Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես. Լալա Մնացականյան
Տիկի՛ն Մնացականյան, նախընտրական շրջան է Հայաստանում, հասարակությունը կողմնորոշվա՞ծ է, թե ի՛նչ ընտրություն է անելու՝ հաշվի առնելով այն, որ մեծ թվով ուժեր են մասնակցում ընտրություններին:
- Շատ ուժեր են մասնակցում ընտրություններին՝ որպես ո՞ւժ, թե՞ որպես գլխաքանակ: Այստեղ կողմնորոշվելու հարց չկա, ես չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որ կընտրեն այն ռեժիմը, որը մերժել ենք: Ընտրել Հանրապետականին՝ նշանակում է էլի ընտրել Սերժին: Դրա մեջ ի՞նչ կա կողմնորոշվելու: Ամեն դեպքում ես չեմ հանդիպել մի մարդու, որը սթափ ուղեղ ունենա և որոշի հետ դառնալ ու կեղեքողներին, 20 տարի մեր կյանքից խլած մարդկանց ձայն տա:
- ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին:
- Այսինքն՝ դա ի՞նչ լոզունգ է: Իմիջիայլոց, դա բավական անգրագետ լոզունգ է: Այդպիսի արտահայտություն չկա՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր ինձ: Այնտեղ հայերեն իմացությամբ գրագետ մարդ չկա՞ր: Ամեն դեպքում, ես մտածում եմ՝ կգտնվի՞ այդ աստիճանի անինքնասեր մարդ, որ նրանց ընտրի: Այդ ինչքան հոգով ստրուկ պետք է լինես, որ անգամ մտածես դրա մասին:
- Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած ուժով շարունակում է առաջին տեղում լինել այս նախընտրական փուլում: Կան դժգոհություններ, որ նա նախորդ վեց-յոթ ամիսներին չկարողացավ մարդկանց համար շոշափելի զարգացում ապահովել երկրում: Դա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա, մարդկանց ոգևորությունը նո՞ւյնն է, թե՞ նվազել է:
- Գիտեք՝ ոգևորությունը չի կարող միշտ լինել, չես կարող միշտ սիրահարված լինել, գալիս է սիրո էտապը: Դու չես կարող անընդհատ ոգևորված լինել, գալիս է արժևորման փուլը: Ոչ ոք չի հիասթափվել, որովհետև այս ամիսների ընթացքում, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի քայլ, որ կշռադատված և մտածված չլինի և հակասի ինքն իրեն: Ինձ միշտ ասում են. «Բա չե՞ս վախենում, որ հետո վատ կլինի»: Ես ի՞նչ գործ ունեմ «հետո»-ի հետ, ես հիմա եմ ապրում: «Հիմա»-ն թողած՝ «հետո»-ի մասի՞ն մտածեմ: Հիմա նա ինձ վրա թողնում է ազնիվ, ազգը սիրող, կարգին մարդու տպավորություն: Եվ ես չեմ կարծում, որ սխալվելու եմ:
- Իսկ հետո ի՞նչ փուլ պետք է լինի: Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ երկրորդ փուլում պետք է զարգացում ապահովել երկրում:
- Եթե իշխանության են գալիս մարդիկ, որոնք կաշառք չեն վերցնելու, չեն թալանելու, չեն գռփելու, մարդիկ, որոնց առաջ չես նվաստանալու, ստորադասվելու, արժանապատիվ ապրելու ես, էլ մեզ ի՞նչ է մնում՝ արարել, ստեղծել, առաջընթաց ապրել: Պրծանք այդ վիշապից, բայց հիմա էլ նրանից ժառանգություն մնացած մի քանի վիշապիկներ այսպիսի միտք են անընդհատ առաջ քաշում. «Ա՛յ կտեսնեք, ավելի վատ է լինելու, դուք դեռ էդ հին ռեժիմին երանի եք տալու»:
Այնքան հետաքրքիր հոգաբանություն կա, մեկը մի միտք է մեջտեղ բերում, այդ միտքը սկսում է թևածել, շատերը սկսում են կառչել դրանից, և այնքան են ասում, որ կամաց-կամաց կյանք է ստանում: Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում: Բավական է, որ այդ միտքը մեջտեղ գցես, մի քիչ ծամծմես և դա որպես իրականություն ներկայացնես: Մենք այդ բոլոր փուլերն անցել ենք, մեզ պետք չէ այլևս խաբել: Որ չեն ասում՝ բա այս վեց ամսվա ընթացքում ի՞նչ արեց: Ի՞նչ չի արել, օր կա՞, որ այդ մարդը չաշխատի: Այդ մարդն աշխատում է մեզ համար, իսկապես աշխատում է:
- Նա մենա՞կ է աշխատում, որովհետև շատ է քննադատվում նրա կադրային քաղաքականությունը:
Ո՛չ, այդպես չի կարող լինել: Նա միայնակ որ աշխատեր, չէր դիմանա: Նա լավ թիմ էլ ունի, ուրիշ բան, այո՛, կան մարդիկ, որոնց ես էլ չեմ հավանում: Բայց դա չի նշանակում, որ իր թիմը վատն է: Ամենազավեշտալին, որը ես աբսուրդ եմ համարում, հետևյալն է՝ մենք ահավոր կեղտի մեջ էինք թաղված, արդեն կոկորդներիս էր հասել ցեխը, հիմա դուրս ենք գալիս դրանից, դեռ բողոքում էլ ենք: