոշում եք ստորագրել համապատասխան ձևաթուղթը, հրաժարվելով պետական պատվերից, ու վճարել, և կան նման բազմաթիվ դեպքեր», – ասաց Ծաղիկ Վարդանյանը։


Ռիսկայի՞ն է արդյոք պետպատվերի սահմանաչափի չեղարկումը


Միգուցե՞ կառավարությունը չի կարող գնալ անկանխատեսելի ռիսկերի՝ վերացնելով առողջապահական բյուջետային սահմանափակումները։ Չէ՞ որ առողջապահության բյուջեն անսահմանափակ չէ, և կարող է պահանջարկը գերազանցել առաջարկը։ Պատասխանելով այս հարցին, Ծաղիկ Վարդանյանը նախ նշեց, որ այդ հարցի համալիր լուծումը բժշկական ապահովագրության ներդրումն է, ուղղակի դա պետք է ճիշտ անել։


Այնուհետև բերեց այն հատուկ ծրագրերի օրինակը, որոնց իրականացման տրամաբանությունը փոխվել է ընդամենը երեք տարի առաջ՝ 2020 թվականին։


«2020թ․ որոշեցինք հետզհետե հանել բյուջետային սահմանափակումները՝ հետևելով հիվանդների և ֆինանսների հոսքերին։ Տեսնել՝ ինչքանո՞վ է դա հնարավոր այսօրվա իրականության մեջ, բազմակոմպոնենտ, բազմաշերտ համակարգում, ինչպիսին առողջապահության համակարգն է։ Որոշվեց երեք ծրագրերում հանել բյուջեի սահմանափակումը», – ասաց նա։


Այդ երեք ծրագրերն են՝ զինծառայողների ընտանիքի անդամների և նրանց հավասարեցված անձանց բուժօգնության և բուժսպասարկման, ծննդօգնության, և սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատության (Stent for Life) ծառայությունները։


«Հաշվարկներ էինք արել, վերջին երեք տարիները վերլուծել էինք, մի քանի անգամ գնացել ենք ֆինանսների նախարարություն, որովհետև այնտեղ դեմ էին, ասում էին. սա գնման պրոցես է, սահմանաչափ պետք է լինի։ Ստացվեց», – ասաց նա, հավելելով, որ ամենակարևորն այստեղ վերահսկողության մեխանիզմն էր։


Ըստ մասնագետի, ամենառիսկային խումբը զինծառայողների ընտանիքի անդամների և նրանց հավասարեցված անձանց խումբն էր, որն ընդգրկում է մոտ 450 հազար շահառու։ Իրականացվել է ամենամսյա մոնիտորինգ, որը ցույց է տվել, որ դիմելիությունը այս խմբում չի գերազանցել 7-8%–ը։


«Եվ այնքան լարվածությունը հանգստացավ, որ կազմակերպությունները գիտեին, որ ծրագիրը անելու են և փողը ստանալու են։ Իհարկե, գումարը բյուջեի անսահմանափակ չէր, ինչ–որ մի հատ գումար դրված էր այդ հաշվարկների հիման վրա՝ մեծ գումար, վերևի գումար։ Բայց այն չէր բաժանած կազմակերպությունների միջև։ Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ բյուջեի 90 տոկոսը սպառելուց հետո, այսինքն՝ կարմիր գոտի մտնելուց հետո պետք է սկսել հերթագրել։ Բայց այդպիսի դեպք 2020-2023թթ. չի եղել», – ասաց Ծաղիկ Վարդանյանը։ Նա կարծում է, որ այս հաջողված փորձի հիման վրա կարելի էր ավելացնել ծրագրերի քանակը, բայց առայժմ այդ ցանկին ավելացել է միայն դիալիզի ծառայությունը։


Նաև, ըստ նրա, 2023 թվականի հաջողություններից կարելի է համարել առաջնային օղակի per capita ֆինանսավորումը, երբ որ բուժհաստատությունը գումարը ստանում է ըստ հավաքագրած բնակչության, և դա ևս հանրային օֆերտայի պայմանագիր է։ Բայց մնացած պետպատվերը առայժմ տրամադրվում է ավանդական եղանակով, և հենց այս պահին բուժհաստատությունները նույն սկզբունքով պայմանագրեր են կնքում նախարարության հետ հաջորդ տարվա համար, եզրափակեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր