Երկրի բյուջեն լցնել հիվանդների, կարիքավորների հաշվին ճիշտ չէ
Հայացք մամուլի ակումբում Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ
Սամվել Զաքարյանը խոսեց կառավարության մերժումը դեղերի վրայից ԱԱՀ-ն հանելու պահանջի, դեղագործության ոլորտում առկա խնդիրների մասին;
Սամվել Զաքարյանը իր մտահոգությունը ներկայացրեց
դեղերի վրա ավելացված արժեքի հարկի վճարումը վերացնելուց ՀՀ կառավարության հրաժարվելու կապակցությամբ. «Հայաստանում մինչև 2005 թ-ը դեղորայքի վրա չի եղել ԱԱՀ: Հարկումը ներդրվեց այն նպատակով, որպեսզի դրա արդյունքում ձևավորված գումարն ուղարկվի հատուկ հիմնադրամին, որտեղից այդ գումարը նախատեսված էր ուղղել առողջապահության խնդիրների լուծմանը: Ինչպես տեսնում ենք, ԱԱՀ-ն ներդրվեց, բայց հիմնադրամի մասին այդպես
էլ մոռացվեց: Արդյունքում Հայաստանում դեղերի գները
2-3 անգամ ավելի թանկ են, քան Ռուսաստանում, էլ չասած հարևան Վրաստանի մասին: Սոցիալական պետությունը դեղերի վրա իրավունք չունի պահպանել
20% ԱԱՀ-ն, ինչպես նաև երկրի բյուջեն լցնել հիվանդների,
կարիքավորների հաշվին ճիշտ չէ», -ասաց նա:
Ըստ Սամվել Զաքարյանի, պետության
համար տնտեսական արդյունքն այս հարկատեսակից այնքան էլ էական չէ, բյուջեն տարեկան կտրվածքով
կորցնում է մոտ 20 մլն դոլար, մինչդեռ, սոցիալական արդյունքը հսկայական է:
Իսկ կառավարության այն հիմնավորումը, որ եթե դեղերի
արժեքից հանվի ԱԱՀ-ն, ապա չի նշանակում, որ դեղատներն անմիջապես և համարժեքորեն կիջեցնեն
գները, նա դիլետանտություն է համարում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն չտվեց «Ելք» դաշինքի նախաձեռնությանը, դեղերի վրայից ԱԱՀ-ն վերացնելու վերաբերյալ:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկված արտոնությունը նպատակային չէ, քանի որ դրանից կարող են օգտվել ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ մնացած բնակչությունը:
Իսկ կառավարության եզրակացության մեջ ասված է, որ այս քայլը ոչ միայն չի ապահովի առաջադրված խնդիրների կատարումը, այլ նաև ալդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին կընձեռի գերշահույթ ստանալու հնարավորություն: