Хотели как лучше, получилось как всегда.Նիկոլ Փաշինյան
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկվում է դատախազների, քննիչների կենսաթոշակի հարցը։
Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ թե առաջին, թե 2-րդ ընթերցմամբ դեմ են քվեարկելու այս նախագծին. «Օրինակ` դատական համակարգում կոռուպցիան չի պակասել։ Առաջիկայում մեր խմբակցությունը վերանայելու է նման բարձր թոշակ նշանակելու իմաստը։ Ակադեմիկոսը այսօր 100 հազար դրամ հավելավճար է ստանում, մինչդեռ դատավորը` 800 հազար դրամ»:
Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ ընդամենը մի լրացում է արվել, որը կարելի է վերնագրել` Хотели как лучше, получилось как всегда։
Պատկերացրեք դատախազությունում կա միայն երկու դատախազ, երկուսի 20 տարվա ստաժն էլ լրանում է 2017թ.։ Նրանցից մեկը 423 հազար, իսկ մյուսը` 227 հազար դրամ կենսաթոշակ է ստանալու, ո՞րն է նրանց տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ բարձր կենսաթոշակ ստացողը դատախազություն է եկել Քննչական կոմիտեից։ Ստացվում է` բոլոր քննիչները հավասար են, իսկ ՔԿ քննիչներն` ավելի հավասար։ Երբ ՀՀ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր, այդ ժամանակ Դատախազությունն էր լավ վիճակում, հիմա էլ` ՔԿ-ն։ Մենք դեմք ենք քվեարկելու»։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում ընդգծեց` բովանդակային ու անձնական դաշտ են մտնում քննարկումները. «Ոչ մեկին արտոնություն չի տրվում, ընդամենը աշխատելու ժամանակն է երկարաձգվում։ Ես հրապարակային ներողություն կխնդրեմ Հանրապետության հրապարակից, եթե այս նախագիծը ուղղված է անհատական որեւէ քննիչի։ Կարգավիճակը երբեք չի փոխվել անձով պայմանավորված, մանավանդ ոչ մեկը չի կարող ցույց տալ համակարգային տարբերությունները»։
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր հերթին փորձեց պարզաբանել` որտեղից է գալիս այս խառնաշփոթը. «Գործընկերոջս դրդվածության պատճառը չեմ հասկանում։ Շատ ու քիչ կենսաթոշակ չկա, դուք պատգամավոր եք, դուք օրենսդրական փոփոխություններ արեք, դուք դրա համար եք»:
Նախագիծը դրվեց քվեարկության, սակայն Ելք դաշինքը պահանջեց վերականգնել լուսատախտակի պատկերը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ վերին շարքում երկու բացակա կա, սակայն կա լրիվ քվեարկություն. «7 հոգի է նստած, 8 հոգու փոխարեն է քվեարկած»: Ի դեպ, բացակա պատգամավորի աթոռը տեղակայված էր Նահապետ Գեւորգյանի եւ Արկադի Համբարձումյանի մեջտեղում։ Ստացվում է` նրանցից մեկնումեկն է քվեարկել։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` եթե դժգոհություններ ունեն, կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով։
Վերաքվեարկություն տեղի ունեցավ։
Նախագիծն անցավ 61 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։