Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

31 դեկ 2016 16:44

Երբ բերդի ներսից պարիսպը բացել ցանկացողներ կան՝ պատերի վրա նետաձիգներն օգուտ տալ չեն կարող. Հարցազրույց Հայկ Մարտիրոսյանի հետ

Hayacq.com-ի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ
 
-Ամփոփենք 2016թ-ը, ինչպե՞ս կգնահատեք այն:
-Անհաջող և ողբերգական տարի էր: Եղավ պատերազմի ապրիլյան փուլ, ունեցանք հարյուրից ավելի զոհեր, ազատագրված տարածքներ կորցրեցինք, հայտնվեցինք արտաքին աննախադեպ ճնշումների տակ, բախվեցինք պարտվողական և հող-հանձնողական խայտառակ գաղափարներին: Ամռանը եղան այլ զոհեր՝ արդեն Երևանի կենտրոնում և երեսունից ավելի մարդ գնաց երկար ժամանակով բանտերում նստելու: Հետո, տարեվերջին, Հայաստանի առաջին նախագահը նորից ասաց այն, ինչ թվում էր վաղուց գերեզման էր գնացել: Եվ պարզվեց, որ դավաճանների մի ստվար զանգված կա այնուամենայինիվ նրա հետևում: Սարսափելի տարի էր, վատ տարի և դա նշան էր, որ հաջորդ տարին կարող է էլ ավելի վատը լինել:

-Տարվա ընթացքում ունեցանք մի քանի լուրջ գործընթացներ՝ ապրիլյան պատերազմ, «Սասնա Ծռերի» գործողություն: Ինչ հետևություն պետք է արվի այս ամենից:
-Հետևությունները հետևյալն են: Հայաստանի այսօրվա ամենամեծ սպառնալիքը բխում է ներսից՝ Երևանից: Պետք է հասկանալ դա և ապա միայն պայքարել արտաքին թշնամիների դեմ: Երբ բերդի ներսից պարիսպը բացել ցանկացողներ կան՝ պատերի վրա նետաձիգներն օգուտ տալ չեն կարող: Դա է այսօր ամենակարևոր հետևությունը, որ պետք է անել:

-Արտաքին քաղաքական առումով ի՞նչ բացթողումներ և ձեռքբերումներ ենք ունեցել:
Առանձին բացթողումներ չկան, ողջ քաղաքականությունն է բացթողում: Որևէ ձեռքբերում չկա: Ի՞նչ ձեռքբերման մասին կարող է լինել խոսքը: Միակ ձեռքբերումն այն է, որ Ադրբեջանը չի ընդառաջում Հայաստանի սիրահոժար առաջարկին՝ Արցախի ճանաչման դիմաց ստանալ հայկական պատմական կարևորագույն տարածքներ:

-Արցախի հարցի հետ կապված առաջնահերթություններն որո՞նք են, որ պետք է ավելի հետևողական լինենք:
-Նախ՝ գաղափարական դաշտում. պետք է հասկանալ, որ չի կարելի որևէ սանտիմետր հող զիջել: Դա դավաճանություն է, որ կարճ հեռանկարում կհանգեցնի Երևանի զիջմանը: Երկրորդ՝ պետք է հրաժարվել արցախյան հարցի լուծման սին թեզերից: Ազգերի ինքնորոշումը Արցախի խնդրում թույլ և պարտություն երաշխավորող դոգմա է: Պետք է այն դիտարկել տարածքային ամբողջականության համատեքստու, այսինքն, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, որի անքակտելի մասն է Մեծ Արցախը՝ ոչ միայն ԼՂԻՄ-ը: Պետք է հրաժարվել Արցախի անկախության անարժեք գաղափարից և այն միավորել Հայաստանի Հանրապետությանը: Պետք է դասեր քաղել վերջին օրերի Իսրայելի պահվածքից, արժանապատվություն, հայրենասիրություն և տոկուն խելք սովորել իսրայելցիներից, ոչ թե ուղիներ փնտրել առավել հեշտ կառափնարան բարձրանալու համար: Պետք է նոր մոտեցումներ որդեգրել և վերջապես, ազգային ուղի բռնել: Իհարկե անհույս բաներ են սրանք այսօրվա իրականությունում: Առկա քաղաքական գծի պայմաններում որևէ առաջընթաց՝ բացի առաջընթացից դեպի մահ՝ չի կարող լինել: Ցավոք:

-Առաջիկայում նախընտրական գործընթացներ են սկսվելու, ըստ Ձեզ ի՞նչ հնարավոր գործընթացներ կծավալվեն:
-Չգիտեմ: Կեղտոտ պրոցեսներ, կեղտոտ խաղեր, կեղտոտ ընտրություններ: Առաջիկայում Հայաստանը վերածվելու է պարտիական պլուտոկրատիայի: Այդ ճանապարհին, միայն տեսականորեն ֆորս մաժորները կարող են անկանխատեսելի լինել: Մնացածը կանխատեսելի է:

-Ձեր ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին:
-Ամանորյա մաղթանքս հետևյալն է. թող գոնե այս տարի այս ժողովուրդը փոփոխություններ ունենա և վերնախավի ապազգային մոտեցումները՝ վերնախավի հետ միասին փոխվելով, թող տեղի տան ազգային մոտեցումներին: Դա էլ, սակայն, ցանկություն է զուտ: Ամանորյա բազում չիրականացող ցանկությունների պես մի մաղթանք: Եվս մի մաղթանք. մաղթում եմ, որ հասարակությունը սովորի վատ կանխատեսումներ և ոչ ականջալուր վերլուծություններ լսել: Այն ինչ հաճելի չէ՝ ատում են և դժգոհում, որ տխուր հեռանկար է պատկերվում: Բայց դա իրականությունն է: Եվ քանի դեռ մարդիկ ուզում են խաբվել, որովհետև հաճելի է՝ նրանք խաբվելու են: Խաբվելու են, որովհետև իրենք են այդպես ցանկացել: Մաղթում եմ մեզ բոլորիս իրատեսություն, որովհետև միայն այդ պայմաններում է հնարավոր իրական վտանգներին դիմագրավել: Գեղեցիկ, բայց դատարկ խոսքերը բթացնում են ժողովրդին: Տհաճ ճշմարտությունը ամեն դեպքում առավել գերադասելի է: Իմաստնություն եմ մաղթում բոլորիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր